Քաղաքացիական անհնազանդություններով ժողովուրդն իր կամքը պիտի արտահայտի

Քաղաքացիական անհնազանդություններով ժողովուրդն իր կամքը պիտի արտահայտի
Ժիրայր Սեֆիլյանի կոչից հետո ձեւավորված «Հանուն Հայաստան պետության ճակատի» բանակցություններն ընդդիմադիր ուժերի հետ դեռ ընթացքի մեջ է, ճակատից չեն բացառում, որ ընդդիմության լայն ճակատով կպայքարեն հանուն իշխանափոխության։ Զրուցեցինք ճակատի առանցքային դերակատարներից մեկի՝ **Ալեք Ենիգոմշյանի** հետ։



-**Պարոն Ենիգոմշյան, ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի հետ բանակցություններ եք վարում, ի՞նչ է հուշում բանակցությունների ընթացքը, կլինի՞ կոնսենսուս, կձեւավորվի՞ միասնական ճակատ**։



-Չեմ կարող կանխատեսել, թե ինչ արդյունք կտան այդ բանակցությունները, ժամանակը ցույց կտա։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ, քաղաքական ուժերից բացի, մենք հանդիպումներ ենք ունենում նաեւ քաղաքացիական շերտերի հետ։ Նպատակը համաձայնության գալն ու ուժերի լարումն է, քանի որ առջեւում ապրիլ ամիսն է, իշխանության հավերժացման փորձը պետք է թույլ չտալ։ «Վերարտադրություն» բառն այստեղ անիմաստ է, որովհետեւ միշտ էլ իրենց վերարտադրել են, հիմա հավերժացման փորձ է արվելու, ուստի ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքացիական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ի չիք դառնա իշխանության այդ ցանկությունը։ Մենք հավատում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում հնարավոր է լինելու կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը։ Բայց անգամ եթե հնարավոր չլինի, չի նշանակում, որ մենք հանձնվելու ենք։ Կարեւորն այն է, որ այս ընթացքում ձեւավորվի քաղաքական եւ քաղաքացիական ընդհանուր հարթակ, եւ պայքարը շարունակվի առաջիկա ամիսներին։ Մենք լրջորեն ենք տրամադրված այս հարցին եւ պատրաստ ենք տեւական պայքար մղել։



-**Դուք կարծում եք՝ կձեւավորվի՞ միասնական հարթակ, թե՞ այսօր քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերից շատերը կաշկանդված են փողոց դուրս գալու հարցում**։



-Այդ հանդիպումները շարունակվում են, հետեւաբար՝ չեմ կարող ընդհանուրի վերաբերյալ տեսակետ հայտնել, ես նաեւ չեմ ուզում այդ հանդիպումների պրիզմայով Ձեր հարցին պատասխանել։ Բոլորս գիտենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հստակ դիրքորոշում է հայտնել փողոցային պայքար ծավալելու հարցում, «Երկիր ծիրանին» վաղուց այդպիսի դիրքորոշում ունի, կան նաեւ քաղաքացիական անհատներ, խմբավորումներ, այսինքն՝ նշված շրջանակներում նման տրամադրվածություն հաստատ կա։



-**Իսկ միասնական ճակատով պայքարելու պատրաստակամություն կա՞**։



-Մենք արդեն նախաձեռնել ենք քննարկումներ, իսկ դա նշանակում է, որ մենք բաց ենք եւ դրական ենք վերաբերվում միասնական համագործակցությանը։ Ինչքանով կստացվի, այս պահին վաղ է ասել։



-**Իրենց կողմից կա՞ պատրաստակամություն, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանի հետ հանդիպե՞լ եք, ցանկանո՞ւմ է միասնական պայքարի մասնակցել**։



-Զարուհի Փոստանջյանի հետ հանդիպումը մինչեւ այս պահը չի կայացել, սպասենք եւ տեսնենք՝ մոտակա ժամանակներում կլինի՞, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագրի» վերաբերյալ էլ հավանաբար գիտեք, որ առաջին հանրահավաքին ներկա էին որպես քաղաքացիներ, ինչի մասին նախապես հայտարարել էին, քննարկումները շարունակվում են, հետեւաբար, ես վերջնական ամփոփում չեմ կարող անել որեւէ մեկի վերաբերյալ։



-**Տեսակետ կա, որ «Հանուն Հայաստան պետության ճակատը» մտադիր է շարունակել «Սասնա ծռերի» սկսած պայքարը, ինչն էլ որոշ ընդդիմադիր ուժերի հետ է պահում համագործակցությունից**։



