Հիմնադրամի տնօրենի թեկնածուների անունները գաղտնի են պահում, որովհետև «սիրուն չի»

Հիմնադրամի տնօրենի թեկնածուների անունները գաղտնի են պահում, որովհետև «սիրուն չի»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ընտրության գործընթացը փակ է հանրության համար։ Մրցույթի կազմակերպիչն ու անցկացնողը՝ 5 անձից բաղկացած հանձնաժողովը, որեւէ տեղեկություն չի հայտնում տնօրենի թեկնածուների մասին։ Ընդամենը հայտարարվում է, որ թեկնածուները 42-ն են։ Նրանց անունները եւ ծրագրերը գաղտնի են պահվում։ Մինչդեռ մրցույթի շուրջ սկսել է անվստահության մթնոլորտ ձեւավորվել։ Լուրեր են տարածվում, որ 4 տասնյակից ավելի թեկնածուներից ընտրվելու է վարչապետի հովանավորությունը վայելող Հայկակ Արշամյանը, որը ներկայումս նրա խորհրդականներից է։ Հայկակ Արշամյանը եւս իր ծրագիրը գաղտնի է պահում՝ խոստանալով, որ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, եթե պարզվի, որ ինքն է հաղթել, կկիսվի համահայկական կառույցի աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ իր տեսլականով։ Անձնական խողովակները գործի դնելով՝ դուրս մնացածները տեղեկանում են այդ մասին։ Թե ինչն է պատճառը, որ նրանք դուրս են մնացել, ոչ ոք չգիտի։



Շվեյցարահայ **Գրիգոր Կուրղինյանն** իր ծանոթների միջոցով է իմացել, որ դուրս է մնացել մրցույթից։ Նա «Առագաստ» հայ-շվեյցարական երիտասարդական ՀԿ հիմնադիրն է, իսկ 90-ականներին, երբ դեռ Հայաստանում էր ապրում, մեծ երիտասարդական կամավորական շարժման մասնակիցներից էր։ Երիտասարդներն աջակցում էին մանկատներին, հատուկ դպրոցներին եւ կրթահամալիրներին։ Գրիգոր Կուրղինյանն ասաց, որ չի ուզում իրեն գովաբանել, բայց հաճույքով կարող է իր ծրագիրը մեզ ուղարկել, որ պարզ լինի, թե ինչպես էր նա պատկերացնում համահայկական կառույցի աշխատանքը։ «Ես սփյուռքից եմ եւ շատ լավ եմ պատկերացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը, լավ եմ պատկերացնում նաեւ, թե ինչ պետք է անել, որ սփյուռքը վստահի այս կառույցին։ Հուսով եմ, որ հաղթող թեկնածուի ծրագիրն իրագործելի է եւ ավելի լավը, քան իմը»,- ասաց Կուրղինյանը։



Երեկ տեղեկացանք, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ գիտնական, ֆիզիկոս, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը։ Նրա համար երաշխավորագիր է գրել հայտնի քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Նա համառոտ նշել է Կարապետյանի գիտական ձեռքբերումները, ներկայացրել վերջինիս որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, նախաձեռնող, անաչառ անձնավորության, որին ինքը ճանաչել է ղարաբաղյան շարժման ժամանակ։ Նաեւ որպես Մաշտոցի պուրակի համար պայքարի «առաջին բրիգադի անդամներից մեկը»։ Բայց այս արժանիքները հանձնաժողովին այնքան էլ կարեւոր չեն թվացել, հավանաբար։



