Մեկը մերժել է Արարատ Խանդոյանի բողոքը, մյուսը՝ թարսվել Վահան Շիրխանյանի հետ․ ինչո՞վ են հայտնի ԲԴԽ նոր անդամները

Մեկը մերժել է Արարատ Խանդոյանի բողոքը, մյուսը՝ թարսվել Վահան Շիրխանյանի հետ․ ինչո՞վ են հայտնի ԲԴԽ նոր անդամները
Մինչ մամուլը օրեր շարունակ բացահայտում էր Բարձրագույն դատական խորհրդի՝ ԱԺ-ի կողմից ընտրված 5 անդամի կենսագրությունները, ներկայացնում հանրությանը, ավելի ուշ՝ մարտի 1-ին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը քննարկեց եւ ընտրեց ԲԴԽ մյուս 5 անդամին։ Նրանք են․ Արմեն Բեկթաշյան՝ 5 տարի ժամկետով, Անի Մխիթարյան՝ 5 տարի, Սերգեյ Չիչոյան՝ 5 տարի, Արմեն Խաչատրյան՝ 3 տարի, եւ Ռուզաննա Հակոբյան՝ 3 տարի ժամկետով։



Ի տարբերություն ԱԺ-ի ընտրած ԲԴԽ անդամների, երկրորդ հնգյակն առավել երիտասարդ է, բայց հայտնի է բավականին աղմկահարույց պատմություններով։



«Հրապարակն» առանձնացրել է նրանցից մի քանիսին։



**Արմեն Բեկթաշյան**․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Ա․ Բեկթաշյանին ճանաչում են որպես կոպիտ, պահանջկոտ դատավորի։ Նա ծնվել է 1971 թվականին, Երեւան քաղաքում: Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա ծառայել ՀՀ զինված ուժերում։ Նա երկար ժամանակ քննիչ է աշխատել, ապա՝ դատախազ։ Պարզվում է՝ Բեկթաշյանը նաեւ ազատամարտիկ է, 1990 թվականից մինչեւ 1992-ը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի առթիվ 1994 թվականի մայիսի 6-ին պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: 2014 թվականին Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Եղել է նաեւ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։



Արմեն Բեկթաշյանն առավել հայտնի դարձավ Բուդաղյանների գործի քննությունից։ Այժմ էլ նա քննում է Նորք-Մարաշի զինված խմբի գործը, որը բավականին լարված մթնոլորտում է անցնում։ Նրա եւ գործով ամբաստանյալ՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ջրերը, կարծես, մեկ առվով չեն հոսում։ Վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանը դատական նիստերից մեկի ընթացքում նշեց, որ երբ իր պաշտպանյալն իրեն վատ է զգացել, որի համար շտապօգնություն են հրավիրել, միջանցքում Բեկթաշյանը Շիրխանյանին ասել է՝ ի՞նչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես։



**Անի Մխիթարյան**․ 47-ամյա դատավորը ծնվել է Գյումրի քաղաքում, սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1996 թվականից մինչեւ 2005 թ․ աշխատել է Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ՝ վարչության պետի տեղակալ։ Եղել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ Աշխատել է նաեւ Հյուսիսային քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր: 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



Թեեւ այս դատավորը չի քննել որեւէ հասարակական հնչեղություն ունեցող գործ, սակայն ժամանակին փաստաբաններ Նորայր Նորիկյանը եւ Գագիկ Մելիքյանը միասին դիմում են ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2016 թվականի «Տարվա լավագույն դատավոր» Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ նրան կարգապահական տույժի ենթարկելու նպատակով: Ըստ նրանց՝ Անի Մխիթարյանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերի, նույն օրենսգրքի 153․2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ ենթակետերի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ, 5-րդ կանոնի 2-րդ պարբերության պահանջները։ Քաղաքացիական գործն իր վարույթ ընդունելու պահից՝ 2015թ․ ապրիլի 14-ից մինչեւ նշված դիմումը ներկայացնելու օրը անցել է շուրջ 2 տարի 4 ամիս, որի ընթացքում լավագույն դատավոր Անի Մխիթարյանը նշանակել է 6 դատական նիստ, որից հինգը, ըստ էության, չի կայացել:



**Սերգեյ Չիչոյան**. Ծնվել է 1966 թվականին, Գավառ քաղաքում։ Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է որպես իրավաբան, եղել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչեւ 2009-ը զբաղեցրել է Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը: 2009 թվականի փետրվարի 27-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Սերգեյ Չիչոյանն այն երեք դատավորներից է, որը քննել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բերած բողոքը, որը մերժվել է։ Վերջինս էլ մեղադրանքներ էր հնչեցրել Սերգեյ Չիչոյանի հասցեին՝ հիշեցնելով, որ Չիչոյանն իր կալանքի երկարաձգման հարցը քննելիս առանց իրեն ու իր պաշտպանի է նիստ արել։



**Արմեն Խաչատրյան**․ Ծնվել է 1971 թվականին, Գյումրի քաղաքում։ Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է որպես քննիչ, ավագ քննիչ։ 2005 թվականին ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ 2006-2007 թթ․ աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։ 2007 թվականից առայսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արմեն Խաչատրյանը գյումրեցիների հիշողության մեջ մնացել է որպես 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանն աշտարակից զրկելու վճիռ կայացրած դատավոր։



**Ռուզաննա Հակոբյան**․ Ամենատարիքավորն է հնգյակում՝ ծնվել է 1967 թվականին, Երեւան քաղաքում։ Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, աշխատել է որպես փաստաբան, 2002-2008 թթ․՝ ՀՀ տնտեսական դատարանի, 2008-2015 թթ․՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր: 2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։ Ռուզաննա Խաչատրյանը հայտնի դարձավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպից։ Գասպարին 2014 թվականի ապրիլի 7-ին վարչական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հայցվորի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների հասցեին։ Քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց նաեւ այն բանի համար, որ նա, ըստ մեղադրանքի, վիրավորել է նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանին՝ ասելով․ «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ... Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք։ Որպես գործակալներ՝ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»:



Հավելենք, որ այս 5 տեղի համար առաջադրվել էր 19 թեկնածու։



Հիշեցնենք, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ էին ընտրվել Գագիկ Հարությունյանը, Գեւորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեղրյանը։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**