Հայտարարեք մրցույթ, թե ով կարող է գազը սպառողին հասցնել ոչ թե 300, այլ 200 դոլարով

Հայտարարեք մրցույթ, թե ով կարող է գազը սպառողին հասցնել ոչ թե 300, այլ 200 դոլարով
Ազգային ժողովում մեկնարկել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հարցը քննող հանձնաժողովի նիստը։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը օրենքի ուժով ստեղծվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջարկով՝ համապատասխան պատգամավորների ստորագրությամբ։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք քայլ-քայլ անցնելու են սահմանից մինչև վերջնական սպառող, և տեսնելու են՝ որտեղ կան տեխնոլոգիական կորուստներ և այլն։



Մելքումյանն առաջարկեց խմբերի բաժանել և ուսումնասիրել գինն ու որակն առանձին։ «Մեզ սակագնի հիմնավորվածության հարցը քննելու առումով պետք է լինելու ամբողջ ծախսերի շղթաներն ուսումնասիրել։ Եվ երկրորդը, էդ նույն խմբում լինի նաև ծառայությունների մատուցման իրավապայմանագրերի և որակական խնդիրը»,-ասաց Մելքումյանը։ ԲՀԿ-ական պատգամավորը նաև նկատեց, որ ժամանակն է, որ Հայաստանում վերացվի գազամատակարարման մենաշնորհը։



«Ճիշտ է, անունը, բնական մենաշնորհ է, բայց ամբողջ աշխարհում էլ պրակտիկա կա, որ դեպի սպառողը ճյուղավորման ժամանակ բնական մենաշնորհային ցանցերն ազատականացվեն։ Դու սահմանի վրա բերե՞լ ես 150 դոլար՝ 1000 խմ-ը։ Կոնդ գյուղի հաշվիչը դրած ա, որտեղից որ մտնում ա Հայաստան։ Խնդրեմ, ասա հայտարարեք մրցույթ, պայմանական եմ ասում, թե ով կարող է վերջնական սպառողին հասցնել ոչ թե 300, այլ՝ 200 դոլարով։ Միգուցե կան կազմակերպություններ, որ կարող են դա կազմակերպել»,-ասաց Մելքումյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**