Ի՞նչ կասեք մրցույթի մասին, Ձեզ համար հասկանալի՞ են սկզբունքները։ «Ի՞նչ ասեմ,- պատասխանեց **Հարություն Կարապետյանը**,- ներկայացրել եմ, ստացել եմ «ոչ» պատասխանը։ Չգիտեմ, թե հանձնաժողովից ով է դա որոշել՝ Բակո Սահակյանի՞ ներկայացուցիչը, Նիկոլի՞, թե՞ Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը։ Իրենք ընտրել են Հայկակին, երեւի։ Ասում են՝ Հայկակին ակտիվիստ ժամանակ ծեծել են, քո անունը չկա։ Էհ, ես էլ փոքր ժամանակ շատ եմ կռիվ արել, ինձ էլ ծեծած կլինեն։ Հանձնաժողովում նաեւ երկու հոգի սփյուռքից կան՝ Թերզյանը եւ Ալբերտ Պողոսյանը՝ շվեյցարահայ։ Ի դեպ, երբ ես հրաժարվեցի Սերժ Սարգսյանի մրցանակից, Պողոսյանին գրել էի, որ էլ Սերժ Սարգսյանին փող չտա, նա այլասերում է ամեն ինչ»։ Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի անդամ, շվեյցարացի բարերար Ալբերտ Պողոսյանը ներկայացնում է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը, որը ֆինանսավորում է ՀՀ նախագահների մրցանակաբաշխությունները։



«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտերն ընդունվել են մինչեւ օգոստոսի 31-ը։ Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի վերջին շաբաթում։ Այս մասին մեզ հայտնեց «Հայաստան» համահայկականի տնօրենի խորհրդական **Աիդա Խաչիկյանը**, որը համակարգում է կազմակերպչական հարցերը։ Ինչո՞ւ եք մասնակիցների անունները գաղտնի պահում, մրցույթը փակ եւ գաղտնի եք անցկացնում․ մեր հարցին Աիդա Խաչիկյանը պատասխանեց․ «Փակ չէ։ Մենք ասել ենք, որ 42 հոգի են եղել մասնակիցները։ Նայելով իրենց «ՍիՎի»-ները, հարցազրույց անցկացնելով՝ ընտրել ենք 12 հոգի»։ Աիդա Խաչիկյանին եւս մի քանի հարց տվեցինք։



**-Ի՞նչ կլինի, եթե նրանց անունները հայտնեք, ծրագրերը հրապարակեք։**



-Անուններով չենք ասում, թե ովքեր են մասնակցում, որովհետեւ, ըստ մեր կանոնակարգի, գործադիր տնօրենի թեկնածությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Պատկերացրեք, տեսականորեն որ չհաստատի, դա խայտառակություն կլինի։ Նույն հարցերը տալիս են, երբ որ նախագահի մրցանակն ենք սահմանում։ Ասում են՝ ինչո՞ւ չեք միանգամից ասում։



**-Մենք տեղեկություն ունենք, որ 3 հոգու անուն եք ուղարկել հոգաբարձուներին։ Ովքե՞ր են նրանք։**



-Այո, 3 հոգի են, մենք այդ անուններն ուղարկել ենք հոգաբարձուներին, դրանցից մեկը կընտրեն, համբերեք, հաջորդ շաբաթ կհայտարարվի։



**-Բայց ի՞նչն է պատճառը, որ չեք ասում։**



-Սիրուն չի, էլի, եթե չի հաստատել այն մարմինը, որն իրավասու է, առաջ ընկնես ասես՝ այսպիսի որոշում կա, լավ չի։



**-Բայց արդեն ասում են, որ Նիկոլի թեկնածուն է անցնելու։ Էլի անվստահություն է լինելու։**



-Ինչո՞ւ է մարդկանց մոտ այդպիսի արձագանք առաջացնում։ Ասենք՝ ընտրվել է ոմն «իքս», որը հավանության է արժանացել։ Հիմա ամեն ինչ էլ կարող են ասել, համաձայն եմ, որ կարող են այդպես էլ ասել։



**ՀԳ**․ Եվ այսպես, տնօրենի 3 հավանական թեկնածուներից մեկը Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հայկակ Արշամյանն է՝ նախկին ակտիվիստ, երկրորդը, ինչպես հաստատեց մրցույթի համակարգողը, Լիանա Գազյանն է, որի մասին նա որեւէ տեղեկություն չհայտնեց․ կարծես հայտնվել ենք «Անհայտ անուններ» մրցույթում։ Երրորդը, մեր տեղեկություններով, հեռավոր «Ալբիոնից» է եւ հանդիսանում է նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկած թեկնածուն։ Նրա անունը եւս խիստ գաղտնիության շղարշով է պատված։ Մի կառույց, որը պետք է ամենայն հայոց վստահությունը վայելի, ղեկավար է ընտրում՝ խախտելով թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքները։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**