Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի չառնելը կլինի անթույլատրելի դեմարշ

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի չառնելը կլինի անթույլատրելի դեմարշ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ Վենետիկում մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի նիստին։ Օրվա վերջում պաշտոնական հաղորդագրություններ ստացվեցին, որոնց հիմնական մեսիջներն այն են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համաձայն, եւ որ կառավարությունը պատրաստակամ է աշխատել հանձնաժողովի հետ։ Արտակ Զեյնալյանը, ըստ հաղորդագրության, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին շնորհակալություն է հայտնել կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար: «Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը խորացնելու երկուստեք կամք եւ ներուժ կա: Նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ էլ ավելի արդյունավետ համագործակցել հանձնաժողովի հետ»,- ասված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։ Սա նշանակում է, որ ԸՕ նոր փոփոխությունները պետք է ընդունվեն Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցված։ Արտակ Զեյնալյանի այս հայտարարությունը հակասության մեջ է վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի այն հայտարարության հետ, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չէ, հանձնաժողովի առաջարկներն ունեն խորհրդատվական բնույթ, եւ Հայաստանի խորհրդարանն օրենքներ ընդունելիս պարտավոր չէ դրանք հաշվի առնել: Եվ սա այն դեպքում, երբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այսօր չկարեւորողները նախկինում շնչակտուր սպասում էին այդ հանձնաժողովի դիտողություններին եւ հույսները կապում դրանց հետ։ Դիրքորոշման նման փոփոխությունը պայմանավորված է արտահերթ ընտրությունների անցկացման շտապողականությամբ։ Եթե աշխատեն Վենետիկի հանձնաժողովի հետ, դժվար կլինի գործընթացն այս տարի հասցնել, իսկ իշխանությունն ուզում է ամեն կերպ այս տարի ավարտել իշխանափոխությունը՝ այն ամրագրել ընտրություններով։



ՀՀԿ-ում կարծում են, որ Վենետիկի հանձնաժողովի խողովակով անցնելը պարտադիր է, «չանցնելը՝ անթույլատրելի»։ ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար **Արփինե Հովհաննիսյանը** մեզ հետ զրույցում ասաց․ «Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը շատ բարձր եմ գնահատում, դա տարիների պատմություն ունի եւ նպաստել է Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։ Վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովի խողովակով անցնելն անհրաժեշտություն է։ Ես պետք է ողջունեմ նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դիրքորոշումը, որ արտահայտվել է այսօր հանձնաժողովի լիագումար նիստում՝ գնահատելով նրանց հետ համագործակցությունը, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար»։



Արդարադատության մեկ այլ նախկին նախարար **Դավիթ Հարությունյանն** էլ ասաց․ «Լինելով Եվրախորհրդի անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է իր վրա նմանատիպ օրենսդրությունը՝ ինչպես սահմանադրականն է կամ ընտրականն է, ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությունը դա չկատարել, տեսականորեն՝ այո, գործնականում դա ուղղակի անհասկանալի մեսիջ կլինի, որ մենք արդյոք դավանո՞ւմ ենք նույն եվրոպական արժեքներին, թե՞ ոչ»։ Իսկ եթե նոր իշխանություններն իսկապես որոշեն հրաժարվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքից, ի՞նչ է սպասվում։ «Ես կարծում եմ՝ անթույլատրելի է նման դեմարշը կամ հայտարարությունները, որ մեզ միեւնույն է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, մենք առանց կարծիքի էլ կարող ենք գնալ։ Դա, կարծում եմ, ավելի շատ կարող է իրենց մոտ դեմարշի տպավորություն թողնել»։ Դավիթ Հարությունյանը նաեւ կարեւորեց իշխանության ներկայացուցչի՝ արդարադատության նախարարի դիրքորոշումը․ «Իսկ նախարարի դիրքորոշումը, ես կարծում եմ, շատ հստակ է՝ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ։ Եվ ես ողջունում եմ նախարարի շատ կարեւոր քաղաքական մեսիջը»։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Զեյնալյանի եւ Արփինե Հովհաննիսյանի ելույթներից հետո նշել է․ «Կարեւոր է, որ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` թափանցիկ եւ ներառական ձեւով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար, եւ որպեսզի կուսակցություններն ԸՕ ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ՝ ընտրություններին մասնակցելու համար»։ Սրանով, փաստացի, Բուքիքիոն հասկացրել է, որ չեն կարող խուսափել «իրենց ձեռքի տակով անցնելուց»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**