ՀՀԿ-ն կոալիցիան ընդլայնելու ցանկություն չունի, բայց եթե կան ցանկացողներ՝ կքննարկեն

ՀՀԿ-ն կոալիցիան ընդլայնելու ցանկություն չունի, բայց եթե կան ցանկացողներ՝ կքննարկեն
«Ծառուկյան դաշինքն» իր քայլերում գրեթե չի տարբերվում իշխող կուսակցությունից, վերջերս էլ միաձայն կողմ քվեարկեցին ՀՀ նախագահի թեկնածուին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, մի խոսքով՝ իշխանություն չեն, բայց շատ մոտ են կանգնած իշխանությանը եւ լիիրավ իրավունք ունեն հավակնելու կոալիցիոն իշխանության մեջ տեղ զբաղեցնելուն։ Հնարավոր է ապրիլյան զարգացումներից հետո դաշինքը վերջ տա երկկենցաղությանը եւ մաս կազմի իշխող կոալիցիային, հատկապես, որ վերջին շրջանում խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում ՀՀԿ-ի կոալիցիոն զուգընկերոջը՝ ՀՅԴ-ին սեւացնելու, խայթելու համար։ Օրինակ՝ կառավարության վերջին հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան դաշինքի» չորս պատգամավորների հարցերն ուղղված էին կրթության, գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին։



Գագիկ Ծառուկյանն էն անձնավորությունը չէ, որ հուզված լինի պորտֆելի համար»,- կարծում է խմբակցության պատգամավոր **Վարդան** **Բոստանջյանն** ու առաջարկում․ «Պորտֆել թող վերցնեն այն մարդիկ, ովքեր ամբողջ կյանքը նվիրել են պորտֆելին»։ Իսկ կոալիցիա մտնելու հարց դաշինքում չի քննարկվել։ Սերգեյ Բագրատյանն անհավանական է համարում, թե իրենք կդառնան կոալիցիայի անդամ, նույնիսկ եթե հնարավոր լինի այդ կոալիցիայում կյանքի կոչել «Ծառուկյանի 15 կետերը»։ «Այո»,- միանշանակ պնդեց Բագրատյանը՝ ասելով, որ իշխանության վերաբերմունքից այլ բան հնարավոր չէ ակնկալել․ «Մենք տեսնում ենք, չէ՞, որ համառորեն մերժում են մեր բոլոր առաջարկները, իսկ դա նշանակում է, որ մարդիկ պատրաստ չեն մեր ծրագիրը կյանքի կոչել»։ Այդուհանդերձ, նա չի ասում «երբեք»․ եթե ապագա վարչապետը համագործակցության առաջարկ անի, իրենք կմտածեն․ «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց այս պահին որեւէ ծրագիր, քննարկում չունենալով ակնկալել, որ դա կլինի, լուրջ չէ»։



**Նապոլեոն Ազիզյանը**, փոխարենը, դեմ չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիային․ «Եթե մենք միանանք, ու հնարավոր լինի մեր ծրագրերն իրականացնել, խնդիր չեմ տեսնում, բայց ես ազնիվ խոսք եմ ասում՝ նման քննարկում դաշինքում չի եղել»։ Ազիզյանի համոզմամբ՝ իշխանություններն էլ են փոփոխություններ ուզում, ուստի չի բացառվում, որ նման առաջարկ անեն։ «Իրենք էլ են, չէ՞, ուզում, որ լավ լինի, եւ եթե պարոն Ծառուկյանին թույլ տան, որ ներդրումներ բերի, ինչ-որ բնագավառներ կարգի բերի, ինչի՞ չէ»,- զարմանում է նա։ Ազիզյանը, ավելի հեռուն գնալով, շեշտում է․ «Եթե կոալիցիա կազմվի, ուրեմն անպայման պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որ թույլ տան աշխատել, որովհետեւ չի կարելի ինքնանպատակ կոալիցիա մտնել»։



Իսկ գուցե դաշինքն ի՞նքը դնի վերջակետ եւ դուրս գա կիսաընդդիմության անհարմար կարգավիճակից, ցանկություն հայտնի կոալիցիա մտնելու։ **Վարդեւան Գրիգորյանը** չի կարծում, թե իրենք անհարմար վիճակում են․ «Մենք կառուցողական ընդդիմություն ենք։ Շատ նախագծերի կողմ ենք քվեարկել, կան նաեւ նախագծեր, որ դեմ ենք քվեարկել, դա ոչինչ չի նշանակում»։ Նա չի կարծում, թե դաշինքի քվեարկության արդյունքում իշխանության նախագահի թեկնածուն ընտրվեց առաջին փուլով, եւ իշխանությունների լեգիտիմության խնդիր առաջ չեկավ։ «Ոչ, մենք ասել ենք, որ երբեք չենք գնա քայլերի, որտեղ պարտություն կկրենք»,- մեկնաբանում է նա։ Առաջարկեցինք փոխել ճամբարը, որպեսզի մշտապես հաղթանակած դուրս գան։ «Լավ, իսկ ի՞նչ է տալու բոլոր նախագծերին ինքնանպատակ դեմ քվեարկելը»,- առաջարկին հարցով պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը, ապա ավելի անկեղծացավ, որ կոալիցիայի հեռանկար չի տեսնում, քանի որ արդեն իսկ կա քաղաքական մեծամասնություն։ Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի ՀՅԴ-ին փոխարինել «Ծառուկյան դաշինքով», կհամաձայնե՞ն դրան։ «Խոսել մի բանի մասին, որը չկա, ճիշտ չէ»։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես ապրիլից հետո կոալիցիան ընդլայնելու հնարավորության մասին հարցին հարցով պատասխանեց․ «Ինչո՞ւ, դուք կարծում եք՝ կա՞ խնդիր, որ կոալիցիան չի կարողանում իրականացնել»։ Բաղդասարյանը չի կարծում, թե իրենց մոտ կոալիցիան ընդլայնելու ցանկություն կառաջանա։ Իսկ եթե ցանկացողներ լինեն, կընդունե՞ն։ «Եթե հարցը բարձրացվի, մենք կքննարկենք»։ Հիշեցրինք ՊՊԾ գնդի դեպքերից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունն «ազգային համաձայնության իշխանություն» ձեւավորելու անհրաժեշտության մասին՝ չկա՞ արդյոք նման անհրաժեշտություն։ «Եթե հետեւում եք, կտեսնեք, որ դա աստիճանաբար լինում է։ Դա միանգամից չի լինի։ Եթե ավելի ենք բացում այդ սահմանումը, ապա կարող ենք փաստել, որ մենք պարտադիր չենք համարում, որ անպայման ՀՀԿ-ական պետք է լինեն, որ իշխանության մաս կազմեն, դուք կարող եք տեսնել կառավարության կազմը եւ կտեսնեք,որ մենք աստիճանաբար գնում ենք դրան»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**