«Լույս» հիմնադրամի միլիարդները. Որտեղի՞ց են գոյացել դրանք

«Լույս» հիմնադրամի միլիարդները. Որտեղի՞ց են գոյացել դրանք
«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը, որի գործադիր խորհդի նախագահը ՀՀ պաշտոնաթող նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն է, մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու «հիմնադրամի ապագային միտված ծրագրերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորությունները»: Այս մասին երեկ հիմնադրամի աշխատակազմին եւ կրթաթոշակառուներին հղած նամակում հայտնել է Սարգսյանը: «Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք»,- ասել է Սարգսյանը։ Պաշտոնաթող նախագահի խոսքով՝ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի՝ նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի: «Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը եւ հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության եւ ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը»,-նամակում մասնավորապես նշել է Սարգսյանը: Ըստ տարածված կարծիքի՝ հիմնադրամները, մասնավորապես ահռելի դրամական միջոցների հետ գործ ունեցողները, իրենց հիմնական առաքելությունից զատ ծառայում են նաեւ որպես զանազան ֆինանսական զեղծարարությունների իրականացման, եւ հատկապես «փող լվալու» օրինական ճանապահ: ՀՀ-ում գործող հիմնադրամների աշխատաոճին ծանոթ որոշ քաջատեղյակներ Սերժ Սարգսյանի այս նամակը դիտարկեցին որպես «փող լվալու» օպերացիաային վերջ դնելուն միտված քայլ, որը մշուշում է «Լույսի» ապագան:



**Հիմնադրամը գումարով աջակցել է Սերժ Սարգսյանի սանուհուն**



Նկատենք, որ 2009թ.-ից գործող հիշյալ հիմնադրամը ունեցել է շուրջ 570 կրթաթոշակառու, որոնք ուսանել են աշխարհի առաջատար 10 բուհերում: Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաեւ մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում: Մենք ուսումնասիրեցինք Հիմնադրամի 2017 թ գործունեության մասին հաշվետվությունը, որը մոտ մեկուկես ամիս առաջ է հրապարակվել: Ըստ այդմ՝ անցյալ տարի «Լույսը» 116 ուսանողների աջակցել է ընդունվել աշխարհի առաջատար կրթական հաստատություններ եւ այդ ծրագրի վրա ծախսել է 1 միլիարդ, 683 միլիոն 480  հազար 260 դրամ: Ուշագրավ է, որ հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերել այլ հիմնադրամների նույնպես, ինչպես նաեւ աջակցել է տարբեր մշակութային ծրագրերի: Մասնավորապես 60 միլիոն դրամ է փոխանցել «Ճամփորդ» հասարակական հիմնադրամին՝ «օգնելու եւ առաջնորդելու երիտասարդ լրագրողներին, իրենց առաջին քայլերն անող տպագիր ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ աջակցելու անկախ լրագրության ու քաղաքական հասարակության զարգացմանը»: Թե հատկապես այդ ո՞ր «առաջին քայլեր անող ԶԼՄ-ների» մասին է խոսքը՝ նշված չէ հաշվետվության մեջ: Հասկանալի չէ նաեւ, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվել «անկախ լրագրության եւ քաղաքական հասարակության զարգացմանն» աջակցելու համար:



Հայտնի է, որ «Ճամփորդ» հիմնադրամը հիմնել է Սերժ Սարգսյանի սանուհի, շախմատիստ Լեւոն Արոնյանի տիկին Արիաննե Կաոիլին, ով նաեւ «Ճամփորդ» անվճար թերթի գլխավոր խմբագիրն է: Հիմնադրամը 200 միլիոն դրամ է հակացրել նաեւ Երեւանի թվով երեք նախակրթարանների՝ շենքային պայմանները բարելավվելու համար: Նախակրթարանների անունները եւս նշված չեն հաշվետվության մեջ: Հաջորդ խոշոր աջակցությունը՝ 388 միլիոն 700 հազար դրամ, ցուցաբերվել է «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին՝ նվագախմբի բնականոն գործունեության եւ տարբեր մշակութային ծրագրերին մասնակցելու համար: 57 միլիոն 600 հազար դրամ աջակցություն է տրամադրվել «Կովկաս-Կասպիան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտ» հիմնադրամին՝գիտական ծրագրերի իրականացման համար: Այս հիմնադրամի նախագահը արեւելագետ Գառնիկ Ասատրյանն է: 24 միլիոն 164 հազրա 514 դրամ էլ հատկացվել է «Այբ» կրթական հիմնադրամին՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների FAST հիմնադրամ ստեղելու նպատակով: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ այլ նամակով էլ դիմել է [ FAST հիմնադրամի հիմնադիրներներին](https://www.itel.am/am/news/9831)՝ տեղեկացնելով, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը FAST հիմնադրամի հետագա աշխատանքներին։ Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ 1 մլրդ 610 մլն 58 հազար 15 դրամ էլ «Լույսը» հատկացրել է այլ համանման կազմակերպությունների եւ սոցիալ-մշակութային, գիտական այլ ծրագրերի: «Լույսի» գործադիր խորհրդի անդամներն են Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, նախկին վարչապետ, «Լույսի» համահիմնադիր Տիգրան Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը :



