Ներողություն խնդրելու փոխարեն՝ Ավետ ու Արամ, լոլոներ եք հորինում․․․

Ներողություն  խնդրելու փոխարեն՝ Ավետ ու Արամ, լոլոներ եք հորինում․․․
Սխալվելը մարդու համար է ու այս խոսքերը, որ անսխալական մարդ չկա, ամեն օր պետք է հիշել։



Երբ մի հարցում սխալվում ես, ոչ թե պետք է արդարացումներ փնտրել՝ դե գիտեք այդպես ստացվեց, որովհետև․․․



Պատճառաբանություններ բերելուց մարդ նմանվում է ծույլիկ աշակերտի, որ ամեն անգամ դասին պատրաստ չլինելու համար մի պատճառ է գտնում՝ մամաս հիվանդ էր, ջերմություն ունեի, հասնում են նույնիսկ զավեշտալիին՝ տատս մահացել է․․․



Անցնենք Արամ Սարգսյանին։ Ինչու՞ հենց նա հանդես եկավ աղմկոտ «Լավ երեկոյի» մասին գրառմամբ։ Միտում չկա՞ր․․․ Մի պահ պատկերացնենք, որ Ավետ Բարսեղյանն էր գրառում արել։ Մթնոլորտը ավելի կշիկանար, ֆեյսբուքը վերևից ներքև կխառներ իրար։



Արամի նկատմամբ մարդիկ ավելի հանդուժող են։ Այսինքն «գցել- բռնել են», որ [Aram Mp3](https://www.facebook.com/AramMp3Official/?hc_ref=ARTJ_KZ8q5IpRUL_1k0YRHHLytM959znbGA3TDi0yGocTu3GYMufRiOWWzf9kPmiDbs&fref=nf)-ն կարող է մի քանի նախադասությամբ մթնոլորտը հանդարտեցնել։ Ընդունված ձև է, քննադատության դեպքում կամ լռում են կամ խոսում է մեկը, ով հանրության մեջ դեռ խոսելու տեղ ունի։ Եթե թիրախն արտահայտվում է, ավելի մեծ սխալներ է թույլ տալիս։



Ինչևէ, [Aram Mp3](https://www.facebook.com/AramMp3Official/?hc_ref=ARTJ_KZ8q5IpRUL_1k0YRHHLytM959znbGA3TDi0yGocTu3GYMufRiOWWzf9kPmiDbs&fref=nf)-ն վերջին աղմկոտ հաղորդման վերաբերյալ գրառում է արել։ Գրառման մեջ սխալն ընդունելու և ներողություն խնդրելու ոչ մի բառ։ Ավելին, Ավետը ունքը հանելու տեղ, աչքն էլ հետը հանեց։ Ֆեյսբուքյան գրառումից կարդանք ամփոփիչ պարբերությունը․



«Ուզում եմ վստահեցնել, որ թե վերջին հաղորդման ընթացքում և թե նախորդ հաղորդումներում, ես և հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որևէ մեկին»։



Այսինքն կարող էին նաև միտու՞մ ունենալ։ Ու քանի որ միտում չեն ունեցել, ըմբռնումով ու ներողամտորե՞ն պիտի մոտենանք։ Ու ավելի շատ թեքվում է կշեռքի հակառակ ուղղությամբ՝ եթե ստեղծվել է թյուր կարծիք․․․



Ոչ թե կարծիքն է թյուր, այլ ստեղծագործական խմբի ըմբռնումն է թյուր, որ մարտի 8-ին կարելի է գնալ կանանց գաղութ և «խոցելի խմբին» կանացի հարցեր տալ ու հի-հի-հի անել նրանց պատասխաների վրա։ Եվ եթե շատ փակագծեր չեն բացվում, բարի եղեք ձեր ոչ միտումնավոր սխալի համար գոնե ներողություն խնդրել։



Այդ ինչպե՞ս է լինում, երբ մի արտոնյալի պատահաբար չեք վիրավորում։ Գուցե նրա համար, որ անմիջապես հայտնվում եք դրսում կամ զրկվում եք շքեղություններից․․․



Ընդամենը մի նախադասություն էր պետք՝ ներողություն ենք խնդրում, որ հանրությանը վիրավորել ենք։ Հանրությանը և ոչ թե կալանավայրի կանանց։ Հանրությունը բոլոր խոցելի խմբերի տերն է ու նրանից պիտի ներողություն խնդրել։



ՀԳ Ներողություն խնդրելու փոխարեն՝ Ավետ ու Արամ, լոլոներ եք հորինում։ Կալանավայրի կանայք կասեին՝ «ձեզ պալոժ չի՞, ա՜յ․․․»



Հասմիկ Բաբաջանյան