Բավ է «ուժըս ֆիլմերով մեզ վախեցնեք»

Բավ է «ուժըս ֆիլմերով մեզ վախեցնեք»
Հայաստանում  թիվ մեկ սարսափը դարձել է Արթուր Վանեցյանը։ Ով ում ուզում է վախեցնել՝ Վանեցյանի անունն է տալիս։



Հեղափոխությունից հետո մի այդպիսի կերպար էր պետք, որ ով օլիգարխ էր կամ պաշտոնից- բանից ուներ, ականջներից քաշեին ու քարշ տային «կագեբեի խուց»։ Փողերը, շորերը վրայից պլոկեին ու թողնեին տկլոր, որ քաղցած, "էրված-խորովված" մարդկանց սիրտը հովացնեին։



Մարդիկ պիտի տեսնեին, թե ինչպես են հարուստները լաց լինում, ինչպես են հալածվում և մտածեին՝ ի՜նչ լավ է, որ մենք միայն կարտոլ ենք ուտում։  



Էդ կերպարը տվին Արթուր Վանեցյանին։ Բայց քանի որ նա դիմագծերով շատ հանդարտ, խաղաղ մարդ է, նույնիսկ բարի ու լուսավոր ժպիտ ունի, այդ կերպարին սկսեցին գույներ տալ։ Թատրոնում ո՞նց է լինում, երբ բարի մարդուն տեխնիկական հնարքներով ու համապատասխան գույներով այնպիսին են դարձնում, որ տեսնողը վախից փախչի։



Սկսվեց սարսափ ֆիլմը․  Վանեցյանը սրան բռնեց, նրան բռնեց, սրան բացահայտեց, նրան բացահայտեց․․․ Կոռուպցիոն, սկանդալային թվեր հրապարակվեցին, խուզարկություններ իրականացվեցին։ Ահաբեկվեցին ոչ միայն նրանք, որոնց «տանում- բերում էին», հանրությունն էլ «շունչը սկսեց պահել»՝ բա որ սխալմամբ մեզ էլ տան ազգային անվտանգության ձեռքը, մեր տերն ո՞վ է։



Կամա- ակամա մանկությանս տարիներից մի դիպված հիշեցի։



Մեր բակում ապրում էր  ահավոր նիհար, երկար ու սարսափելի ահաբեկչական դիմագծերով մի տղամարդ։ Ինքը չար մարդ չէր, բայց տեսքը զարհուրելի էր։ Երեխաներից մեկը, երբ նրան տեսնում էր, այդ օրվա խոսակցության թեման դա էր՝ «ոտերս տակս թուլացան․․․»։



Երբ կամակորություն էինք անում, մեր ծնողները վախեցնում էին՝ գնալու ենք «ոսկոՌ ձյաձյային կանչենք»․․․ Իսկույն ենթարկվում էինք։



Այդ ժամանակ, երևի տարեկիցներս կհիշեն, ձկան յուղ շատ էին օգտագործում։ Հայրս մեզ շարքով կանգնեցնում և «գդալով խմեցնում էր»։ Սարսափելի հոտ ուներ, չէինք կարողանում խմել։ Երբ դիմադրում էինք, հայրս վախեցնում էր՝ հեսա գնամ «ոսկոՌ դյադյային կանչեմ․․․ Վախից իսկույն համաձայնվում ու կուլ էինք տալիս։ Վա՜յ էն կուլ տալուն․․․ Մեռնում, ետ էինք գալիս։



Հիմա Վանեցյանը նույն պատմության մեջ է հայտնվել։ Տեղից վեր կենողը, մի քանի հոգի հավաքում ու հայդե՝ «պեչածդ հանձնիր, քեզ  Վանեցյանին ենք հանձնում»։ Օրվա մեջ հազար ձևով մամուլի տարբեր միջոցները ահազանգում են՝ Ազգային անվտանգության սկանդալային բացահայտումները․․․ Թվում է, թե օլիգարխներին, հեղափոխությունից առաջ եղած պաշտոնյաներին ոչ թե մի անգամ, այլ շարունակաբար բռնում են։ Մենք Գորիկ Հակոբյան ունեինք, ով իր միմիկա չունեցող դեմքով սարսափ ֆիլմ էր հիշեցնում, անգամ նրանից չէինք վախենում։



Մի քանի օր առաջ պաշտոնյա մի տիկին պատմում էր՝ մի քանի հոգով հավաքվել եկել, ասում են՝ հրաժարական տուր, թե չէ քեզ հանձնելու ենք « Վանեցյանի ձեռը»։ Ասում եմ՝ դժգոհ չեմ, հանձնեք․․․



Մի որոշ ժամանակ էլ, եթե Արթուր Վանեցյանով վախեցրիք ու տեսանք, որ ոչ մեկին «չեն նեղացնում», էլ «ձկան յուղը կուլ չենք տալու»։



Բավ է «ուժըս ֆիլմերով մեզ վախեցնեք»։ Մանկության տարիքից վաղուց ենք դուրս եկել։



Հասմիկ Բաբաջանյան