Առաջնայինը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե քաղաքացիությունը

Առաջնայինը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե քաղաքացիությունը
2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրությունը, ի տարբերություն նախկինի, ընտրովի պաշտոններից բացի, նշանակովի պաշտոնյաների համար եւս սահմանում է քաղաքացիության եւ մշտական բնակության ցենզ: Ուշագրավ է, սակայն, որ այս նորամուծության նկատմամբ միանշանակ չեն ոչ միայն իշխանական իրավաբանների մոտեցումները, այլեւ դեռեւս երեք-չորս տարի առաջ այդ Սահմանադրությունը գրողները չեն ցուցաբերել միակարծություն։ Բանն այն է, որ նոր Սահմանադրության 148-րդ հոդվածում (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլից) ասվում է, որ կառավարության անդամը, նաեւ վարչապետը, պետք է բավարարի պատգամավորի վրա տարածվող պահանջներին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից վարչապետը վերջին չորս տարում բացառապես ՀՀ քաղաքացի պետք է համարվի եւ նույնքան ժամանակ էլ մշտապես բնակված լինի ՀՀ-ում՝ բնակության ցենզի հաշվարկն էլ պետք է կատարվի նույն կարգով, ինչ պատգամավորի դեպքում: Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ «պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Այս պահանջը տարածվում է նաեւ կառավարության անդամների վրա։



«Ես համարում եմ, որ նախարարներն այն մարդիկ չեն, որոնք պետք է ենթարկվեն նման սահմանափակումների, որովհետեւ արհեստավարժությունը կապ չունի այդ ամենի հետ: Պետք է նշել, որ ժամանակակից երկրներն այդ առումով եւս ավելի ազատ կարգի են գնում»,- մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում մեկնաբանելով այս նորամուծությունը՝ կարծիք էր հայտնել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ չմեկնաբանելով, թե ինչով է պայմանավորված նորամուծությունը:



Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան **Գագիկ Ղազինյանը** համակարծիք է Դավիթ Հարությունյանի հետ․ «Գիտեք, ես էլ այդ չափորոշիչներին առաջնահերթություն չէի տա, գործադիր իշխանությունում առաջնայինը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը։ Ես ուղիղ, անմիջականորեն չեմ առնչվել այդ դրույթի մտցնելու հետ, հանձնաժողովում մասնագիտական բաժանում կար, եւ յուրաքանչյուր գլխի կամ բաժնի վրա աշխատում էր որոշակի անդամ։ Ես աշխատել եմ գլխավորապես դատական իշխանության վերաբերյալ գլխում։ Հետեւաբար, իմ կարծիքը չէր կարող վճռորոշ լինել։ Կարծում եմ, որ այդ դրույթի հիմքում եղել է այն հիմնավորումը, որ քաղաքացի լինելը կարող է ավելի շահագրգռել տվյալ հավակնորդին կամ միգուցե նվիրվածությունը կամ լավ աշխատանքը։ Ես համաձայն եմ, որ գործադիր մարմնի ներկայացուցչի դեպքում պետք է առաջնայինը լինի պրոֆեսիոնալիզմը, ու չեմ բացառում, որ քաղաքացիություն չունեցողը կամ մշտական չբնակվող արհեստավարժը կարող է ավելի լավ աշխատել»։ Ղազինյանը չհիշեց, թե ով է եղել կոնկրետ առաջարկի հեղինակը։ Նշենք, սակայն, որ Սահմանադրության, այսպես կոչված, քաղաքական լուծումները տրվել են Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի կողմից։



Ուշագրավ է, որ հենց այս հոդվածի վրա հղում անելով է, որ շատերը կարծիք են հայտնում՝ Հայաստանի ներկա վարչապետը չի կարող 2018թ. ապրիլի 9-ից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Մինչդեռ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները, Կարապետյանին հանձնելով վարչապետի պաշտոնը, նրան ներկայացնում էին որպես Հայաստանի փրկիչ։ Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կարապետյանի շնորհիվ ՀՀԿ-ն ապահովեց իր վերարտադրությունը, ասպարեզ նետվեցին այլ հարցադրումներ, թե ինչ կարգավիճակով է Կարապետյանը 2011-2016թթ. աշխատել Ռուսաստանում՝ զբաղեցնելով «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը, արդյո՞ք նա երկքաղաքացի է եղել: Ավելին՝ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի շրջապատից ինֆորմացիոն արտահոսքեր էին լինում, թե Կարապետյանը չի համապատասխանում նաեւ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջին, ինչը նշանակում է, որ նա այդ չորս տարվա երկուսից ավելին ֆիզիկապես գտնվել է Հայաստանում: Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 13-ին։



Ղազինյանից հետաքրքրվեցինք՝ միգուցե ի սկզբանե Կարապետյանի անձով պայմանավորվա՞ծ է Սահմանադրության մեջ ամրագրվել վերոնշյալ դրույթը, սակայն նա արձագանքեց․ «Դուք արդեն խոսում եք դավադրությունների տեսությունից, որից ես բավականին հեռու եմ։ Թեպետ ոչ մի բան չի բացառվում, բայց այս մեկնաբանությունը… չգիտեմ, մի քիչ հեռու է իրականությունից»։ Ղազինյանը չցանկացավ մեկնաբանել նաեւ, թե ինչու է Սահմանադրությունից բխող օրենսդրությամբ Հայաստանում «մշտական բնակչի» կարգավիճակի սահմանումն այնքան դյուրացվել, որ ցանկության դեպքում հնարավոր է շատերին տալ նման տեղեկանք։ «Հարցրեք դրանց հեղինակներին»,- ասաց նա։ Խնդիրն այն է, որ եթե տարիներ առաջ մի 6 ամիս Հայաստանից բացակայելը խոչընդոտ էր հանդիսանում, որ անձին ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցեին (բնակության հետ կապված ցենզը պահանջում էր, որ յուրաքանչյուր տարվա 6 ամիսը անձը Հայաստանում բնակված լիներ, որպեսզի կարողանար առաջադրվել պատգամավորի կամ նախագահի թեկնածու), ապա հիմա այդ հաշվարկն արվում է ավելի հեշտ։ Օրինակ՝ 4 տարվա մշտական բնակիչ է համարվում, եթե 1461 օրերի կամ չորս տարվա ընթացքում առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Ստացվում է, որ քաղաքական հավակնություններ ունեցող անձը չորս տարվա ընթացքում կարող է 2-3 տարի բացակայել երկրից։ Իշխանություններին մանեւրի անծայրածիր հնարավորություն է տալիս նաեւ «բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով» դրույթը։ Հիմա կարող են ցանկացածի բացակայությունը «մեկնաբանել» որպես «ծառայողական նպատակներով» գործուղում։ Մեզ, ցավոք, չհաջողվեց զրուցել Սահմանադրության իդեոլոգների՝ ո՛չ Վարդան Պողոսյանի, ո՛չ Հրայր Թովմասյանի հետ։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**