Եթե դուք անեք ձեր քայլը, ապա Սերժ Սարգսյանը կանի իր ետքայլը

Եթե դուք անեք ձեր քայլը, ապա Սերժ Սարգսյանը կանի իր ետքայլը
«Իմ քայլը» նախաձեռնության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպեցինք Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մերձակայքում։ Չնայած սաստիկ ցրտին՝ քայլերթի մասնակիցների տրամադրությունը բարձր էր։ Ճանապարհին հանդիպող մեքենաներից շատերը կա՛մ ողջունում էին քայլերթի մասնակիցներին, կա՛մ կանգնում զրուցում, հետո նոր շարունակում



ճանապարհը, իսկ նրանց ուղեկցում էր «Չալո» անունը ստացած շունը։ Այս անգամ նրանք վրանները բացեցին գյուղի հարեւանությամբ գտնվող լքված տան բակում, վառեցին Վանաձորից իրենց հետ վերցրած երկաթյա վառարանը, իսկ ավելի ուշ նրանց միացան 3 երաժիշտներ։ Տաք վառարանի շուրջը նստած՝ զրուցեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ **Նիկոլ Փաշինյանի** հետ։



**- Արդեն 7-րդ օրն է քայլարշավի, չե՞ք հոգնել, Ձեր ուժերը, ի՞նչ եք կարծում, կբավարարե՞ն մինչեւ մայրաքաղաք հասնելը։**



**-**Իհարկե, չենք հոգնել, ի՞նչ ենք արել, որ մի հատ էլ հոգնենք։



**- Քաղաքացիների ի՞նչ թիվ եք սպասում Ազատության հրապարակում։**



**-**Սպասում ենք այնքան քաղաքացիներ, որ հնարավոր լինի Ազգային ժողովի շենքը շրջափակել ամուր շղթայով։



**- Կարծես թե «Հանուն Հայաստան պետության ճակատի» հետ համագործակցության քայլեր էին արվում, այժմ կա՞ համագործակցություն։**



**-**Համագործակցություն չի եղել, եղել է հաղորդակցություն, տեղեկատվության փոխանակում, եւ մենք ասել ենք, որ համագործակցության համար ունենք կոնկրետ նախապայմաններ, ընդ որում՝ այդ նախապայմանները փոխանցել ենք հաստատված պաշտոնական խողովակով եւ պաշտոնական խողովակով պատասխան դրա մասին չենք ստացել, ինչը նշանակում է, որ այդ հարցը շարունակում է մնալ առկախված։ Եթե մեր նախապայմանները չընդունվեն, համագործակցություն չի լինի։



**- Ինչպե՞ս եք պատկերացնում՝ եթե համագործակցություն չլինի, ժողովուրդը 2 ճակատո՞վ է պայքար մղելու Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ։ Քաղաքացիներն ինչպե՞ս կողմնորոշվեն՝ միանալ Ձե՞զ, թե՞ «Հանուն Հայաստան պետության ճակատին»։**



**-**Ուրեմն մենք ասում ենք, որ մեր գործողություններում բռնությունն ու հակաբռնությունը բացառում ենք եւ ակնկալում ենք, որ մեր հանրահավաքներին մասնակցող քաղաքացիները պետք է այդ պայմանն ընդունեն եւ այդ գաղափարն ընդունեն, որպեսզի մասնակցեն մեր հանրահավաքին։ Մենք հավատում ենք, որ ապրիլի 13-ին եւ դրանից հետո տեղի ունեցող մեր հանրահավաքներին տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ներկա լինելու։



**- Արմեն Մարտիրոսյանը Ձեր այս պնդման վերաբերյալ հայտարարություն արեց, որ Ձեր նշած տասնյակ հազարավոր քաղաքացիներին հանրահավաքների ընթացքում կառավարելն անհնար է, հատկապես՝ եթե ոստիկանները, ասենք, օրինակ, էլեկտրաշոկ կիրառեն կամ ռետինե մահակներով հարվածեն։**



**-**Գիտեք՝ դա Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է, ես սովորաբար հակված եմ մտածելու, որ մենք մեր հրավիրած հանրահավաքները կկարողանանք կառավարել եւ դա կանենք հաջողությամբ։



**- Պարոն Փաշինյան, անդրադառնալով «Ելք» դաշինքին, կարո՞ղ ենք արդեն ասել, որ այն մոտ ապագայում մեկ կուսակցություն չի դառնա, եթե անտեսելու լինենք դաշինքի վերջնական պառակտման մասին խոսակցությունները։**



**-**Որեւէ բան չեմ կարող ասել այդ կապակցությամբ, մեկնաբանություն տալ չեմ կարող։



**- Ինչ սկսել եք քայլերթը, Արամ Սարգսյանի կամ Էդմոն Մարուքյանի հետ որեւէ զրույց կամ շփում եղե՞լ է։**



**-**Արամ Սարգսյանն ինձ նամակ է գրել եւ հաջողություն է մաղթել։



**- Իսկ Էդմոն Մարուքյա՞նը։**



**-**Էդմոն Մարուքյանն էլ է նամակ գրել, ես իրեն պատասխանել եմ, ինքը դեռ չի պատասխանել։



**- Ի՞նչ նամակ եք գրել, կոչ եք արել միանա՞լ Ձեզ։**



**-**Չեմ կարող ասել, թույլ տվեք չպատասխանել։ Եթե նկատել եք, ես քաղաքական գործիչներին եւ քաղաքական ուժերին կոչ չեմ անում։ Այս գործողությունն ուղղված է ՀՀ քաղաքացիներին՝ առանց բացառության, առանց կոնկրետ անուն-ազգանունների եւ ներառյալ կոնկրետ անուն-ազգանունները։



**- Դուք արդեն 2 մարզում եղել եք, բնակիչների հետ եք շփվել։ Ձեր կարծիքով՝ քաղաքացիները հետաքրքրվա՞ծ են կամ գոնե տեղեկացվա՞ծ են քաղաքական պրոցեսներին։**



**-**Պրոցեսը դեռ կեսին չի հասել, շարունակվում է ու որքան շարունակվի, այնքան ավելի շատ մարդ տեղեկացված կլինի։ Պետք է որ հետաքրքրված լինեն, արձագանքները վկայում են, որ հետաքրքրված են։



**-Կարծես թե հանրության մեջ անվստահության, հուսահատության մթնոլորտ կա, մարդիկ համակերպվել են, ի՞նչ կասեք։**



-Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ անվստահության մթնոլորտը ճեղքենք, հուսահատությունը ճեղքենք։ Մենք քաղաքացիներին ասում ենք՝ եթե դուք անեք ձեր քայլը, ապա Սերժ Սարգսյանը կանի իր ետքայլը, եթե դուք անեք ձեր քայլը, հոռետեսությունը, հուսահատությունը կանեն իրենց ետքայլը, եթե դուք անեք ձեր քայլը, ապա կոռուպցիան, արտագաղթը կանեն իրենց ետքայլը, եւ լճացումը կանի իր ետքայլը։



**ՀԳ․** Նիկոլ Փաշինյանի թիմը մայրաքաղաքում կլինի ապրիլի 13-ի երեկոյան, եւ հաջորդ օրվանից կսկսվեն հանրահավաքները, որոնք կկայանան Ազատության հրապարակում։ Իսկ վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17-ին, հավանաբար, քաղաքացիներին կառաջնորդեն դեպի Ազգային ժողովի շենք։



Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