Նախկին քաղաքապետի չարաշահումների կծիկը բացվում է

Նախկին քաղաքապետի չարաշահումների կծիկը բացվում է
Ըստ հավաստի աղբյուրի` Հրազդանի քաղաքապետարանում արտաքին աուդիտը միլիոնների հասնող չարաշահումներ է հայտնաբերել: Միայն հարկային բաժնում հայտնաբերել է վերջին 2 տարում 138մլն. 534 հազար դրամի չարաշահում։ Ստացվում է, որ մարդիկ գույքահարկ են մուծել, սակայն հարկային բաժնի կողմից այն յուրացվել է: Ի դեպ, սա դեռ մեկ բաժնի ստուգումների արդյունքն է, որն առանց քաղաքապետի գիտության հնարավոր չէր յուրացնել: Արտաքին աուդիտի եզրակացությունը քաղաքապետարանը ուղարկել է մարզպետարան: Բացի այս, Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական նախկին բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ-ի տնօրեն՝ Արթուր Վանեցյանի հետ: Նա պնդում է, որ 2016թ.-ին բարձրաձայնել է Հրազդանի քաղաքապետարանում միլիոնների հասնող չարաշահումների մասին, սակայն հանրապետության դատախազը չի ընդունել, իսկ քննչականն էլ գործը կոծկել է.



«Ինչ էին մտածում դատախազությունն ու քննչական կոմիտեն, նրանք ինձ մերժեցին: Մոտակա ժամանակներս կհանդիպեմ վարչապետի հետ եւ պահանջեմ հանդիպում նաեւ ԱԱԾ-ի պետ Վանեցյանի հետ, որից հետո ես լրատվամիջոցներով հանդես կգամ, թե ինչ է կատարվել Հրազդանի քաղաքապետարանում տարիներ շարունակ, թե ինչպե՞ս է հանրապետության դատախազը եւ քննչականը փակել բոլոր ներկայացրած չարաշահումները: Մի քանի փաստեր ես ասեմ՝ բենզինի չարաշահումները, քաղաքապետարանի ավտոմեքենաները գազ են լիցքավորվել, բայց ամսական 700լ բենզին են դուրս գրել: Հստակ կան ապացույցներ, թե մեքենաները որքան գազ են լիցքավորել Դանիելյանի գազալցակայանից: Դանիելյանի փեսան ոչ մի վայրկյան չի աշխատել որպես խորհրդական, բայց գումար է ստացել: Ֆինբաժնից ինձ մոտ են փաստաթղթեր, որ Դանիելյանի մամուլի խոսնակը՝ Ալվինա Զաքարյանը օրերով, ամիսներով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ վճարվել է: Այնինչ Անահիտ Նազարյանը, Սասուն Միքայելյանի հանրահավաքին էր մասնակցել, նրա աշխատավարձից 5000 դրամ պահեցին: Ես պահանջել եմ առերես հարցաքննություն, ինչի՞ չի կատարվել: Այս ամենի մեջ երեք բան կարող է լինել՝ կամ կաշառք են վերցրել, որը հավանական է, կամ հիմար են, ովքեր այդ գործը կոծկել են, կամ վերեւից ընդհուպ Սերժի մակարդակով ցուցում է եղել, կատարել նրա կամքը, չի բացառվում, որ այս երեքն էլ միասին վերցրած լինի»-մեզ հետ զրույցում ասաց Ռադիկ Հարությունյանը:



**Նելլի Կարապետյան**