Ես չեմ տեսնում մի մարդ՝ բացի Սերժ Սարգսյանից, որը կարող է այդ գործը լավ անի

Ես չեմ տեսնում մի մարդ՝ բացի Սերժ Սարգսյանից, որը կարող է այդ գործը լավ անի
_Հարցազրույց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր __**Նապոլեոն Ազիզյանի**__ հետ_



**- Պարոն Ազիզյան, Սերժ Սարգսյանն օրերս իր հարցազրույցով կարծես վերահաստատեց ՀՀԿ-ականների հայտարարությունները երկրի անվտանգության նկատառումներից բխող իր անփոխարինելիության մասին։ Նա ակնարկեց նաեւ, որ այժմ էլ տեսնում է ընդդիմադիրների զինված պայքարի վտանգը։ Դուք համաձա՞յն եք Սերժ Սարգսյանի հետ եւ Դուք է՞լ եք կարծում, որ նա անփոխարինելի է։**



Ես նման հեռանկար չեմ տեսնում, որ ինչ-որ զինված հարձակումներ լինեն։ Սերժ Սարգսյանը մոտավորապես ասեց, որ ինքն է լինելու վարչապետ։ Մեր խմբակցությունում նման քննարկում չի եղել, առաջ Աստված՝ կգա օրը, կքննարկենք եւ կասենք, թե ինչ դիրքորոշում ունենք վարչապետի թեկնածության հարցում։ Բայց բոլորս էլ գիտենք, որ հարցը լուծելու են հանրապետականները։ Ես միայն իմ անձնական կարծիքը կասեմ, որ՝ այո, ես հանրապետությունում չեմ տեսնում ըտենց մի մարդու, որ Արցախի հարցով ավելի լավ կարա զբաղվի, ավելի տեղյակ ա ամեն ինչից, քան Սերժ Սարգսյանը։



Շատ քիչ մարդ էսօր կարաք գտնեք, որ նման պատասխանատվություն է պատրաստ ստանձնել, որովհետեւ, տեսեք՝ էդ թուրքի լամուկն արդեն Երեւանը գրավելուց է խոսում։ Ամեն մարդ չի կարա համարձակվի նման պատասխանատվություն վերցնի։ Արցախի հարցը մեր երկրի համար էսօր ամենակարեւոր հարցն ա, եթե այն լավ լուծում չստացավ, ուրեմն էդ տնտեսական աճ, մյուս՝ չի լինի։



**- Մինչդեռ կան քննադատություններ, որ Արցախի հարցում եւս վերջին տարիներին առաջընթաց չենք գրանցել, փոխարենն ունեցել ենք ապրիլյան պատերազմ, կորուստներ։**



Ես նման քննադատություններ չեմ լսել։ Ինչ վերաբերում է պատերազմին, այո, ցավալի էր դա, ունեցանք էդքան զոհեր, բայց իմացեք, որ իրենք տասնապատիկ շատ ունեցան։ Իսկ տարածքների կորուստը… Բա լավ, պատկերացրեք՝ ժամանակին էլ մենք ենք տարածքներ վերցրել, որոնք հիմա մեր ժողովրդի ձեռքի տակ է, անվտանգության գոտի է։ Բա ինչի՞ չեք ասում՝ բերեք հերոսի կոչում տանք էդ տարածքները վերցնողներին։ Մարտավարություն է, հիմա մի կտոր հողի համար եսիմինչ չի եղել։ Դրա հետ վերցնելը, եթե բանակցությունները լավ ավարտվեն, մի վայրկյանի բան ա։



Բայց դա չի կարող ինչ-որ բան նշանակել։ Նոր ասեցի, որ ես չեմ տեսնում մի մարդ՝ բացի Սերժ Սարգսյանից, որը կարող է այդ գործը լավ անի։ Խնդրում եմ, եթե դուք տեսնում եք, դուք տվեք անուն։



**- Օրինակ՝ Ձեր կուսակցությունում չկա՞ն այդպիսի մարդիկ։**



Որ կարող են դառնալ վարչապետ ու զբաղվեն պաշտպանության հարցո՞վ, որ ըտենց լուրջ քաջատեղյակ են ու կարող են զբաղվե՞լ։



**- Այո։**



Բայց ինչի՞ եք մեր խմբակցությունից ասում, Դուք ասեք թեկուզ ՀՀԿ-ում, երկրում կա՞ նման մարդ, որ իրանից լավ գիտի։



**- Իսկ, ինչ է, մենակ ի՞նքն է գլուխ հանում այդ խնդրից, մյուսները պակա՞ս հայրենասեր են, թե՞ ունակ չեն տիրապետելու խնդրին։**



