Հայֆիլմը պետք է վերականգնվի թե որպես շենք, թե որպես գաղափարախոսություն

Հայֆիլմը պետք է վերականգնվի թե որպես շենք, թե որպես գաղափարախոսություն
«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը» նախօրեին կինոմիության դահլիճում հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնագիտական շրջանակներից բացի ներկա էին նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ ՊԳԿԿ նախագահ Նարեկ Բաբայանը:



«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանի կարծիքով՝ տեղի ունեցած հանրային քննարկումն աննախադեպ էր, քանի որ նման ձեւաչափով հանդիպում վերջին 20 տարում չէր եղել, որ Հայֆիլմի բոլոր պատասխանատուները հայտնվեն մեկ սենյակում․ «Մենք նամակ էինք գրել Պետգույքին, որ ցանկանում ենք հանդիպել իրենց, ինչը դրական արձագանք գտավ Պետգույքի նախագահի կողմից, բայց քանի որ 2-3 օրում չէինք կարող ծրագիր գրել, Պետգույքը նպատակահարմար գտավ, որ մինչեւ այդ հանդիպումը լինի այսպիսի քննարկում, որտեղ ամեն ինչ կլինի բաց եւ թափանցիկ»։



Բաբայանն ընդգծում է՝ թե նախարարության, թե Պետգույքի ղեկավարները շատ դրական են տրամադրված, բայց պետությունն այս պահին իրենցից ակնկալում է ոչ միայն էմոցիոնալ ելույթներ եւ հայտարարություններ, այլ հստակ ծրագրեր եւ հաշվարկներ․ «Երբ հայտարարում են, թե Հայֆիլմի փրկության համար պետք են միլիարդներ, դա միֆ է, որը մենք ուզում ենք կոտրել, Հայֆիլմի փրկության համար պետք են ոչ թե միլիարդներ, հսկա տեխնիկաներ, այլ՝ սեր»։



Հայֆիլմը պետք է վերականգնվի թե որպես շենք, թե որպես գաղափարախոսություն։ Սա է երիտասարդ կինոգործիչների ցանկությունը․ «Հայֆիլմը կարող է դառնալ ժամանցային, զբոսաշրջային, թանգարանային կենտրոն, բայց դրանից առաջ Հայֆիլմում պետք է ստեղծվի ֆիլմ։ Մենք ուզում ենք այդ 25 հեկտար տարածքը դարձնել մշակութային այնպիսի մի կենտրոն, որ Հայֆիլմի բրենդի ներքո ստեղծվեն ֆիլմեր, լինեն պրեմիերաներ, դասախոսոթյուններ եւ շղթայաբար կատարվեն մյուս միջոցառումները, եւ Հայֆիլմը դառնա աշխատող, կենսարար մի տարածք»։



«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը» ցանկանում է դառնալ միջնորդ ներդրողի եւ պետության միջեւ․ «Քննարկմանը շատերը պնդում էին, որ պետությունը պետք է ֆինանսավորի, իր ձեռքը վերցնի ամեն ինչ, բայց մենք եկել ենք պետությանն աջակցելու եւ պետության հետ միասին գտնելու ներդնողներ, մարդիկ, ովքեր պատրաստ են ինչ- որ գործողություններ անել Հայֆիլմում։ Իսկ պետությունը կաջակցի այն ժամանակ, երբ տեսնի, որ անհատը, նախաձեռնությունը որոշակի քայլեր արդեն իրագործում է։ Եթե մենք նորից խոսենք, որ պետությունը պետք է փրկի Հայֆիլմը, սա արդեն փանջունիական մոտեցում կլինի եւ սայլը երբեք տեղից չի շարժվի։ Պետության վրա չի կարելի ամեն ինչ գցել, կարելի է անել A, B. C քայլերը, իսկ D քայլը միանշանակ կանի պետությունը, երբ տեսնի կա հետարքրություն, աշխատանք, էներգիա։ Մենք մոտավորապես 2 շաբաթից կայցելենք Նարեկ Բաբայանին մեր կոնկրետ ծրագրերով, բայց մեզ ժամանակ պետք է տան աշխատելու եւ առաջիկա 4-5 ամսում մեզնից ոչ մի ֆանտաստիկ բաներ չպետք է սպասեն։ Քայլ առ քայլ պետք է այնպես անենք, որ ՀՀ-ն ուշադրությունը հրավիրվի Հայֆիլմի վրա, որ հետաքրքրություն առաջանա, մարդիկ սկսեն ներդրումներ անել ու զարգանա Հայֆիլմի բրենդը»,-ասում է Հայկ Բաբայանն ու ընդգծում, որ շատ մեծ տեղ են հատկացրել նաեւ Հայֆիլմի այգուն, որտեղ կարելի է մի 10 հազար ծառ տնկել, խնամել դրանք, որն ինքնին կարող է դառնալ նկարահանումների հրապարակ։



Ըստ Բաբայանի, պարտադիր չէ, որ ներդրում անողն անպայմանորեն կապ ունենա ֆիլմի հետ։ Կարեւորը մարդը ներդրում անի, հավատա, որ շահույթ է ստանալու․ «Բայց դրա համար պետք է ճիշտ ներկայացնել, քանի կինոն բոլոր արվեստներից ամենաշահութաբերն է»,-ասում է նա ու հավելում, որ իրենք՝ Հայֆիլմի նախաձեռնության անդամներով պատրաստ են բանակցություններ վարել գործարարների հետ։