Դեպքերն ու դեմքերը Էջմիածնի համայնքապետի ընտրություններում

Դեպքերն ու դեմքերը Էջմիածնի համայնքապետի ընտրություններում
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում անցկացվեցին համայնքի ղեկավարի ընտրություններ։ Քաղաքապետի թեկնածուների քանակով Էջմիածինը առաջին տեղում էր․ առաջադրվել էր 12 թեկնածու՝ «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ-ի տնօրենն և փաստաբան Վարդան Առաքելյանը, անհատ ձեռնարկատեր Գարի Բաղրամյանը, «Վասպուրական-238» ՍՊԸ-ում գլխավոր խորհրդականի պաշտոն զբաղեցնող Վազրիկ Գրիգորյանը, ով նաև Էջմիածնի փողքաղաքապետ է եղել, իսկ հեղափոխությունից հետո ազատվել պաշտոնից, «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական Վահագն Թադևոսյանը, Էջմիածնի քաղաքապետարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի պետն Սուրեն Թոփալյանը, ֆինանսիստ Սուսաննա Մարգարյանը, Վահե Մովսիսյանը, ով աշխատել է «Յունիբանկ»-ի էջմիածնի մասնաճյուղում որպես մասնաճյուղի կառավարիչ, Սամվել Մուրադյանը, Սուրեն Մուրադյանը, ով Էջմիածնի ավագանու անդամ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սերգեյ Սարգսյանը, փաստաբան Կարեն Ստեփանյանը և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Դիանա Գասպարյանը։



**Սև և սպիտակ քարոզչություններ, կամ ով ում է վատաբանել**



Չնայած թեկնածուների թվին՝ իրական պայքարն անկուսակցական Սուրեն Մուրադյանի ու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանի միջև էր։ Վերջիններս նույնիսկ ընտրության օրը «անհասցե քարեր» նետեցին միմյանց վրա՝ պնդելով, որ իրենց նկատմամբ սև քարոզչություն է իրականացվել։ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ իր հաղթանակի պարագայում չի պատրաստվում համագործակցել մյուս թեկնածուների հետ և այլևս պատրաստ չէ «որևէ բարիկադ ապամոնտաժելու», ինչպես ինքը ասաց, «քարոզարշավի օրերին ինքը շատ թեկնածուներից ավելի տղամարդ է պահել իրեն»։ Սուրեն Մուրադյանն էլ իր հերթին նշեց, որ Դիանա Գասպարյանին չի ընկալում որպես իր հակառակորդ, և իրենք հայտարարություն կանեն սև քարոզչության մասին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ լռության օրով Մուրադյանի նախընտրական պաստառների տակ գրություններ էին հայտնվել․ «Ընտրելով Սուրեն Մուրադյանին՝ ընտրում եք Մանվել Գրիգորյանին»։



Սուրեն Մուրադյանը չհերքեց այս լուրը՝ ասելով, որ կմանրամասնեն իրենց հայտարարության մեջ։ Նշենք նաև, որ ընտրությունների օրով Էջմիածին էր եկել հանրությանը քաջ հայտնի ՀՀԿ տատիկը, ով հանգրվանել էր հենց Սուրեն Մուրադյանի շտաբի առջև, սակայն նրան այնտեղից հայհոյելով հեռացրին՝ ասելով, որ իշխանությունների ուղարկածն է, որպեսզի վարկաբեկի իրենց անունը։ Սեւ քարոզչության շրջանակում իշխանական թեկնածուի անձնական կյանքին վերաբերող տեսահոլովակներ էին պտտվում քաղաքում։ Լավ է՝ գոնե համացանցում չտեղադրվեցին դրանք։ Հավանաբար գիտակցեցին, որ բոլոր թույլատրելի սահմանների գերազանցում կնշանակի դա։



