Իսպանական ընկերությունը կզբաղվի մետրոպոլիտենի թունելներով

Իսպանական ընկերությունը կզբաղվի մետրոպոլիտենի թունելներով
«Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում 2010-ից սկսած՝ վերականգնողական եռափուլ ծրագիր է իրականացվում: 1981-ին գործարկված ռազմավարական նշանակության ստորգետնյա տրանսպորտին երկրորդ կյանք պարգեւելու համար ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ մեկնարկեց, այսպես ասած՝ «փրկության ծրագիրը», որին մենք անդրադարձել ենք արդեն: Մետրոպոլիտենի հանգույցներից մեկի՝ հատկապես շարժասանդուղքների արդիականացման թեման կարեւոր էր նրանով, որ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող այդ տրանսպորտով օրական 40-60 հազար մարդ է վերուվար անում:



Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանի հետ զրույցում պարզել էինք, որ վտանգավոր այդ օբյեկտները պարբերաբար՝ տարին մեկ անգամ, տեխնիկական վիճակի մոնիտորինգի են ենթարկվում «Տեխնիկայի անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Մեր զրուցակիցը նշել էր, որ 24 շարժասանդուղքներից մի քանիսը գերնորմատիվային վազքով են աշխատում եւ արդիականացման խիստ կարիք ունեն: Այդ նպատակով անցյալ տարի սեպտեմբերին պետգնում էր հայտարարվել, եւ 17 միլիոն դրամ բյուջեի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացումը: Մնացականյանը, որի դստեր անունով գրանցված «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն էլ, ի դեպ, հաղթել էր վերոհիշյալ մրցույթում, նաեւ մոտավոր հաշվարկ էր արել՝ նշելով, որ շարժասանդուղքներն ամբողջությամբ արդիականացնելու, հիմնական աշխատող դետալները՝ աստիճանաժապավենները, աստիճանակմախքները, քաշի շղթաները փոխելու համար մոտ 10-15 միլիոն եվրո կպահանջվի: Համաձայնեք, սա թանկ հաճույք է: Մետրոպոլիտենի տնօրինությանը հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչ փուլում են շարժասանդուղքների արդիականացման աշխատանքները, ինչ աշխատանքներ են իրականացվել առայսօր, ինչ է պլանավորվում անել առաջիկայում:



Մետրոպոլիտենի ընդհանուր բաժնից մեր հարցմանն ընդհանրական, կիսատ-պռատ պատասխան են ուղարկել, որտեղ ոչ մի խոսք չկա շարժասանդուղքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Միայն հայտնել են, թե «ընթացիկ տարում շարժասանդուղքների, վագոնների եւ այլ կարեւոր հանգույցների արդիականացման հետ կապված՝ աշխատանքներ պլանավորված չեն՝ միջոցների սղության պատճառով»: Մեզ ուղարկված պատասխանում նշված է նաեւ, որ մետրոպոլիտենի վերականգնման վարկային ծրագրով գործող դրենաժային թունելի երկարացման շրջանակներում ընթացիկ տարում նախատեսված է իրականացնել մոտրոպոլիտենի վազորդային թունելներում հակակոռոզիոն, ինչպես նաեւ դատարկությունների հայտնաբերման եւ լրացման աշխատանքներ: Նշենք, որ կառավարության նախորդ՝ մարտի 29-ի նիստում որոշում ընդունվեց թույլատրել իսպանական «Ագազոս» ընկերությանը Երեւանի մետրոյի վերականգնողական ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացնել պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքները (դրենաժային թունելի երկարացման եւ վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում): Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ: Հայտարարված միցույթում հաղթած վերոհիշյալ իսպանական ընկերության եւ մետոպոլիտենի միջեւ համապատասխան պայմանագիրն ստորագրվել է 2015-ին: Նկատենք, որ հասարակական նշանակության ՀՀ տարբեր օբյեկտներում գործում են շարժասանդուղքներ, որոնք, ըստ օրենքի, ենթակա են տեխնիկական մոնիտորինգի: Բացի այդ, կառավարությունը 2009-ին որոշում է ընդունել



շարժասանդուղքների կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին:



**ՀԳ.** _«Մետրոյի փրկության ծրագրի» առաջին փուլում, որը մեկնարկեց 2010-ին եւ ավարտվեց 2012-ին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը 5 մլն-ական եվրո տրամադրեցին մետրոպոլիտենի առաջնահերթ խնդիրները լուծելու նպատակով: Ծրագրին աջակցելու նպատակով ԵՄ-ն տրամադրեց ներդրումային դրամաշնորհ՝ 5 մլն եվրոյի չափով՝ բնապահպանական, առողջապահական եւ անվտանգության կառավարման համակարգերի բարելավման համար: Ծրագրի երկրորդ փուլը, որը մեկնարկեց 2012-ին, նույնպես արժեցավ 15 մլն եվրո, եւ ֆինանսավորումը կրկին հավասարապես բաշխվեց ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ ԵՄ-ի միջեւ: ԵՄ-ն այս փուլի համար, որպես ներդրումային դրամաշնորհ, տրամադրել է 5 մլն եվրո՝ ուղղելով հուսալիության վերականգնման եւ առավել հրատապ բարելավման աշխատանքներին: Այս պահի դրությամբ կատարված աշխատանքների տեսանելի արդյունքները հետեւյալն են. արդիականացվել է 16 վագոն, կառուցվել եւ գործարկվել է մեքենավարների ուսումնավարժական կենտրոնը, նորացվել են հակահրդեհային գույքն ու սարքավորումները, կառուցվել է վագոնների ավտոմատ լվացման կետը, արդեն իսկ քայքայված մոտ 60 անվասայլակներ փոխարինվել են նորերով, 34,6 կմ երկարությամբ էլեկտրամատակարարման բարձրավոլտ մալուխը փոխարինվել է նորով, արդիականացվել է ստորգետնյա ջրերի թունելներից արտամղման եւ ջրահեռացման համակարգը: Մեկնարկել է երկրորդ փուլի ամենակարեւոր խնդրի` դրենաժային թունելի կառուցումը: Նշենք, որ ՎԶԵԲ-ը եւ ԵՆԲ-ն արդեն համաձայնել են տրամադրել 7 մլն-ական եվրո՝ ծրագրի ավարտական փուլի համար: Բանակցություններ են ընթանում այլ ներդրողների հետ՝ հավելյալ գումար ներգրավելու նպատակով:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**