Հայաստանի երեք Սահմանադրությունն էլ կեղծարարությամբ են ընդունվել

Հայաստանի երեք Սահմանադրությունն էլ կեղծարարությամբ են ընդունվել
Հանրապետական կուսակցությունը երկրորդ հայտարարությունն է տարածել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով՝ դարձյալ մտահոգություն հայտնելով, խոսելով հասարակության պառակտման մասին և հայտարարելով, որ հարցը բարձրացնելու է միջազգային կառույցներում: Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի աջակցությունը Քոչարյանին բնական է համարում՝ նկատելով, որ Հայաստանում նույնիսկ քաղաքական գործընթացներն են անձնավորված.»ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշակի պատրավորվածություն ունեն Քոչարյանի նկատմամբ, ՀՅԴ-ականներին բանտերից է դուրս բերել, ՀՀԿ-ն էլ այսպիսով փորձում է քաղհալածյալի կերպարանք ընդունել, դրա համար էլ նման հայտարարություններ են արվում: Իրականում հասարակությունը այնպես չէ, որ ոչ միանշանակ է ընդունել Քոչարյանի կալանավորման փաստը, այլ հարց է, որ հասարակության մոտ կա տեսակետ, որ նա միակը չպետք է լինի, չկա տեսակետ, թե արդարացի չէ»,- ասաց Մարտիրոսյանը:



Այդուհանդերձ նա համակարծիք է այն տեսակետներին, որ Հայաստանում առաջին անգամ սահմանադրական կարգը խախտվել է 1995-ի ընտրություններին. «Եւ ընդհանրապես ես համակարծիք եմ, որ մեր երեք Սահմանադրություններն էլ կեղծարարությամբ ընտրված Սահմանադրություն են: Այդ ժամանակահատվածում ես զինծառայող էի ու շատ լավ հիշում եմ, թե ինչպես երեկոյան շարք կանգնացրեցին եւ ուղղահայաց հրահանգը իջեցրեցին, որ պետք է գնալ ու ընտրել այսինչ կուսակցությանը, «այո» ասել Սահմանադրությանը, նաեւ սպաներն էին հետեւեում քվեարկությանը, ես ընդամենը մի պահ հաջողացրեցի ինքնուրույն քվեարկություն իրականացնել, որովհետեւ մինչ այդ ես արդեն քաղաքականապես ակտիվ էի: Բայց իմ զինակից ընկերները այդպես էլ չկարողացան իրենց կամքն իրականացնել: Այն ժամանակ էլ տեխնիկա էր բերվել, բանակն էր մասնակցում եւ այլն»:



Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ ընտրություններ կեղծելու միջոցով սահմանադրական կարգի տապալման մեջ միայն Քոչարյանին չէ, որ պետք է մեղադրել. «Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հատուկ դատախազաքննչական մարմին, որը կուսումնասիրի 1991-ից մինչ օրս տեղի ունեցածն ամբողջությամբ: Մենք ոչ միայն ընտրությունների հետ կապված խնդիրներ ունենք, այլեւ սեփականաշնորհման, տարատեսակ որոշումների հետ կապված, տարբեր բռնությունների հետ կապված, այդ բոլորը դատախազաքննչական մարմինը պետք է նայի, իրավական գնահատական տա, որից հետո պետք է տրվի քաղաքական գնահատականը»։



Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: