Հայտնի լուսանկարի իրավական և բարոյական կողմը

Հայտնի լուսանկարի իրավական և բարոյական կողմը
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը քննադատության ալիք բարձրացրեց սոցկայքերում։ Ավելի ուշ լրատվամիջոցը ներողություն խնդրեց եւ հեռացրեց լուսանկարը․ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի, իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն եւ կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»։



Ինչ մահացու մեղքերի մեջ էլ մեղադրվի, իսկ հետագայում դրանց համար դատապարտվի Մանվել Գրիգորյանը, հանրությունը համարեց, որ նման լուսանկարի հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: Մարդու անձնական տարածք ներխուժելն արդարացվում է այն դեպքում, երբ առկա է հանրային շահ: Երեկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ լուսանկարը «Կենտրոն» ՔԿՀ-ում չի արվել, այլ շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում: «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են եւ լուսանկարը հրապարակում են: Սա իրավունքի խախտում է՝ իմ կարծիքով: Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը իրեն լուսանկարելու եւ հրապարակելու, ԶԼՄ-ն պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովհետեւ ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձեւավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաեւ, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել՝ անկախ անձից, անկախ նրա հանդեպ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքն ունիվերսալ է եւ չի կարելի խտրական ձեւով կիրառել, պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»,- ասել է նախարարը: Սակայն Զեյնալյանի պատասխանները մի շարք հարցեր են առաջացնում: Նախ անազատության մեջ գտնվող անձանց ընտրական իրավունքից զրկվելու դրույթը 2015 թ. Սահմանադրությամբ արդեն վերանայվել է: Բացի այդ, դատապարտյալի համաձայնությունը ԶԼՄ-ն չի կարող անտեսել, քանի որ դա նաեւ իր շահերի պաշտպանության յուրատեսակ միջոց է: Իսկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ լրագրողների հարցին ի պատասխան երեկ հայտարարել է, թե ճիշտ կլինի հարցն ուղղել ԱԱԾ-ին, քանի որ Մանվել Գրիգորյանն այնտեղ է պահվում: «Լուսանկարը տեսել եմ։ Բայց ի՞նքն է»,- ասել է նա: Ի դեպ, ԱԱԾ-ում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն՝ հայտնի «ԿԳԲ-ի պադվալ» անունով, պատկանում է արդարադատության նախարարությանը, բայց գտնվում է ԱԱԾ-ի շենքի նկուղում:



Ինչպես է կարգավորվում անազատության մեջ գտնվող անձին լուսանկարելու հարցը։ Նախ մեջբերենք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 33-րդ հոդվածը․ «Ձերբակալված եւ կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության` նույն սեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման եւ լուսանկարման»: Ի դեպ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ «Դատապարտյալի կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ» 92-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաեւ տեսանկարահանումը եւ հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով»: Հետեւաբար, հարկ է պարզել, թե դատապարտյալն իրեն լուսանկարելու համար համաձայնություն տվե՞լ է, թե՞ ոչ: Եթե անգամ տվել է, ապա դա բավարար հիմք չէ այն լրատվության միջոցով հրապարակելու համար, քանի որ դրա համար առանձին համաձայնություն է պետք: Անշուշտ, ԶԼՄ-ն կարող է նաեւ առանց համաձայնության հրապարակել, եթե հիմնավորի, որ դա, բխում է «հանրային շահերի պաշտպանությունից»։ ՁՊՎ-ում՝ կալանավորվածներին պահելու վայրում, չի կարելի լուսանկարել կալանավորվածին, ում նկատմամբ դատավճիռ չկա, անգամ իր համաձայնության դեպքում, իսկ դատապարտյալներին կարելի է՝ բացառապես իրենց համաձայնությամբ:



Հաջորդ հարցը․ ի՞նչ կարգով պետք է այդ խախտման փաստը դառնա քննարկման առարկա: Քանի որ խոսքն օրենսդրական նորմի խախտման մասին է, ապա պետք է նշանակվի, արդեն նախարարը նշանակել է ծառայողական քննություն, որ պարզվեն մեղավորները եւ ենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Այն կարող է հանձնարարվել նաեւ քրեակատարողական ծառայությանը: Կալանավորվածը կարող է նաեւ քաղհայցով դիմել դատարան եւ պահանջել փոխհատուցում պատճառված բարոյական վնասի համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդված): Ընդ որում, այս դեպքում քրեակատարողական ծառայությունն է կրում պատասխանատվություն իր աշխատակցի մեղքով (անկախ նրանից, թե ով է կատարել) պատճառված վնասի համար եւ միայն դրանից հետո կարող է ռեգրեսիվ հայցով դիմել աշխատակցից վճարած գումարը գանձելու պահանջով: Հավելենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ Արսեն Մկրտչյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հարգելի ընկերներ, լրագրողներ, ուզողներ եւ հատկապես չուզողներ, գիտեմ, որ անհամբեր սպասում էիք այս գրառմանը։ Եվ ուրեմն՝ Արցախի հերոսը ՀԵՐՈՍ Է... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ, ՀՀ-ում, Արցախում, արտերկրում, ընկերների, թշնամիների, դավաճանների, չկողմնորոշվածների, սխալվածների շրջապատում եւ ամենուրեք, իսկ նրա չուզողը՝ Աբիժնիկ բոլոր նույն աշխարհագրական վայրերում։ Հերոսի սիրտը մեծ ու հզոր է, կյանքի պայքար մղելուց նա, միեւնույն է, չի մանրանալու։ Սրանից ավել մեկնաբանություն չի լինելու… առայժմ… թող թույլ տված ունեցողները մտածեն, թե ոնց պիտի իրենց խուրդա լինելը կոծկեն»:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**