Ես էդ էյֆորիայի ֆոնը չեմ զգում, անկեղծ ասած

Ես էդ էյֆորիայի ֆոնը չեմ զգում, անկեղծ ասած
Առողջապահության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանին հարցրինք՝ գործող Ազգային ժողովն իրեն՝ որպես նախարար, խանգարո՞ւմ է, օրինակ՝ իր բերած օրինագծերը քննարկելու և անցկացնելու հարցում։



«Ես, ճիշտն ասած, հարցը էդպես չէի դնի, որովհետև խանգարել-չխանգարելը մի քիչ հարաբերական է, բայց Ազգային ժողովը ներկայացուցչական, ամենաբարձրադիր իշխանության մարմինն է և պետք է արտացոլի ժողովրդի կամքը, այսինքն՝ ընտրողների կամքը։ Իսկ մենք գիտենք, որ հիմա դա այդպես չէ, և դա պետք է ուղղվի առավելագույնս արագ ժամանակում, և ներկայացված ուժերի վերադասավորությունը լինի իրական»,-**Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը։



**-Այդ դեպքում ինչո՞ւ ավելի շուտ չարեցիք ընտրությունները՝ մայիսի 8-ին վարչապետի ընտրություններից անմիջապես հետո լծվեիք այդ գործին, արդյոք դեկտեմբերը լավագույն ամի՞սն է ընտրությունների անցկացման համար։**



-Դրա մասին բազմիցս խոսվել է, ընթացքում նաև մեր մոտեցումներում վերանայումներ են եղել, այդ թվում՝ հաշվի առնելով այս պահին Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժի վարքագիծը։



**-Այսինքն՝ հակահեղափոխության վտա՞նգն էր, որ արագացրեց այդ պրոցեսը։**



-Դա կարող ենք անվանել հակահեղափոխություն կամ ռևանշիզմ, ինչևէ, այդ մտահոգությունը նաև արագացրեց այս պրոցեսները։



**-Բայց արդյոք դա բխո՞ւմ է ժողովրդի շահերից, վարչապետը պնդում է, թե ժողովուրդը պահանջում է դեկտեմբերին, բայց ես չեմ հիշում, որ ժողովուրդը ելներ և պահանջեր, որ դեկտեմբերին է ուզում։ Եթե վարչապետը գլխի չգցեր, դժվար թե ժողովուրդը նման բան «պահանջեր»։**



-Ժողովուրդը, ինձ թվում է, էդ պահանջը կապիտալացրեց նաև Երևանի ընտրություններով, և ասում եմ՝ Ազգային ժողովը պետք է լինի ներկայացուցչական, ոչ թե այնպես, ինչպես հիմա ունենք։ Ժամկետների առումով քաղաքականությունը դինամիկ պրոցես է, և թե՛ ուժերի մոտիվներն են փոխվում ժամանակի ընթացքում, և թե՛ այդ մոտիվների արդյունքում գործողությունները։ Ես կարծում եմ, որ հիմա կայացված որոշումները ճշգրիտ են և պետք է արագ իրագործվեն։



**-Տեսակետ կա, որ վարչապետն իր նեղ անձնական ամբիցիաներից, շահերից ելնելով, իշխանությունը կորցնելու և իր անձի հանդեպ հավանական վտանգը կանխազգալով է փորձում նման քայլի գնալ՝ ժողովրդին իրեն վահան դարձնելով։**



-Իհարկե, ոչ, ես կարող եմ իմ անունից ասել, որ մենք իշխանության մաս ենք կազմում ընդամենը երկրում դրական փոփոխություններ անելու համար և ոչ թե ինչ-որ բան գտնելու կամ կորցնելու։ Մեզ այլ բան կառավարությունում չի պահում պարզապես։



**-Բայց պարզ է, չէ՞, որ իշխանությունը կորցնելով՝ դուք շատ բան կարող եք կորցնել, և այն քրեական գործերը, որոնք այսօր հարուցվում են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, շատ հնարավոր է՝ դրանք հետո ձեր դեմ շրջվեն։**



-Ինձ թվում է՝ մենք չենք կորցնի, այլ կկորցնի երկիրը, եթե այս դրական փոփոխությունները ինչ-որ մի պահի կանգնեն։ Դրանք պետք է շարունակական լինեն, իսկ շարունակական լինելու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։



**-Ըստ Ձեզ՝ էյֆորիայի ֆոնին արդյունավետ կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։**



-Ես էդ էյֆորիայի ֆոնը չեմ զգում, անկեղծ ասած, ի՞նչ ասել է էյֆորիա։



**-Մենք զգում ենք, օրինակ՝ Ֆեյսբուքում տեղ գտած քոմենթներով, ԱԺ-ն պաշարած ժողովրդի արձագանքներով ու հայհոյանքներով, ոգևորությամբ, վարչապետին աստվածացնելով։**



-Ես, ճիշտն ասած, էդ տերմինները՝ պաշարել, էյֆորիա, աստվածացնել, մի քիչ տեղին չեմ համարում, որովհետև եթե ժողովուրդն իրեն՝ որպես ներկայացուցիչ, էս պահին տեսնում է Նիկոլ Փաշինյանին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի, դա ընդամենը ժողովրդի կամարտահայտությունն է, և կարող է ժամանակի ընթացքում փոխվել, ինչին որ մենք պատրաստ ենք, և ուզում ենք նման երկիր ունենալ, որ ժողովուրդն ինքը որոշի իր իշխանությանը և կառավարությանը, և հանրավորություն ունենա փոփոխելու։



**-Այդ փոփոխության վտանգն է հենց ստիպում նման քայլի գնալ, որ այդ էյֆորիան կմարի, վերաբերմունքը կփոխվի ձեր հանդեպ, դրա համար էլ ուզում են օր առաջ նոր ընտրություններ անցկացնել։**



-Ես նորից եմ ասում՝ էդ էյֆորիա ասվածը, էդ ոգևորությունը ճիշտ չեմ համարում քաղաքական պրոցեսների վրա ազդեցության առումով, որովհետև խնդիրն այստեղ պարզապես ժողովրդի ընտրության իրավունքն իրացնելն է, որից նա զրկված է եղել մինչ օրս տարբեր պատճառներով՝ խախտված ընտրություններ, ընտրակաշառք և այլն։



**-Մայիսին թող իրացնի այդ իրավունքը։**



-Ես ասում եմ՝ քաղաքականությունը դինամիկ պրոցես է, և որոշումները պարբերաբար փոխվում են՝ հաշվի առնելով տարբեր ուժերի, գործոնների ազդեցությունը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**