Արմեն Սարգսյանի փիլիսոփայական ակնարկը՝ սևի ու սպիտակի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի փիլիսոփայական ակնարկը՝ սևի ու սպիտակի մասին (տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայաստանի անկախության տոնի առթիվ նախագահականում պարգևատրեց մի շարք զինվորականների և ոստիկանության ծառայողների։ Պարգևատրումից հետո նա պատասխանեց լրագորղների հարցերին։ Խոսելով ձեռքբերումներից և թերացումներից՝ նախագահն ասաց, որ ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, ունենք նաև բազմաթիվ թերացումներ, որոնք պետք է հետո հաղթահարվեն։



«Բայց այսօր ուրախության օր է։ Այսօր մի օր է, որ բոլորս պետք է ուրախությամբ հիշենք մեծ հաղթանակները։ Մեծ հաղթանակ է հարյուրավոր տարիներ հայրենիք չունենալուց հետո կրկին հայրենիք ունենալ։ Մեծ հաղթանակ է նաև և նշան է ժողովրդի կողմից իր ուժի ցուցադրումը 27 տարի առաջ, այն համբերության, էներգիայի զգացման, ներքին պոռթկումը, որ 1988 թվականից սկսվեց՝ Ղարաբաղյան շարժման ընթացքում։ Այնպես որ, այսօր մեծ ուրախության օր է։ Եվ խոսել ինչ-որ մանր-մունր խնդիրների մասին՝ չարժի»,-ասաց Արմեն Սարգսյանը։



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե ժողովուրդն իր ուժը ցույց տվեց նաև հեղափոխության օրերին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, սա նո՞ւյնպես անկախության ձեռքբերումներից է, Արմեն Սարգսյանը ուղիղ պատասխան չտվեց՝ շրջանցելով հարցի բուն էությունը․ «Ես կարծում եմ, եթե հետ տանեինք մեզ 27 տարի առաջ, 1988-ին մեր ժողովուրդը Սովետական միության քաղաքացիներ էին, հետևաբար անկախության, ազատության զգացումները եղել են ժողովրդի ներսում միշտ։ Նույնիսկ ավելի վատ տարիներիօն, 1937 կամ մինչև 1953 թվականները մեր շատ մեծանուն հայեր իրենց կյանքն են տվել գաղափարի համար, մեկ բառի համար, և այդ մեկ բառը կապված է եղել հայրենիքի, ազատության և մարդկային բարձր գաղափարների հետ»։



Դիտարկմանը, թե քաղաքական դաշտը Երևանի քաղաքապետի թեկնածուները սևի ու սպիտակի են բաժանում, ինքը նման մտահոգություն ունի՞ այս հարցում, Արմեն Սարգսյանը նախ ճշտեց՝ պատասխանի ըստ էությա՞ն, թե՞ փիլիսոփայորեն։ Ապա որոշեց պատասխանել հարցին որպես ֆիզիկոս։ Սևի և սպիտակի վերաբերյալ ֆիզիկոս նախագահի պատասխանում, իրականում, մետաֆիզիկական-փիլիսոփայական ակնարկ էր թաքնված՝ ուղղված դաշտը սևի և սպիտակի բաժանողներին։



«Սպիտակը մի գույն չի, սպիտակ գույնը բոլոր գույների, բոլոր գեղեցիկ գույների համախմբվածություն է։ Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը»,-ասաց նա։



**Hraparak.am**-ի հարցին, թե առակը ի՞նչ կցուցանե, պարոն Սարգսյանն ասաց․ «Առակի ցուցանումը թողնում եմ ձեզ, բայց պարզ ցուցանում ունի, որ մեր ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել»։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**