Արտահերթ ընտրություններ հին օրենսգրքո՞վ

Արտահերթ ընտրություններ հին օրենսգրքո՞վ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հարցը գրեթե փակված է․ սա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի որոշումն է, որը հաստատվում է քաղաքական գործընթացներով։ Երեկ տարեվերջյան ընտրությունների գաղափարին իրենց աջակցությունը հայտնեցին նաեւ Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, գործարար Արման Սահակյանը։ Խորհրդարանական աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում ունի նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում շքահանդեսի ականատես կլինենք, ու ՀՀԿ-ից զանգվածային արտահոսքն անխուսափելի է լինելու։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի թիմում սկսել են նախապատրաստվել ընտրություններին։ Անցած շաբաթվանից ընտրական տեղամասային հանձնաժողովներից նաեւ զանգահարել են բոլոր այն մասնագետներին, որոնք անցած տարվա պառլամենտի ընտրությունների ժամանակ աշխատել են տեխնիկական սարքավորումների վրա, եւ դեկտեմբերի համար նորից աշխատանք են առաջարկել։



Վարչապետի թիմում, մեր տեղեկություններով, նաեւ ռեյտինգային թեկնածուների փնտրտուք է։ Բանն այն է, որ եթե պլան Ա-ով գործընթացները տապալվեն, այսինքն՝ խորհրդարանը չընդունի նոր իշխանությունների Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, կամ Վենետիկի հանձնաժողովը պարտադրի պահպանել բոլոր ռեկոմենդացիաները, այն է՝ նոր ԸՕ-ի դեպքում ընտրությունները գումարել 12 ամիս հետո, որպեսզի քաղաքական ուժերին պատրաստվելու բավարար ժամանակ տրվի, ապա կգործեն պլան Բ-ով՝ ընտրությունները տեղի կունենան գործող ԸՕ-ով։ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիրներն անխտիր արձանագրեցին, որ գործող օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ նախորդ իշխանություններն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն վերցրին, ու փոփոխությունների նախագծում այդ մոդելը հանված է լինելու։ Գործող ԸՕ-ով երաշխավորվա՞ծ է արդյոք ազատ ընտրությունների անցկացումը, եւ ինչպիսի՞ խորհրդարան է մեզ սպասվում հատկապես ռեյտինգային պայքարի արդյունքում։ Քաղաքական ուժերը տարբեր կերպ են արձագանքում այս հարցադրումներին։



«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով դեռ անցած շաբաթ էր կարծիք հայտնել, որ եթե ընտրությունները դեկտեմբերին լինեն, ապա կլինեն հին օրենսգրքով, երեկ մեզ հետ զրույցում կրկնեց, թե չի պատկերացնում, որ մինչեւ դեկտեմբեր հնարավոր է նոր ԸՕ ունենալ, սակայն, նրա խոսքով, հնով էլ է հնարավոր նորմալ ընտրություններ անցկացնել։ «Մենք միշտ ասել ենք, որ ամենախնդրահարույց դրույթը ռեյտինգային ընտրակարգն է, հետեւաբար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ընտրակարգն ազդեցություն չունենա քաղաքականության վրա, բիզնեսը քաղաքականությունից տարանջատված լինի, եւ օլիգարխները չկարողանան առաջադրվել ու փող բաժանել։ Եթե սա արվի, ապա չեմ կարծում, թե հին օրենսգիրքը կխանգարի լավ խորհրդարան ձեւավորելուն»,- ասաց Մարուքյանը։



ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի կարծիքով, այսօրվա իրադրությունն այնքան անորոշ է, որ պետք է լուրջ վերլուծություն անել՝ այդ հարցին պատասխանելու համար։ «Իսկապես, իրադրությունը շատ ավելի փոխվել է, քան նախկինում էր»,- ասաց ՀՅԴ-ականը։ Ճշտեցինք՝ այսինքն, «իրադրությունը» չի՞ երաշխավորում, որ ռեյտինգային մոդելը քաղաքական պայքարը չի վերածի փողի պայքարի։ «Ես չգիտեմ՝ ռեյտինգային ընտրակարգը որ կուսակցությունն ինչպես է օգտագործելու, ընդհուպ՝ իշխանական։ Տարբեր ուժեր տարբեր են օգտագործելու, եւ, բնականաբար, ամեն ուժ ի շահ իրեն կօգտագործի»,- ասաց Կյուրեղյանը։



«Սկսած ռեյտինգայինից, վերջացրած զինվորականների քվեարկություն՝ ամբողջը խնդիր է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորի դիտարկմամբ, ռեյտինգային ընտրակարգից ոչ պակաս խնդրահարույց է զինվորականների քվեարկությունը․ «Նոր ԸՕ-ում մենք այնպիսի առաջարկ ենք արել, որ զինվորականները զորամասերում քվեարկություն չանեն, որպեսզի սպաները չուղղորդեն նրանց, հիմա եթե հնով է ընտրություն արվելու, ի՞նչ երաշխիք, որ հիմա էլ այդպես չեն քվեարկելու։ Նույնն էլ ռեյտինգային պայքարի դեպքում՝ քաղաքական պայքարի բաղադրիչը նվազում է, թաղամասում առաջադրված թեկնածուին թաղամասում պաշտպանում են՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ելնելով հարգանքից, կենցաղային հարցերում ցուցաբերած օգնությունից եւ այլն»։



Նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի կուսակից Ստեփան Մարգարյանի համոզմամբ՝ խնդիրը հին կամ նոր օրենսգիրքը չէ, այլ ներկա ժամանակաշրջանն ու մթնոլորտը, որի դեպքում բացառապես անձնավորված պայքար է ընթանալու․ «Իսկ ընդհանրապես՝ ընտրությունների ազատ եւ արդար լինելն օրենսգրքերից չէ կախված, այլ՝ կամքից»։ Ստեփան Մարգարյանը կասկած չունի՝ որ օրենսգրքով էլ անցկացվեն դեկտեմբերյան ընտրությունները, կրկնվելու է Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը։ «Մարդիկ անձնավորված են ընտրություն կատարելու, գաղափարների, ծրագրերի պայքար չի լինելու կամ երկրորդ պլան է մղվելու»,- ասաց Մարգարյանը եւ հավելեց՝ մինչդեռ պետության համար շահավետ ընտրություն կլիներ, եթե պայքարն ընթանար ծրագրերի միջեւ․ «Ես չգիտեմ՝ ինչն արագացրեց, որ ընտրությունների ժամկետներն արագացվեին, բայց դրանք պետք է գոնե գարնանն անցկացվեին։ Ե՛վ հասարակության տրամադրությունները կփոխվեին, ե՛ւ քաղաքական ուժերը դուրս կգային այս վիճակից, որովհետեւ շատ վտանգավոր է, որ հասարակությունն ընտրում է այդ սկզբունքներով։ Սա լավ բանի չի տանում, որովհետեւ ընտրողը չի պահանջում, թե քաղաքական ուժն ինչ է անելու, որպեսզի ընտրի, այլ անձերի ընտրություն է»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**