Ի՞նչ է խոստացել Ադրբեջանը

Ի՞նչ է խոստացել Ադրբեջանը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո հարցազրույց է տվել Ամերիկայի ձայնին, որտեղ ամենաուշագրավը, թերեւս, այն է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ակնարկել է ԱՄՆ նախագահի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու հավանականության մասին: Ինչպես հայտնի է, 1992թ. ԱՄՆ Կնոգրեսն ընդունել է նախկին խորհրդային երկրներին աջակցության մասին օրենք՝ Ադրբեջանի մասով վերապահում անելով, որ ամերիկյան պետական աջակցություն այդ երկրին չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ենթարկված են շրջափակման: Այս կապակցությամբ Ջոն Բոլթոնը հետեւյալ տեսակետն է հնչեցրել. «Այդ դրույթը հաստատել է Կոնգրեսը: Իշխանությաան գործադիր թեւը պարտադիր չէ, որ հավատարիմ մնա նույն քաղաքական գծին եւ մեր սահմանադրության համաձայն, իրականում նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը: Շատ դեպքերում տարբեր նախագահներ դադարեցրել են այդ դրույթի գործողությունը, որպեսզի գնումներ իրականացվեն, եւ մենք մշտապես դիտարկում ենք այդ հնարավորությունը, որպեսզի որոշենք՝ ահնրաժե՞շտ է դա»:



Այս տեսակետը փոխանցող ադրբեջանական լրատվամիջոն իր հրապարակումը [վերնագրել](https://ru.oxu.az/world/281168) է՝ «Բոլթոնն անոնսավորում է 907-րդ ուղղման չեղարկումը», ինչն, անշուշտ, ակնհայտ չափազանցություն է: Մյուս կողմից, սակայն, թեմայի շոշափումն ինքնին վկայում է, որ այդ հարցով քննարկումներ եղել եւ ընթանում են: Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ ամերիկյան օգնությունը հրատապ դիտվի: Պաշտոնական Բաքվի համար կարեւորը հարցի քաղաքական վերանայումն է: Եթե Սպիտակ տան ներկայիս վարչակազմը փոխի Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման հանդեպ մոտեցումները, ապա քաղաքական իմաստով դա կնշանակի, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի թշնամական գործողությունները եւ Հայաստանի շրջափակումը չի դիտում որպես երկկողմ հարաբերությունների խորացման խոչընդոտ: Ընդ որում, հարկ է նկատել, որ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած ուղղումը միակ քաղաքական վերաբերմունքն է, որով ԼՂ հակամարտության մեջ Ադրբեջանը փաստացի ճանաչվում է նախահարձակ կողմ: Պաշտոնական Բաքվին պետք է շրջանառությունից հանել կամ առնվազն անուշադրության մատնել ԱՄՆ օրենսդիրների կողմից իրականության նման ճիշտ եւ միանշանակորեն արդարացի գնահատումը:



Ջոն Բոլթոնի մեկնաբանությունից հասկացվում է, որ այդ հարցում Թրամփի վարչակազմը դեռեւս ուսումնասիրություններ եւ վերլուծություններ է անում: Գնդակն, ինչպես կարելի է ենթադրել, Ադրբեջանի դաշտում է, եւ հարցը՝ կչեղարկվի՞ 907-րդ ուղղումը, թե՞ ոչ, կախված է Բաքվի դիրքորոշումից: Բոլթոնի հետ բանակցություններում Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնին ինչ-որ խոստում տվե՞լ է: Ամերիկացի պաշտոնյան շատ դելիկատ ձեւով է անդրադարձել Ալիեւի հետ Իրանի հարցի քննարկմանը՝ ասելով, թե պետք է այնպես անել, որպեսզի եւ պատժամիջոցները գործեն ու խստացվեն, եւ ադրբեջանական կողմը դրանից չտուժի: Ըստ երեւույթին, հենց այս իրավիճակի հնարավոր իրացումից եւ դրանում Ադրբեջանի հավանական դերակատարությունից էլ կախված է լինելու՝ Սպիտակ տունը կհաղթահարի՞ Կոնգրեսի արգելքը եւ պետական ուղղակի աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, թե ամեն ինչ կմնա առկա՞խ: