Հայր Կորյուն, դուք ավելի վատն եք, քան Գարեգին Հայրապետը․․․

Հայր Կորյուն, դուք ավելի վատն եք, քան Գարեգին Հայրապետը․․․
Մանկության տարիներին Ձմեռ պապի հեքիաթին հավատացել ենք ու կան մարդիկ, ովքեր մինչև հիմա էլ հավատում են։ Ես դրանց համարում եմ երջանիկ մարդիկ։



Այս փոքրիկ համեմատությունն այսօրվա իրողությունների հետ այնքա՜ն համահունչ է, որ ուզում եմ կողք- կողքի դնել։



Հավատացել ենք, որ կաթողիկոսը Սուրբ է։ Ներկա եմ եղել Գարեգին Հայրապետի բազում ծիսակատարություններին և տեսել, թե ինչպես են հավատացյալները երկյուղածությամբ «կպնում նրա փեշին»։ Բոլորն էլ ուզում էին, որ նրա աջը «իրենց գլխին լինի», ու երբ իջնում էր աջը, ասես նոր կյանք էին ստանում։ Ինչքա՜ն երջանկացած, թեթևացած էին եկեղեցուց դուրս գալիս։ Նման այն մանուկներին, ովքեր, երբ բարձի տակ նվեր էին տեսնում, ուրախանում և հավատում էին, որ այն Ձմեռ պապն է բերել։



Եկեղեցի ենք մտել սրբազան երկյուղածությամբ։ Եկեղեցու դռնից հետ- հետ էինք դուրս գալիս, որ «չվիրավորենք Հիսուսին»։ Եկեղեցում քահանային խնդրում էինք, ով ուզում էր լիներ քահանան՝ «ձեռդ դիր իմ գլխին»։ Այդ պարզ գործողությամբ ինչքա՜ն ցավ էր անցնում։



Հիմա մի պարզ հարց եմ ուզում տալ՝ ինչու՞ եք խարխլում մեր հավատը։ Թեկուզ մանկան պես ենք հավատում ու, ինչպես հեղափոխական հոգևոր հայրերն են ասում, խաբված ենք, Գարեգին Բ-ն էլ մեղքերի մեջ թաղված, ի՞նչ ենք շահելու մենք, եթե Գարեգին Հայրապետի աթոռին դուք կամ ձեր ուզած մարդը նստի։ Հիսու՞սն է գալու՝ Անարատը․․․



Հայր Կորյուն, դուք խաղում եք հավատի հետ։ Եթե ձեզ թվում է, որ անձի դեմ եք պայքարում, չարաչար սխալվում եք։ Եթե մարդկանց մեջ վերանա հավատը, էլ վերականգնել չեք կարողանալու։ Երբ մարդիկ հասկացան, որ հոգևորականը Սուրբ չէ, էլ ո՜չ մեկին, անգամ եթե երկնքից էլ իջնի, չեն հավատալու։ Աշխարհիկ կյանքի հեղափոխությունները, աշխարհիկ մերժումը, հրաժարականը, բռնությունը դրսի քամիները մի բերեք մեր եկեղեցի։



Երեկ դուք տեսա՞ք այն բազմությանը, որ բարբառում էր՝ վեհափառ, վեհափառ։ Այդ մարդկանց մի վնասեք։



Այն բերանը, որ աղոթում, շարականներ է երգում, իրավունք չունի հայհոյելու, չարություն սերմանելու։ Նման բան մի արեք։ Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որպեսզի մեղքից դեպի սեր գնանք: Մի կողմ թողնենք այս կյանքի ունայնությունները, որ ի վերջո միայն դառնություն են մեզ բերում ու դեպի սեր գնանք: Իսկ որտեղ սերն է, այնտեղ լույս է և ուրախություն...․



Գարեգին Հայրապետի մեղքը սերտաճումն է աշխարհիկի հետ։ Դուք պայքարում եք նրա դեմ աշխարհիկ եղանակներով։ Այսինքն դուք ոչնչով չեք տարբերվում նրանից։ Մյուս կողմից․



Հայր Կորյուն, դուք ավելի վատն եք, քան Գարեգին Հայրապետը․․․ Այս ծանր վիճակում, երբ մարդկանց հույսը Աստված է մնացել, դուք մարդկանց կտրում եք այդ հույսից ևս․․․ Տեսնելով ձեր վարքուբարքը, մոտեցման եղանակները, խարխլում եք մարդկանց հավատը, հույսը ու հեռացնում եք Աստծո Լույսից։



Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց բախում տեղի ունեցավ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա կողմնակիցների միջև։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն արագ հեռացավ եկեղեցու բակից։ Նրա գնալուց հետո ծեծկռտուք սկսվեց, որին մասնակցում էին նաև հոգևորականները։



**Հասմիկ Բաբաջանյան**