Կառավարության օրակարգում կրկին Մեռելոցի հարցն է

Կառավարության օրակարգում կրկին Մեռելոցի հարցն է
ՀՀ Կառավարության վաղվա նիստում բավական ուշագրավ մի հարց կա: Ըստ այդ հարցի, առաջարկվում է, որպեսզի ապրիլի 2-ը, որ երկուշաբթի է, համարվի ոչ աշխատանքային, իսկ դրա փոխարեն աշխատանքային դառնա ապրիլի 7-ը, որը շաբաթ օր է: Հիմնավորումն այն է, որ ապրիլի 2-ը, ըստ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի, Սուրբ Հարության մեռելոցի օրն է, քանի որ ըստ եկեղեցական-ծիսական տոնացույցի, այս տարի Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը ընկնում է ապրիլի 1-ին: Նրանք, ովքեր փոքրիշատե ծանոթ են Մեռելոցների ոչ աշխատանքային օր լինելու հարցի պատմությանը, կհիշեն, որ Մեռելոցները որպես ոչ աշխատանքային օր հայտարարվեց Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին:



Արդեն Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք այս հարցը նորից բարձրացավ օրակարգ: Այն ժամանակ մամուլը գրեց, որ Հովիկ Աբրահամյանի եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի միջեւ այս թեմայով տեղի էր ունեցել բավական լարված խոսակցություն, եւ Գարեգին Բ-ն, փորձելով պաշտպանել Մեռելոցների ոչ աշխատանքային լինելու հարցը, հայտարարել էր, որ հարցը ներկայացնելու է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ չի ցանկացել հարցը ավելորդ բարդացնել եւ ընդհանուր կոմպրոմիսային որոշում է կայացվել, որ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության Մեռելոցները լինեն ոչ աշխատանքային, իսկ մնացածները աշխատանքային, բայց պայմանով, որ գործատուները չմերժեն իրենց աշխատողներին արտոնել գնալ գերեզմանոց՝ իրենց ննջեցյալներին այցելության: Նույնիսկ տեսանյութ է պահպանվել, թե ինչպես է այդ հարցը Կառավարության նիստին զեկուցում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ հայրենի կառավարությունը համեմատելով, ասենք թուրքական կառավարության հետ, որտեղ կրոնական հիշատակի օրերի հետ կապված համայնքները որոշ արտոնություններ ունեն աշխատանքի չգնալու:



Երբ Հանրապետության վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը, հարցը կրկին բարձրացավ օրակարգ եւ էլի կոմպրոմիսային կիսատ-պռատ լուծում առաջարկվեց: Այժմ արդեն այս հարցի ներառումից կարելի է հասկանալ, որ, ըստ էության, մեռելոցների հարցը կամաց-կամաց դուրս է գալիս օրակարգից, քանի որ միայն Սուրբ Ծննդյան Մեռելոցն է, որ պաշտոնապես հայտարարվեց ոչ աշխատանքային, իսկ ահա տարվա երկրորդ Մեռելոցի համար հատուկ որոշում է կայացվելու եւ աշխատանքային օրերի տեղափոխություն է արվելու: Սակայն Սուրբ Ծննդյան Մեռելոցը այսպես թե այնպես մտնում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան արձակուրդային շրջանի մեջ եւ այդպես արդեն հարցը լուծվում էր, ինչպես եղավ այս տարի: Հետաքրքրական է, թե ինչ է լինելու արդեն հաջորդ տարի, քանի որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 2018-ի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան արձակուրդները վերջինն են լինելու որպես երկար արձակուրդ:



**Տիգրան Վահանե**



##### ​