Թեկնածուների առաջադրումն սկսվել է

Թեկնածուների առաջադրումն սկսվել է
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարել է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար:



Համաձայն ԳԱԱ կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն եւ կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու: Լեզվի ինստիտուտի տնօրենի թեկնածուն պետք է լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտական աստիճան, գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:



Առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ նաեւ՝ հրատարակված աշխատությունների եւ հոդվածների ցանկ, կազմակերպության զարգացման ծրագիր, գիտական աստիճանը հաստատող դիպլոմի (դիպլոմների) պատճենը, գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրա առկայության դեպքում)։



Թեկնածուների հիմնավորված առաջադրումները մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացվեն ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունք։



ԳԱԱ լեզվի ինստիտուտի ներկայիս տնօրեն **Վիկտոր Կատվալյանի** թեկնածությունն առաջադրվել է երեկ՝ ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից ընդհանուր ժողովի ընթացքում, բայց թեկնածուներ դեռ կարող են առաջադրել նաեւ բաժանմունքի բյուրոն, ինչպես նաեւ ԳԱԱ թղթակից անդամները՝ լեզվաբանության գծով։ Վերջում՝ մեկ ամիս անց, բոլոր առաջադրումները ներկայացվում են ԳԱԱ-ի նախագահություն, հենց նախագահության նիստում էլ նախագահության անդամների կողմից ընտրվում է ինստիտուտի նոր տնօրենը։



Կատվալյանն իր ղեկավարությամբ Լեզվի ինստիտուտի 5 տարիների ձեռքբերումներից է համարում այն, որ այս տարիների ընթացքում 402 հրապարակում են ունեցել, 61 մենագրություն, 341 հոդված։ «Երբ ես դարձա տնօրեն, ինստիտուտն ուներ 4 բաժին, իսկ այժմ՝ 7 բաժին։ Մենք ձեւավորեցինք արեւմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության բաժին։ Եվ այդ ուղղություններով գիտական հետազոտություններն ավելի խորը բնույթ ստացան»,- ասում է Կատվալյանն ու հավելում, որ մի քիչ դանդաղեցին ժամանակակից հայոց լեզվի ակադեմիական քերականության որոշ հարցեր վերանայելու խնդրում։ «Որովհետեւ անցյալ դարի 70-80-ական թվերին է գրվել ակադեմիական քերականություն եռահատոր, իսկ լեզուն, բնականաբար, զարգացել, փոփոխվել է։ Մենք պետք է կա՛մ նորը գրենք, կա՛մ լրացում կատարենք, այդ հարցում մի քիչ թերացել ենք եւ պատրաստվում ենք շատ արագ այդ բացը լրացնել։ Ուղղագրական բառարան ենք պատրաստել, որը չենք հրատարակում, բաժինը մտածում է՝ հայերենի բարձրագույն խորհուրդը թող որոշումներ ընդունի՝ նոր, բայց ես կարծում եմ, որ կարելի էր դա հրատարակել։ Երկլեզվյան բառարանները նույնպես թարմացվելու խնդիր ունեն, ասենք՝ ռուսերեն-հայերեն բառարանը վաղուց արդեն հնացել է, գոնե պետք է կարողանանք մի լրացուցիչ հատոր ստեղծել»,- ասում է Կատվալյանն ու ընդգծում, որ գիտության ներկա ֆինանսավորման պայմաններում շատ դժվար է նոր աշխատանքներ անել․ «Ամենախանգարող հանգամանքն այն է, որ այսօր գիտնականը չի կարող միայն գիտությամբ զբաղվել եւ ստիպված նաեւ դասախոսական կամ այլ տիպի աշխատանք է կատարում, ինչը, բնականաբար, շատ է խանգարում»։







**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**