**Ովքե՞ր են ֆինանսավորողները**



Նշենք,որ Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուր որպես նշված է նախկին նախագահ Ռ.Քոչարյանի անվան հետ կապվող «Ղ-Տելեկոմ ՓԲԸ»-ն, որը անցյալ տարի 90 մլն դրամ է հատկացրել աշխարհի առաջատար կրթական հաստատություն ընդունված 10 ուսանողի: Իսկ ահա 315 մլն 700 հազար դրամ էլ որպես աջակցություն հատկացրել է մշակութային ծրագրերին: Հաջորդ խոշոր ֆինանսավորումը՝ 100 միլիոն դրամ, կատարվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ի կողմից: Գումարը տրամադրվել է որպես աջակցություն աշխարհի առաջատար բուհեր ընդունված 10 հայազգի ուսանողների: Ուշագրավ են նաեւ նվիրատվություններն ու դրանց չափը: Մասնավորապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ 1միլիարդ դրամ: ՀԷՑ-ը, ինչպես գիտենք, պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին: Մինչդեռ ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերություն է համարվում: «Ֆորբսահայ» գործարարին պատկանող մեկ այլ կազմակերպություն՝ «Տաշիր» հիմնադրամը, ցուցաբերել է 627 մլն 29 հազար դրամ նվիրատվություն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 100 մլն դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՝ 650 մլն դրամ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ՝ 192 մլն դրամ: Այլ նվիրատվություն ցուցբերած անհատ բարերաներ եւ ընկերություններ՝ 1 մլրդ 91 մլն, 15 հազրա 100 դրամ: Նվիրաբերությունների ցանկում էլ նշված է Լտելեկոմ ՓԲԸ-ն՝ 405 մլն 700 հազար դրամ, «ՀՀ Կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ն՝ 100 մլն դրամ: Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը կազմել է 4 մլրդ, 719 մլն, 339 հազար 740 դրամ: Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը կազմել է ճիշտ նույնքան՝ 4 մլրդ, 719 մլն, 339 հազար 740 դրամ: Նշենք, որ նախորդ տարիներին նույնպես նշված ընկերություններից որոշները խոշոր նվիրատվություններ են փոխանցել հիմադրամին: Մասնավորապես վնասով աշխատող ՀԷՑ-ը 2014-ին 1 մլրդ 500 միլիոն դրամ է փոխանցել, 2015-ին՝ 500 մլն դրամ (Եւ սա այն դեպքում, երբ 2015-ին էլեկտաէներգիայի թանկացման դեմ հազարավոր մարդիկ՝ «էլեկտրիկ երեւանցիներ» հանրահավաքներ էին իրականացնում), Ղ-Տելեկոմը՝ 739 մլն 800 հազար դրամ:



**Ո՞վ է աուդիտ իրականացրել**



Նշենք, որ հիմնադրամի գործունեությունը աուդիտի է ենթարկել «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն: Ըստ աուդիտի եզրակացության՝ կից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները, «բոլոր էական առումներով, ճշմարիտ են ներկայացնում Հիմնադրամի ֆինանսական վիճակը 2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ»: Նշենք, որ 2017 թ մարտին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, այս ընկերության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջեւ Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել: Հուշագրի համաձայն՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում: «Քեյ Փի Էմ Ջի»-ն աշխարհի ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից մեկն է, գործում է մոտ 160 երկրում:  



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**