Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն այլընտրանք այս պահին ես չեմ տեսնում. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն այլընտրանք այս պահին ես չեմ տեսնում. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)
 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը դեմ չէ Նիկոլ Փաշինյանին դեմ թեկնածու չներկայացնելուն, քանզի կարծում է, որ պետք չէ այսօր գնալ իրադարձությունների սրացման։ Բայց նաև ճիշտ չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դեկտեմբերին անցկացմանը, քանզի դրանում էլ վտանգներ է տեսնում։



«Իրականում անսովոր իրավիճակ է ստեղծել ոչ թե Ազգային ժողովում, այլ Հայաստանի Հանրապետությունում։ Իրավիակի անսովորությունը կայանում է հենց նրանում, որ մենք այսօր ունենք լեգալ, բայց ոչ լեգիտիմ խորհրդարան։ Խորհրդարանն ինքը լեգալ է, բոլորի կողմից ճանաչվել են ընտրության արդյունքները, բայց, այսօրվա դրությամբ, ինքը լեգիտիմ չէ, որովհետև ինքը չի արտահայտում ժողովրդի կարծիքը»,-**Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց Վահան Հարությունյանը։



Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ խմբակցությունից 14 պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ստորագրահավաքին, պարոն Հարությունյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ինչի համար է արվում այդ ստորագրահավաքը, բայց այնտեղ երկու կարևոր կետ կա, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում նշված պատգամավորներն այլ թեկնածուի առաջադրմանը չեն աջակցի, և երկրորդ կարևոր կետը, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբեևին։ Երկրորդ կետի հետ ես այդքան էլ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ, որ դեկտեմբեր ամիսը լավագույն ժամանակն է արտահերթ ընտրություններ կազմակերելու համար։ Ինչ խոսք, Հայաստանում արտահերթ ընտրություններ պետք են, բայց ես չեմ գտնում, ո դեկտեմբեի ամիսը լավագույն ժամանակն է դրա համար, որովհետև, եթե մենք ունենք դեկտեմբերին արտահերթ ընտրություններ, դրանք կանցնեն հետհեղափոխական էյֆորիայի ֆոնի վրա, և մենք կունենանք միակուսակցական Ազգային ժողով, ինչպիսինի դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։



Թե ինչ որոշում կա ՀՀԿ խմբակցությունում, արդյոք կառաջադրե՞ն վարչապետի թեկնածու, Հարությունյանն ասաց, որ նմանատիպ քննարկում չի եղել, բայց եթե լինի նմանատիպ քննարկում, ինքը, բնականաբարկ կարտահայտի իր դեմ կարծիքը։ «Ես գտնում եմ, որ չի կարելի գնալ իրադարձությունների սրացման, անթույլատրելի եմ դա համարում։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն այլընտրանք այս պահին ես չեմ տեսնում։ Դա հանրային պահանջ է, որը ձևավորվել է, և դա ամուր հանրային պահանջ է, դրա դեմ գնալ չի կարելի։ Ես չեմ գտնում, որ ՀՀԿ-ն պետք է առաջադրի վարչապետի թեկնածու։ Համոզված եմ, որ ֆրակցիայում շատերն են ինձ հետ համակարծիք»։



 



Մանրամասն՝ տեսանյութում։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**