«Ելք»-ը նորից անտեսել է ՏԻՄ ընտրությունները

«Ելք»-ը նորից անտեսել է ՏԻՄ ընտրությունները
Այս կիրակի՝ մարտի 11-ին, Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրությունները հերթական են, մեկում՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, ավագանու անդամների արտահերթ ընտրություն։ 20 համայնքներից չորսում տեղի կունենա միայն համայնքի ղեկավարի ընտրություն, վեցում՝ համայնքի ավագանու, իսկ տասը համայնքում՝ ե՛ւ ղեկավարի, ե՛ւ ավագանու։



Համայնքի ղեկավարների թեկնածուների հիմնական մասը ՀՀԿ-ից է եւ միանձնյա թեկնածուներ՝ մրցակիցներ չունեն, նրանց ճնշող մեծամասնությունն էլ՝ գործող համայնքապետեր։ Միայն երկու համայնքում՝ Լոռու մարզի Դեբետ եւ Կոտայքի մարզի Հացավան համայնքներում են թեկնածուները ԲՀԿ-ից, իսկ մեկ համայնքում էլ՝ Դաշնակցությունից․ նա նույն՝ Դեբետ համայնքի ղեկավարի համար պայքարում է ԲՀԿ-ական թեկնածուի դեմ։ Այս համայնքում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել ու դաշտը թողել է ազատ, որ մրցակցեն նախկին ու ներկա կոալիցիոն կուսակցությունները։ Սա եւս մեկ անգամ փաստում է ՀՀԿ-ի մոնոպոլ դերը ՏԻՄ ընտրություններում։



Այս մոնոպոլիայի հարցում իր մեղքի բաժինն ունի մոնոպոլիաների դեմ ամբիոններից պայքարող ընդդիմությունը, որը կարող է լիարժեք օգտագործել օրենքով ընձեռված հնարավորությունն ու կոտրել իշխանական այս մենաշնորհը, բայց չի անում։ Մասնավորապես՝ խոսքն այս դեպքում «Ելք»-ի մասին է, որը խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններում որոշակի հաղթանակ գրանցելուց հետո ձեռքերը ծալել է ու մի կողմ քաշվել։ Նրանք արդեն քանի ընտրություն է՝ անտեսում են ՏԻՄ-երում հաղթելու ոչ պակաս կարեւոր հանգամանքն ու արհամարհում այս ընտրությունները։ Մինչդեռ նույն «Ելք»-ից, օրինակ, Էդմոն Մարուքյանը, որ Լոռու մարզից ընտրված պատգամավոր է, ամեն առիթով բարձրագոչ ելույթներ է ունենում մարզերի համաչափ զարգացման մասին, քննադատում իշխանություններին ամեն ինչ Երեւանում կենտրոնացնելու, մարզերն անտեսելու համար։ Բայց նույն անտեսողի դերում իրենք են, երբ ոչ մի ՏԻՄ ընտրության չեն մասնակցում ու չեն փորձում ՀՀԿ-ից իշխանությունը վերցնել, թեկուզ՝ գյուղ առ գյուղ։ Իրենք «պլանկան» ավելի բարձր են դրել ու ավելի հավակնոտ ծրագրեր ունեն՝ միանգամից երկիրը գրավել, որն այդպես էլ չի ստացվում նրանց մոտ։



«Ելք»-ից Երեւանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող **Արայիկ Հարությունյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ այնպես չէ, թե ՏԻՄ ընտրությունները չեն կարեւորում եւ չեն մասնակցում եւ, որպես հավաստիացում, բերեց Լոռու մարզի Լեռնավան գյուղի ավագանու անդամի ընտրություններում «ՔՊ» համակրի մասնակցությունը։ Այսինքն՝ 20 համայնքներից ընդամենը մեկում, այն էլ՝ ավագանու անդամի (որն անգամ կուսակցական էլ չէ) թեկնածություն առաջադրելը «Ելք»-ում համարում են մասնակցություն։



Հետո ավելի բացեց այս ընտրություններին իրենց պասիվության փակագծերը․ «Այս ընտրություններին մասնակցությունն ակտիվ չէ, որովհետեւ համայնքների թիվն էլ է շատ փոքր, որոնք մասնակցում են, ու էդտեղ թեկնածուներ չունենք, մասնակցում ենք հանձնաժողովներում, բոլոր տեղերում ներկայացված ենք»։



Հարցին՝ եթե կարեւորում են ՏԻՄ ընտրությունները, ինչո՞ւ չեն մասնակցում, կարո՞ղ է Երեւանի ավագանու եւ ԱԺ ընտրություններում հաղթանակից հետո քաշվել են մի կողմ, պարոն Հարությունյանը մատնանշեց իրենց տարածքային կառույցների վերակազմավորման, ուժեղացման խնդիրը։



«Հիմա նայեք՝ տարածքային կազմակերպությունների վերակազմավորման խնդիրներ են դրվել, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, ու անցած տարվա վերջում էլ որոշում է կայացվել խմբեր ստեղծել, որ այս տարվա առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենանք։ Ու մեզ համար տարօրինակ էր, որ մարտ ամսին խոշորացման էն փնջերը, որոնք կային, չդրվեցին քվեարկության, դրանց պատրաստվում ենք ակտիվ մասնակցել։ Բայց ենթադրում եմ, որ հունիս ամսին, երբ որ էդ խոշորացված համայնքների ընտրությունները կայանան, դրանց անպայման մասնակցելու ենք»,- ասաց նա։



Նրան հիշեցրինք Էդմոն Մարուքյանի՝ մեզ տված հարցազրույցի այն միտքը, թե իրենք ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, որովհետեւ թեկնածուները վախենում են գնալ-մեռնել ՏԻՄ ընտրությունների համար, որովհետեւ, իր տրամաբանությամբ, իշխանական թեկնածուների կողմից նման վտանգ կա։ Քանի՞ անգամ են տեսել, որ ինչ-որ գյուղապետի ընտրության համար ՀՀԿ-ական թեկնածուները մարդ սպանեն, իրենց մրցակիցներին վնասեն, կենաց-մահու կռիվ տան։ Արայիկ Հարությունյանը սա այսպես մեկնաբանեց․ «Գուցե դա պատճառներից մեկն է նշել, բայց կան նաեւ այլ պատճառներ, որոնց պատճառով չենք մասնակցում, եւ որոնց մասին նշեցի՝ տեղական կառույցների խնդիրն է, թեկնածուների խնդիրը»։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**