-Մենք պայքարը տեսնում ենք ժողովրդի կամքի արտահայտությամբ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը, ավանդաբար, պետք է արտահայտվի ընտրությունների միջոցով, սակայն Հայաստանում չարժե անգամ խոսել այդ մասին, որովհետեւ վաղուց վերացել է այդ միջոցով կամարտահայտությունը դրսեւորելու հնարավորությունը, այդ նախընտրելի, քաղաքակիրթ ճանապարհը։ Սակայն եթե այդ ճանապարհն իշխանությունների բռնի միջոցներով վերացվում է, դեռ չի նշանակում, որ ժողովրդի կամարտահայտում չպետք է լինի։ Ժողովրդի կամարտահայտությունն արդեն պետք է լինի փողոցում, բայց՝ բացառապես խաղաղ միջոցներով։ Ես վստահ եմ՝ երբ հրապարակում լինի գիտակից ժողովրդի բավարար քանակ, ուրեմն առանց բռնությունների, խաղաղ միջոցներով խնդիրը կլուծվի։ Եվ ոչ մեկը չի կարող բարոյական եւ իրավական ուժ ունենալ ժողովդրի կամարտահայտության դեմ, կարեւորը՝ ժողովուրդը դուրս գա պայքարի, հանրահավաքներով եւ քաղաքացիական այլ անհնազանդություններով, ընդվզման տարբեր դրսեւորումներով իր կամքն արտահայտի եւ իրականացնի։



-**2008-ին համաժողովրդական շարժում ծավալվեց, օրեր շարունակ մարդիկ չհեռացան Ազատության հրապարակից, սակայն իշխանությունները ոչ միայն չընկրկեցին, այլեւ տեսանք, թե ինչ արեցին։ Դուք պայքարի նոր գործիքակազմ ունե՞ք, որ վստահ եք՝ հաջողության կհասնեք**։



-Ես հիմա այս պահին չեմ ուզում նոր մեխանիզմների մասին խոսել։ Դրա ժամանակը չէ, բացի դա՝ ընդդիմադիրների հետ քննարկումների արդյունքում է, որ պետք է ձեւավորվի։ Եթե մենք ասում ենք, որ եկեք-համեցեք, ու քննարկենք, գտնենք առաջնային խնդիրների շուրջ համաձայնություն, հետո քննարկենք մնացյալ հարցերը, նշանակում է, որ խնդրի պատասխանը համատեղ պետք է որոշվի։ Ես գտնում եմ, որ մեզ համար ամենակարեւորն այն է, որ լինի ժողովրդի համաձայնություն։ Իսկ կոնկրետ ինչ դրսեւորում կունենա ժողովրդի կամարտահայտությունը, դա ցույց կտա ժամանակը։



-**Իսկ եթե ժողովուրդը ցանկություն հայտնի գրավել նախագահականը, կառավարությունը, պետական այլ հաստատություններ, ի վերջո, մենք համացանցային տիրույթում նման առաջարկների ենք հանդիպում՝ որպես իրավիճակից դուրս գալու ելք, դա նույնպե՞ս դիտվելու է կամարտահայտություն**։



-Գիտեք, շատ շուտ է նման բաների մասին խոսելը, բայց ամեն ինչ, որ խաղաղ է, եւ մենք դեմ ենք խաղաղ անհնազանդությունը հակաօրինական համարելուն։



-**Իսկ եթե, այդուհանդերձ, ընդդիմության միասնական ճակատ չձեւավորվի, դուք շարունակելո՞ւ եք պայքարը՝ շուրջօրյա հանրահավաքների, նստացույցերի մասին տեղեկություններ կան**։



-Քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են գտնվում, ես հույսս ուզում եմ պահել, բայց նաեւ, քանի որ չեն ավարտվել, ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Մենք հայտարարել ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում փողոցային պայքարն ավելի ակտիվացնելու ենք, ավելին ասել չեմ ուզում։ Մենք հաստատ չենք հրաժարվելու պայքարից։ Ամեն դեպքում վստահ եմ նաեւ, որ մեր բանակցություններն ինչ-որ չափով արդյունք կտան։



-**Համաժողովրդական շարժումն առաջնորդող ՀԱԿ-ի դիրքորոշման մասին կուզեի իմանալ՝ ի՞նչ պատասխան են տվել ձեզ**։



-ՀԱԿ-ից պատասխանել են որ… Ես չեմ ուզում սխալ արտահայտվել, ուստի կասեմ, որ կապերը շարունակվում են։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**