Չէ, հայրենասիրության խնդիր չի, գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, առանձին-առանձին մենակ Հայաստանը կամ Ադրբեջանը չեն, բոլորն իրար կապված են, գերտերությունների շահեր կան եւ այլն։ Հարցը տիրապետելը չի։ Հիմա ԱԺ-ում մարդիկ կան նստած, որոնք կարող են երկու տարին մեկ էլ մի ելույթ չունենան, բայց դա չի նշանակում, որ ամեն րոպե միկրոֆոնի մոտ թռնող մարդն ավելի շատ գիտելիքներ ունի, ավելի շատ հայրենասեր ա կամ ավելի շատ օգուտ ա տալիս։ Օրինակ, Ծառուկյան Գագոն՝ դուք էլ գիտեք, ուշ-ուշ է գալիս, բայց մի հատ նայեք ինչ ա անում, ինչքան աշխատատեղ ա բացում։ Ալեքսանյան Սամվելը կարող ա ելույթ չունենա, բայց տեսեք ինչքան աշխատատեղեր ա ստեղծել, կամ «Գրանդ քենդին»․ շատ կան նման մարդիկ, որոնք ամպագոռգոռ բառեր չեն ասում, բայց տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր ընտանիքների երջանկացնում են։ Եթե մեզ մոտ աշխատատեղերի խնդիրը լուծվեց, հավատացեք, որ Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը։



**- Այդուհանդերձ, անփոխարինելին Սերժ Սարգսյանն է։**



Էդ հարցում՝ այո։



**- Իսկ մոտ ապագայում կունենա՞նք այն լիդերը, որը կարող է փոխարինել նրան։**



Ես չգիտեմ առաջիկա տարիներին ինչ կլինի, բայց նախագահն ինքն էլ ասաց, որ զբաղվելու է նոր երիտասարդ կադրերի պատրաստմամբ։ Այնպես չի, որ չի պատրաստել՝ ուզում եք էսօր մտեք հարկային, մաքսային, պետական համակարգ, տեսեք ինչ շնորհալի երիտասարդներ ունենք։



**- Բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանն այսօր իշխանության ներսում ժառանգորդ չի տեսնում։**



Այ Ձեր ցավը տանեմ, իշխանությունը, որ տարիքում էլ լինես, որերորդն է, ինչ է, լավն ու վատը նայում ես համեմատության մեջ։ Հիմա նայեք՝ Նազարբաեւը որերորդ անգամ է ընտրվում, Ալիեւը, Լուկաշենկոն, իմ ամենասիրած մարդը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին, տեսեք որերորդ անգամ է ընտրվում, էն էլ ինչ արդյունքներով։ Ուզում եմ ասել, որ իշխանությունը նրա համար է, որ մնա իշխանության, իսկ ընդդիմություն կոչվածը նրա համար է, որպեսզի պայքարի՝ գա իշխանության։



**- Բայց դուք մտադրություն ունե՞ք իշխանություն վերցնելու, գովերգում եք Սերժ Սարգսյանին։**



Այսինքն՝ ո՞նց եմ գովերգում։ Ես մենակ կարամ գովերգեմ պարոն Ծառուկյանին, ես իրա ցավը տանեմ, իրան առողջություն, հաջողություն, որը գործ ա անում էս պետության համար։ Ես գտնում եմ, որ մեր երկրի համար էսօր ամենակարեւոր հարցն Արցախի հարցն ա, եւ ես էսօր չեմ տեսնում թեկնածու։ Ես չեմ ասում՝ մեր մոտ գրագետ, խելոք մարդիկ չկան, բայց էդ հարցով չեմ տեսնում։



**- Դուք գրանցված եք որպես ընդդիմադիր կուսակցություն, հիմա ո՞նց եք պատրաստվում պայքարել իշխանության գալու համար։**



Ի տարբերություն որոշ մարդկանց դատարկ խոսակցություններին, որոնք ասում են, որ հեսա դուրս ենք գալու զինված, կգնանք փողոցներում կհավաքվենք, եսիմինչ, էդ սուտ ճառերն արդեն անցել են։ Մի քանի անգամ մարդիկ հավաքվեցին փողոցում, հասան միլիոնների, վերջը տեսանք ինչ եղավ։ Մենք դասական իշխանության ձեւի կողմնակից ենք։ Մենք 550 հազար մարդու ձայն ենք ստացել։



**- Բայց եթե ձեր կուսակցությունում Սերժ Սարգսյանին անվտանգության գծով այլընտրանք չկա, ձեզ ինչո՞ւ պիտի հաջորդ ընտրություններին ժողովուրդը ցանկանա իշխանության ղեկին տեսնել։**



Ես ասում եմ էս պահին… Դուք զրույցը տանում եք ուրիշ ուղղությամբ։



**- Այսինքն՝ այս պահին չկա, հաջորդին կլինի՞։**



Դուք արդեն ինտրիգ եք որոնում։