«Վիքիլիքսի» հիմնադրի համար վարքագծի նոր կանոններ են մշակվել

«Վիքիլիքսի» հիմնադրի  համար վարքագծի նոր կանոններ են մշակվել
Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանությունը պատրաստել է իր մոտ ապաստանած «Վիքիլիկս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար դեպանատանը մնալու ընթացքում պարտադիր կիրառման ենթակա վարքագծի նոր կանոններ։ Այս մասին հայտնում է Codigo Vidrio-ն։ Այդ կանոնների ընդհանուր ծավալը կազմում է 10 էջ։ Կանոնները կարգավորում են Ասանժի պահվածքը դեսպանատանը, բուժօգնության ստացումը, կենցաղային մնացած հարցերի կազմակերպումը, ինչպես նաեւ շփումն արտաքին աշխարհի հետ։ Կանոնները նախատեսում են նաեւ Ասանժի մոտ այցելությունների հնարավորություն։ Այսպես այցելությունը նախապես պետք է ողջամիտ ժամկետում իրազեկվի դեսպանատանը էլեկտրոնային փոստի միջոցով, ընդ որում, դեսպանատունը իրավասու է ինչպես բավարարել տեսակցության հայցը, այնպես էլ մերժել։ Զանգեր կատարել կամ համացանցից օգտվել Ասանժը կարող է միայն դեսպանատան «վայ ֆայ» կապի միջոցով։ Օրական Ասանժին կարող է այցելել մինչեւ երեք հյուր։ Ասանժին արգելված է քաղաքական հայտարարություններով հանդես գալը, որոնք կարող են գնահատվել որպես այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փորձ։ Նշենք, որ կանոնների խախտումը ենթադրում է զրկել նրան ապաստարանից։ Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնի էկվադորյան դեսպանատանն է սկսած 2012 թվականից։ Կան խոսակցություններ, որ հնարավոր է նրան շնորհվի դիվանագետի աստիճան եւ ուղարկվի Ռուսաստան։