**Մի քանի ընտրախախտում եւ «Հանձնաժողով- դիտորդ- վստահված անձ» եռանկյունին**



Էջմիածնում ամենապրոբլեմատիկը թիվ 14/11 ընտրատեղամասն էր։ Այստեղ արձանագրվեցինք մի քանի խախտումներ։ Նախ չհրկիզվող պահարանը չէր բացվել դիտորդների ներկայությամբ, ապա գրանցվեց ուղղորդման դեպք, երբ հանձնաժողովի անդամը մատով ցույց տվեց կոնկրետ թեկնածուի անունը, իսկ հետո էլ ասաց, թե քվեարկության եկած կինը թեկնածուի մայրն էր և հարցնում էր, թե որ համարի ներքո է իր որդին։ Հանձնաժողովի նախագահն էլ հրաժարվում էր խախտումը գրանցել, թե՝ «բա մորը ցույց չտա՞ր որդու տեղը»։ Նույն ընտրատեղամասում հետո նաև գրանցվեց քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպք։ Իմիջիայլոց, Դիանա Գասպարյանը ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր տեղեկություններով 2 հոգի բերման են եթարկվել ընտրախախտում կատարելու համար։ Դիանա Գասպարյանի այս հայտարարությունը ճշտեցինք՝ այցելելով Ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղից հերքեցին քաղաքապետի ԺՊ-ի հայտարարությունը։



Թեև ընտրական պրոցեսը Էջմիածնում կարելի է հանդարտ որակել, բայց անուամենայնիվ վերոնշյալ եռանկյունին կազմող ուժերի բախումների ականատեսը եղանք մի քանի ընտրատեղամասերում։ Մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահները դժվարությամբ էին արձանագրում դիտորդների ու վստահված անձանց նկատած խախտումները՝ երբեմն բերելով անհիմն ու ծիծաղելի արդարացումներ, թե ամուսինն է, կամ լավ չի տեսնում, կամ մի քանի րոպեով է մտել ընտրատեղամաս։ Ականատես եղանք նաև դիտորդների չափից առավել «խանդավառությանը»․ երբ, ցուցադրելով ԿԸՀ վկայականը, գրանցվեցինք ընտրատեղամասում, դիտորդներից մեկը սկսեց անձնագիր պահանջել, սակայն շուտով նահանջեց, երբ բացատրեցինք իր լիազորությունների շրջանակը։



**Մի քանի միտք քաղաքապետ ընտրվելուց առաջ**



Էջմիածնում հաղթեց հեղափոխությունը ներկացանող «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանը։ Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո զրուցեց լրագրողների հետ և պատասխանելով մեր հարցերին՝ մի քանի ուշագրավ մտքեր արտահայտեց։ Չի՞ մտահոգվում Գասպարյանը, որ կարող են ասել, թե Նիկոլ Փաշինյանի հեղինակության հաշվին է հաղթել․ «Ինձ հետ կապված այնքան հետաքրքիր զրույցներ կան, այնպես որ այս մեկն էլ թող ասեն, որևէ խնդիր չկա։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ վարչապետի վարկանիշը, խարիզման և հեղինակությունը Հայաստանում, իհարկե, մեծ դեր խաղում են, և որևէ թեկնածու, անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող զերծ մնալ ընտրողների վրա այդ ազդեցությունից։ Սակայն, ես երբ եղել եմ պաշտոնակատար, փորձել եմ իմ աշխատանքով ապացուցել, որ արժանի եմ»։ Կայի՞ն հակահեղափոխականներ՝ «սեւեր» Դիանա Գասպարյանի մրցակիցների մեջ․ «Ես մի առիթով նշել եմ, որ հակահեղափոխականությունը Էջմիածնում մի փոքր այլ բնույթ է կրում։ Այստեղ խոսքը ոչ այնքան քաղաքական իմաստով հակահեղափոխականության մասին է, որքան անարժան մեկին քաղաքը բաժին հասնելու կամ արատավոր որոշակի բարքերի հաստատման իմաստով, կամ էլ դեմքերի, բայց ոչ բովանդակության փոփոխության իմաստով։ Եվ եթե քաղաքը կամ համայնքը չի սատարում հեղափոխության թեկնածուին, ապա միգուցե հակահեղափոխության վտանգը այդ իմաստով կարելի է մեկնաբանել»։



Կա՞ն Էջմիածնում օլիգարխներ․ «Բարդ հարց եք տալիս։ Նախ օլիգարխի սահմանումը բարդ է, նաև հակասական, դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, բայց ես կարծում եմ, որ չկան»։ Օրը Էջմիածնի համար պատմակա՞ն էր․ «Այս օրերի ընթացքում մեր քաղաքը առաջին անգամ տեսավ նախընտրական քարոզչություն, փողոցով շրջող թեկնածուներ, բարձրախոսով խոսող մարդիկ։ Դա Էջմիածնի համար նոր երևույթ էր։ Պատմական օր կարող է լինել Էջմիածնի համար, երբ արդյունքներն ամփոփվի, ու Էջմիածինը առաջին անգամ ունենա կին քաղաքապետ»։