Պենտագոնը զգուշանում է

Պենտագոնը զգուշանում է
«Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտը հնարավոր է 2025 թվականին զրկվի Ռուսաստանի նկատմամբ իր առավելություններից»,- հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Կերտիս Սկապարոտտին: Այս մասին գրում է Defence One պարբերականը:



«Հաշվի առնելով այն արագությունը, որով նրանք (ռուսները) մոդեռնիզացնում են իրենց արսենալը, մենք իրավունք չունենք թուլացնելու մեր սպառազինությունների նորացման գործընթացը: Հակառակ դեպքում, արդեն 2025 թվականին նրանք կսկսեն վիճարկել մեր բանակի իշխող դրքերը գործնականում բոլոր ուղղություններով»,- ասել է գեներալը:



Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանի ջանքերը Արկտիկայի ծովային ճանապարհների վրա հսկողություն սահմանելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ եթե Մոսկվան ցանկանա, կարող է 2-3 տարուց հոսկողություն սահմանել հյուսիսային ծովային ճանապարհների վրա, մինչդեռ ԱՄՆ-ն հետ է մնում այդ ուղղությամբ:



Ինչպես նշում է Defence One-ը, Եվրոպայում ԱՄՆ ուժերի ղեկավարությունը (EUCOM) պահանջել է 6,5 միլիարդ դոլար՝ «Զսպման եվրոպական նախաձեռնությունների» ֆինանսավորման համար, որոնք ուղղված են հենց Ռուսաստանին զսպելուն: Ծրագրվում է այդ գումարը ծախսել «օդուժի, ցամաքային և ծովային ուժերի» մարտունակության բարձրացման նպատակով:



Defence One-ը նաև հիշեցնում է Rand Corporation վերլուծական կենտրոնի զեկույցը, համաձայն որի՝ վերջին 10 տարիներին Ռուսաստանն անընդհատ կրճատել է ՆԱՏՕ-ից հետ մնալու տարածությունը: Դրան զուգահեռ Մոսկվան ուժեղացնում է իր եվրոպական խմբավորումը՝ արժեքավոր պատրաստվածություն ձեռք բերելով Սիրիայում: