Եթե ուրիշին առաջադրեին վարչապետ, Նիկոլը կողմ կքվեարկե՞ր

Եթե ուրիշին առաջադրեին վարչապետ, Նիկոլը կողմ կքվեարկե՞ր
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը, ով այլեւս պատգամավոր չէ, չի հետեւում քաղաքական իրադարձություններին, Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն էլ չգիտի՝ ներկա կլինի՞, թե՞ ոչ․ հրավեր չի ստացել։ «Եթե քաղաքական գործիչ չեմ, ի՞նչ գործ ունեմ քաղաքականության հետ»,- ասաց նախկին պատգամավորը՝ մոռանալով, որ ՀՀԿ-ական է, իսկ դա արդեն հերիք է,



որ քաղաքական գործիչ լինի։ «Դե, հա, այնքանով, ինչքանով, էլի… դե, չեմ ասի, որ ճգնավորի խցում եմ»։



-**Դուք է՞լ եք կարծում, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, որ առանց նրա երկիրը կկործանվի, ազգը «վարի կգնա»։**



-Ես ի՞նչ պիտի մտածեմ, օրենքը, Սահմանադրությունը ոնց կա, էնպես էլ պետք ա լինի, մեծամասնությունը Հանրապետականն ա, ՀՀԿ-ն էլ կառաջադրի իր վարչապետության թեկնածուն։



**-ՀՀԿ-ում վարչապետի այլ թեկնածու չի՞ կարող լինել, բացի Սերժ Սարգսյանից։**



**-**Ինչի՞ չի կարող լինել, հլը Հանրապետականը չի առաջադրել, չեմ կարող ասել։



**- Նկատի ունեմ՝ Սերժ Սարգսյանն իսկապե՞ս անփոխարինելի է, թե՞ նրան փոխարինողներ կգտնվեն, եթե նա չցանկանա առաջադրվել։**



**-**Գիտե՞ք, ես էդ մասին չեմ էլ մտածել… բայց ասեցի, չէ՞, որ օրենքով ոնց կա, էդպես է։ Իսկ փոխարինելի ա, թե ոչ՝ անփոխարինելի մարդիկ ընդհանրապես աշխարհում գոյություն չունեն։ Ընդհանրապես, պրակտիկայում էդպիսի բան գոյություն չունի։ Տվյալ իրավիճակում, այո, կարող են անփոխարինելի մարդիկ լինել։ Բայց ընդհանրապես անփոխարինելի մարդիկ… ես էդ տերմինը չեմ օգտագործում։



-**Այս օրերին Նիկոլ Փաշինյանը մարզերով քայլերթ է անում եւ փորձում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ՝ հիշեցնելով 2014 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին։**



**-**Նիկոլ Փաշինյանն իրա գործն ա անում, Դուք Ձեր գործն եք անում, էն մեկն իրա գործն ա անում, մեկ է՝ ՀՀԿ-ն ում էլ առաջադրեր վարչապետության թեկնածու, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր ուժ, պետք է դեմ գնար, բա ի՞նչ պիտի աներ։ Կարո՞ղ ա պատահի, եթե մեկ ուրիշին առաջադրեին, Նիկոլը կողմ քվեարկեր։



**- Բայց Սերժ Սարգսյանը խոստացել է, չէ՞, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, այդ խոստումն է հիշեցնում Նիկոլ Փաշինյանը։**



**-**Ես չեմ կարող ասել՝ ինքն ինչ է հիշեցնում, բայց ասեցի՝ ում էլ առաջադրեն վարչապետ, ընդդիմադիր ուժերը, բնականաբար, պիտի դեմ լինեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**