Հրաժարվել սովետի «քաղցր» հիշողություններից․ Վահրամ Մարտիրոսյան

Հրաժարվել սովետի «քաղցր» հիշողություններից․ Վահրամ Մարտիրոսյան
Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում մշակույթի նախարարը, լինելո՞ւ է մշակույթի գործիչ, թե՞ կուսակցական։ Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե որը պետք է լինի նորանշանակ մշակույթի նախարարի առաքելությունը։



«Իր առաջին գործը, առաքելությունը պետք է լինի մշակույթն ապակուսակցականացնելը, հատկապես իշխանության կուսակցությունից տարանջատելը։ Մնացյալ գործերը պետք է առանձին լուծում ստանան, որովհետեւ մենք գտնվում ենք բարդ իրավիճակում։ Մեր գերքաղաքականացված եւ տնտեսապես թույլ վիճակում լինելու պատճառով մշակութային հաստատությունների մեծ մասը չի կարողանում իրեն պահել։ Այդ թվում՝ գրականություն գրողների ճնշող մասը չի կարողանում իր ստեղծագործությունների վաճառքի միջոցով ապրել»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։ Նրա կարծիքով՝ առողջ իրավիճակ կլիներ, եթե կինոարտադրանքի, գրականության, թանգարանների, երաժշտական համույթների զգալի մասը կարողանային իրենք իրենց պահել, եթե ոչ եկամուտ ստանալ։ Սակայն, ըստ նրա, դա կարող է երկարատեւ գործընթացի արդյունք լինել։ Մյուս կողմից էլ, ըստ նրա, մնում է «քաղցր» հիշողությունը սովետի ժամանակներից, երբ արվեստագետների զգալի մասն ուներ կայուն եկամուտ։ Իսկ դա, ըստ գրողի, բարդացնում է որոշումների կայացումը, որոնք կարող են թվալ կոշտ։



Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ պետք է պահպանվի այն սկզբունքը, որ առաջնահերթություն չտրվի անձնական հավատարմություն եւ ստրկահաճություն ցուցաբերած անձանց, ընդհուպ մինչեւ գրադարանները չթելադրեն, թե սրահը վարձով չտրամադրեն «Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի» շնորհանդեսին, ինչն էլ իր հետ տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ։ Գրողը նկատում է, որ հաճախ խղճուկ աշխատավարձի դիմաց մշակութային գործչի առաջ հազար ու մի պարտականություն են դնում, ինչը ստորություն է։ Գրողը շատ է կարեւորում, որ մշակույթի նոր նախարարը ծանոթ լինի արեւմտյան փորձին ու գիտելիքներին եւ կարողանա դրանք կիրառել մեր երկրում։