Տեսանելին

Տեսանելին
Երբեք ՀՀԿ-ի համար անտեսված կողմ չի եղել՝ քսան տարի ՀՀԿ-ի տեսադաշտից ոչ ոք չի վրիպել: Հավեսով նայել են, թե ոնց ենք մեռնում, ոնց ենք արտագաղթում, ոնց ենք քանդվում: Մեկ միլիոն աղքատ մարդ, որոնցից երեք հարյուր հազարը՝ ծայրահեղ աղքատության շեմին, պետական պարտքը՝ 7 միլիարդ, դեմոգրաֆիական աղետ, արտագաղթ, ատելության անասելի մթնոլորտ։ Վերհիշենք եղելությունը, կրկնենք այս թվերը, որ երբեւէ մտահան չանենք։ Վերջին երկու-երեք օրերին լայնածավալ քննարկում են Շարմազանովի դստեր նամակը։ Այս էմոցիոնալ լարվածության ֆոնին 17 տարեկան աղջկա (ում, չգիտես ինչու, որպես երեխա են ընկալում) նամակը ներազդել է այն աստիճան, որ ոմանց մոտ նույնիսկ քաղաքական հայացքների հարեւանցի վերափոխություն է նկատվում։



Դրան նպաստող շարժառիթներից մեկը՝ իհարկե, առաջին հերթին Նարե Շարմազանովայի տարիքն է եւ այդ տարիքում որպես ուղղակի եւ անմիջական թիրախ ընկալվելը։ Հասկանալի է՝ եթե նա միջին տարիքի կին լիներ եւ հեղինակեր նույնաբովանդակ նամակ, գուցե առհասարակ անտեսվեր, ի վերջո՝ երեխաները կամ թեկուզ պատանիները գերադասելի են համարվում մյուսներից։ Բայց գերադասումը եւս չափ ու սահման ունի, գերադասման շահարկումը նսեմացնում է մյուսների արժանապատվությունը, անարդարորեն ստիպում լռել նրանց։



ԱԺ տխրահռչակ նիստում ՀՀԿ-ականներն անվերջ ընդգծում էին երեխաների մասնակցության անթույլատրելիությունը, բայց ոչ ոք գեթ մեկ անգամ չհիշատակեց, օրինակ, տարեցներին, այն տատիկներին ու պապիկներին, որոնք, իրենց բողոքն արտահայտելով, օրեր շարունակ կանգնում էին հրապարակում, երթերին քայլում երիտասարդների հետ։ Տարեցների անունը չշահարկվեց, քանզի ՀՀԿ-ի  համար տարեցներն ապագա չունեն, նրանց թիրախավորումն ախուվախի առիթ չէր տա։ Իսկ երեխան, որ վաղվա օրն է (իսկ վաղվա օրը միշտ էլ պաշտպանություն է ակնկալում), ավելի ներգործուն է, հուզահակ տրամադրություններ առաջացնող, ուստի՝ արագորեն եւ հեշտությամբ պաթոսի ենթակա։



Եկեք մի պահ պատկերացնենք, որ հեղափոխության մասնակիցները՝ 17-ամյա պատանիները, նստեին ու սկսեին նամակներ գրել՝ վերաշարադրելով իրենց հույզերը, իրենց ցավն ու անարդարության զոհ դառնալու անձնական պատմությունները, ո՞վ կհամարձակվեր կասկածի տակ առնել նրանց ազնվությունը։ Բայց հերիք է՝ սա ազնվության մրցավազք չէ, քանզի երբեմն հնարավոր չէ հաշտեցնել հակադիր կողմերի մաքուր զգացումները:



Հեղափոխությունը բովանդակ ներկան է, որ հաշվետու է բացառապես ինքն իրեն։ Եվ անտեսված կողմը հեղափոխությունն էր։







**Արամ ՊԱՉՅԱՆ**