Մեդալ տվողը՝ առանց մեդալի

Մեդալ տվողը՝ առանց մեդալի
Նախագահի պաշտոնում իր «վերջին զանգին» նախապատրաստվող Սերժ Սարգսյանը ցայտնոտային օպերատիվությամբ աշխատում է մեդալների ու պարգեւների արժանացնել բոլոր արժանիներին՝ ոչ մեկին «դիլխոր» չթողնելու մտայնությամբ: Ինչ-ինչ՝ հատկապես պարգեւատրելու եւ կոչումներ շնորհելու հարցում «նախագան» առատաձեռն է եղել: Քանի-քանի՜ կուրծք է շողշողացել նրա փակցրած մեդալներից, քանի՜ հոգի է փառավորվել այն մտքից, որ այս վաղանցուկ աշխարհում իրեն բախտ է վիճակվել գնահատվել պետության առաջին դեմքի կողմից, նրա կողքին կանգնել, կուրծքը դեմ տալ, որ մեդալը փակցնի, նրա հետ լուսանկարվելու շնորհին արժանացել: Սերժ Սարգսյանի կողմից շնորհված մեդալների (պարգեւների) եւ մեդալակիրների՝ ստացած մեդալներին արժանի լինելու հանգամանքը մշտապես քննարկվել է հասարակական տարբեր շրջանակների կողմից, եւ շատ են դեպքերը, երբ մեդալ ստացողի վրա, այսպես ասած, «հարամ է արվել» ստացած մեդալը կամ պարգեւը՝ կասկածի տակ առնվել նրա արժանի լինելու հանգամանքը: Նկատենք, որ նախագահի պաշտոնական կայքի՝ հաճախ տրվող հարցերի ցանկում ներառված հարցերից երեքը վերաբերում են պարգեւատրումներին (սա հուշում է, որ պարգեւատրումների հարցը հանրությանը հուզող հարցերի շարքում է):



Մասնավորապես՝ ում կողմից եւ ինչպես է իրականացվում ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման գործընթացը, ինչ արժանիքների համար են շնորհվում ՀՀ պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները, որոնք են ՀՀ նախագահի կողմից շնորհվող ՀՀ պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները: Այս հարցերի վերաբերյալ կարճ տեղեկատվություն կա՝ համապատասխան օրենքին հղումով: Ըստ այդմ՝ ՀՀ պետական պարգեւներով պարգեւատրվում են պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության եւ պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաեւ ունեցած ակնառու այլ ծառայությունների համար: ՀՀ պատվավոր կոչումները շնորհվում են, մասնավորապես, գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար: ՀՀ-ին, հաuարակությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով հիմնվում են պետական պարգեւներ` ՀՀ բարձրագույն կոչում, ՀՀ շքանշաններ, մեդալներ եւ պատվավոր կոչումներ: ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ նախագահի հրամանագրով:



Սերժ Սարգսյանը միայն աջ ու ձախ մեդալներ բաշխող պաշտոնյա չէ, նա նույնպես մեդալակիր է, սակայն՝ նկատելիորեն աղքատ: Ըստ president.am-ի` «Ս. Սարգսյանն ստացել է Արցախի հերոսի կոչում, Ոսկե արծիվ շքանշան, ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի, Տիգրան Մեծի շքանշաններ, պետական այլ պարգեւներ»: Տեսնենք, թե ինչ արժանիքների համար են շնորհվում այդ պարգեւները:



«Արցախի հերոս» կոչումն Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչումն է, հերոսի կոչման արժանացած անձանց տրվում է «Ոսկե արծիվ» շքանշան։ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Նկատենք, որ Սերժ Սարգսյանը միակը չէ, որ արժանացել է այդ պատվաբեր կոչմանը, երկու տասնյակից ավելի կոչումնավորների թվում են նաեւ, մասնավորապես, Սամվել Բաբայանը, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի զոհերից մեկը՝ Ռոբերտ Աբաջյանը:



Ինչ վերաբերում է «Մարտական խաչ» շքանշանին, ապա այն շնորհվում է հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ցուցաբերված բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան: «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգեւատրվել, մասնավորապես, Արցախյան ազատամարտում նահատակված հերոս Վարդան Ստեփանյանը, Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ Վիգեն Ավետիսյանը, Արցախյան ազատամարտի հրամանատար Լեոնիդ Ազդալդյանը: Ս. Սարգսյանն իր պաշտոնավարման շրջանում, մասնավորապես՝ 2016-ին, այս շքանշանով է պարգեւատրել մոտ մեկ տասնյակ զինվորականների:



Տիգրան Մեծ շքանշանը շնորհվում է ՀՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Ոսկեկուռ, ռուբիններով ու ադամանդներով (0,1 կարատանոց 8 ադամանդ կա այդ շքանշանի վրա) զարդարված այս շքանշանով պարգեւատրվում են ՀՀ պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը (Պնախարար Ս. Սարգսյանն այս շքանշանին է արժանացել 2006-ին՝ պետականության կայացման, բանակաշինության եւ հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար): 2014 թ. օգոստոսի 9-ից ՀՀ նախագահն այս շքանշանով կարող է պարգեւատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգեւատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Շքանշանով պարգեւատրելու միջնորդություններ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ վարչապետին: Ս. Սարգսյանի կողմից այդ շքանշանն է շնորհվել ակնառու պետական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին: Շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին` ակադեմիկոսն ահա թե ինչ է ասել. «Ես սիրում եմ Հայաստանը, Հայաստանն իմն է: Հայաստանը քոնն է, Հայաստանը մերն է: Եկեք մոռանանք ամեն ինչ, հավաքվենք միասին եւ դարձնենք Հայաստանը գեղեցիկ եւ ծաղկուն երկիր, որպեսզի ուրիշ ժողովուրդները մատնացույց անեն եւ ասեն. «Տեսեք, թե 21-րդ դարի հայերն ինչպիսի Հայաստան ստեղծեցին»»:



**ՀԳ.** _Ի դեպ, քանի որ նախագահի պաշտոնական կայքում նշված չէ, թե նա ինչ այլ պարգեւներ ու կոչումներ է ստացել, նշենք դրանցից մի քանիսը: Մասնավորապես՝ 2015-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նրան է ուղարկել Ոսկե մեդալ: Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորի կողմից էլ Սարգսյանին շնորհվել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան (2012): Նա արժանացել է նաեւ Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի (2015), ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի (2017) կոչման: Նկատենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հենց այս բուհն է ավարտել, որի պատվավոր դոկտոր է նաեւ ինքը: Ալիեւի կոչումների, պարգեւների ցանկը, ի դեպ, սկիզբ ունի՝ վերջ չունի:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**