Արամ Սիմոնյանն ու Սերժ Սարգսյանը պիտի մնա՞ն ԵՊՀ-ում, թե՞ ոչ

Արամ Սիմոնյանն ու Սերժ Սարգսյանը պիտի մնա՞ն ԵՊՀ-ում, թե՞ ոչ
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում չցանկացավ հստակ գնահատական տալ՝ պե՞տք է կամ ինքն ուզո՞ւմ է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա։ Ի վերջո, ուսանողությունն օրեր առաջ մեծ ցույց էր անցկացնում նրա աշխատասենյակի դռան դիմաց՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը, բայց նա այդպես էլ հրաժարական չտվեց։ «Եթե մենք մինչեւ իշխանափոխությունը խոսում էինք ակադեմիական ազատությունների եւ բուհերի ինքնավարության մասին, ապա մենք շարունակում ենք հավատարիմ մնալ էդ սկզբունքներին իշխանափոխությունից եւ իշխանություն ձեւավորելուց հետո, եւ կրթության ու գիտության նախարարության կողմից հրաժարականներ պարտադրելը դա ՀՀԿ-ի գործելաոճն է եղել, ոչ թե նոր իշխանությունների»,- ասաց Արայիկ Հարությունյանը։



**- Այդ դեպքում գուցե հորդորով դիմե՞ք ուսանողներին, որ այլեւս ակցիաներ չանեն եւ չպահանջեն ռեկտորի հրաժարականը։**



Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին հորդորով որեւէ բան դիմել։ Ես նույն Տնտեսագիտական համալսարանի քոլեջի հետ կապված գործընթացներում կարող եմ նույն դերակատարությունը ստանձնել եւ լինել անկախ արբիտրի դերում, որպեսզի չխախտվի օրենքը, չխախտվեն ինքնավարության սկզբունքներն ու ակադեմիական ազատությունները, եւ ամեն ինչ տեղի ունենա օրենքի սահմանում։ Իսկ բուհերում խորհուրդների ձեւավորման եւ մնացած խնդիրների հետ կապված՝ պետությունը եւ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ ԿԳ նախարարությունը, կգործի բացառապես օրենքի սահմաններում։



**- Հիմա ո՞վ է ԵՊՀ խորհրդի նախագահը, նորից շարունակում է Սերժ Սարգսյա՞նը մնալ։**



Այո, շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը։



**- Եվ ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել կրթության եւ գիտության նախարարությունն այս հարցում։**



Կրթության եւ գիտության նախարարությունը կձեռնարկի իր քվոտաների փոփոխությունը եւ կառավարությունը՝ իր քվոտաների փոփոխությունը խորհուրդներում, որպեսզի խորհուրդները բնականոն գործեն, եւ էնտեղ քննարկվեն էդ հարցերը։



**- Հիմա Դուք կո՞ղմ եք, որ Արամ Սիմոնյանը մնա ռեկտոր, թե՞ դեմ եք, եւ եթե նա հրաժարական տա, դա դրակա՞ն քայլ կհամարվի։**



Ես Ձեր հարցին, կարծում եմ, արդեն պատասխանեցի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**