Ովքեր են «դեմ» քվեարկել Արմեն Սարգսյանին

Ովքեր են «դեմ» քվեարկել Արմեն Սարգսյանին
Երեկ առաջին անգամ Հայաստանի նախագահ ընտրեց ոչ թե ժողովուրդը, այլ Ազգային ժողովը, ինչը նոր Սահմանադրության եւ խորհրդարանական հանրապետության մոդելից է բխում։ Հակառակ հայտարարություններին՝ Արմեն Սարգսյանն ընտրվեց ոչ թե միաձայն, անշուշտ՝ «Ելքին» չհաշված, այլ գտնվեցին «դավաճաններ», որոնք չկատարեցին իրենց խոստումը։

Մինչդեռ, կոալիցիոն խմբակցություններից բացի, միաձայն կողմ քվեարկելու խոստում էր տվել նաեւ «Ծառուկյան դաշինքը»։ Իշխող ուժը հնարավորություն չունեցավ այս անգամ կեղծելու ընտրությունների արդյունքները։ Գաղտնի քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ ընտրության մասնակցած 101 պատգամավորից 90-ն են կողմ քվեարկել, գրանցվեց 10 դեմ եւ մեկ անվավեր։ Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար, հիշեցնենք, օրենքը պահանջում է 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ 31 մանդատ: 105 պատգամավորներից չորսը երեկ բացակայում էին՝ Գագիկ Ծառուկյանը, Լուիզա Սարգսյանը, Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը։ Այսպիսով պարզ դարձավ, որ «Ելք»-ի 7 պատգամավորներից բացի Արմեն Սարգսյանին դեմ էին քվեարկել նաեւ երեք «յուրայիններ»։ Ավելին՝ օրվա վերջում պարզեցինք, որ անվավեր քվեաթերթիկի վրա էլ գրված է «Գագիկ Ծառուկյան» անուն-ազգանունը։ Մինչդեռ, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ իր ֆրակցիայի պատգամավորների հետ քննարկման ժամանակ կայացրել էր որոշում։



«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ եւ բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,- հայտարարել էր նա՝ ասելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին աշխատելու:

Խորհրդարանի դահլիճում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր **Նիկոլ Փաշինյանը** նկատեց. «90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք. սա ցույց է տալիս, որ, ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ ելքականներ»: «Հուրախություն Նիկոլ Փաշինյանի` պետք է հայտարարեմ, որ Հանրապետական կուսակցությունը 58 հոգի է, եւ մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»,- Նիկոլ Փաշինյանին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը**:



Ավելի ուշ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան միաձայն կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, 4 «դեմ» ձայնն իրենցից չի եղել: «90 կողմ, 10 դեմ, 1 անվավեր, մեզ համար էական չէր՝ քանի կողմ կլիներ, 79 ձայնն արդեն անցողիկ էր: Իսկ այդ կասկածները... իհարկե, փակ-գաղտնի քվեարկություն է, բոլորն իրենց խղճի հետ մնում են այդ արկղի մոտ եւ կատարում քվեարկությունը, ավելի քան համոզված եղեք, որ 65 հոգին՝ կոալիցիոն գործընկերները, միանշանակ կողմ են քվեարկել»,- ասաց նա եւ հիմնավորեց, որ կոալիցիոն ուժերի եւ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ չի եղել գեթ մեկ պատգամավոր, որ կողմ չի արտահայտվել թեկնածուին։ Մեր ճշտող հարցին՝ կասկածներ ունեն, որ «Ծառուկյան դաշինքի՞ց» են դեմ քվեարկողները, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ չեն քննարկում դա: ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ անձնական պատճառներով են դեմ քվեարկել: Ընտրությունների արդյունքներից կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն ինքնակամ չէ կողմ քվեարկել, Բաղդասարյանը հակադարձեց, որ այդ դաշինքի հետ բանակցություններ չեն ունեցել։ «Ոչ, միանշանակ կարող ենք կարծել, որ իրենք ինքնակամ են այդ որոշումը կայացրել թեկնածուի հետ հանդիպման ընթացքում»,- պնդեց Բաղդասարյանը՝ հավելելով նաեւ, որ Սերժ Սարգսյանն ընդամենը հորդորել է, որ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության արդյունքում։



ԱԺ փոխնախագահ **Միքայել Մելքումյանն** էլ իր հերթին վստահեցրեց, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման որոշում է կայացվել։ «Մենք էլ կասկած չունենք, որ մեր որոշումն իրականացրել ենք»,- Վահրամ Բաղդասարյանին ի պատասխան՝ ասաց նա։ Իսկ թե ինչու քվեարկությանը չմասնակցեց Գագիկ Ծառուկյանը, Մելքումյանը հարցն անպատասխան թողեց։



Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր **Վարդեւան Գրիգորյանն** էլ առնվազն «անբարոյականություն» է համարում կասկածել մեկ ուրիշի․ «Փակ-գաղտնի քվեարկություն է, ամեն մեկը քվեարկում է իր համար, իր խղճի առաջ, եւ առնվազն անբարոյականություն կլինի կասկածել մեկ ուրիշին, քանի որ ամեն մեկը քվեարկում է իր խմբակցության կանոնակարգման համաձայն։ Ես մերոնցից որեւէ մեկին չեմ կասկածում»։ Նկատեցինք՝ իսկ գուցե «տակից» այլ հրահա՞նգ է տրվել, որը հեռահար նպատակներ կարող է հետապնդել։ Վարդեւան Գրիգորյանը «չհանձնվեց»․ «Ոչ, եւս մեկ անգամ՝ ոչ, այլապես այլ որոշում կկայացվեր խմբակցությունում»։ Խմբակցության քարտուղար **Վահե Էնֆիաջյանն** էլ պնդեց, որ միասնական իրացրել են խմբակցության որոշումը։ Հիշեցրինք, որ մինչեւ որոշումը ծառուկյանականներից շատերը հանդես էին գալիս «ընդդեմ Արմեն Սարգսյանի»։ «Նրանցից հարցրեք իրենց այդ կարծիքների մասին, պնդում եմ, մենք միաձայն կողմ ենք քվեարկել»։ Կասկածյալների շարքում գտնվող **Սերգեյ Բագրատյանը**, պարզվեց, շահարկումներից խուսափելու նպատակով ապահովագրել է իրեն՝ լուսանկարելով «կողմ» քվեարկած թերթիկը, որը նա հապշտապ ցույց տվեց հեռախոսի միջից։



Հիշեցնենք, որ նա խմբակցության կայացրած որոշումից առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե իրեն չեն գոհացնում Արմեն Սարգսյանի տնտեսական մոտեցումները, եւ դրական տեսակետ չի կարող հայտնել։ «Ես գիտեի, որ այդ հարցը տալու եք ինձ, դրա համար էլ լուսանկարել եմ քվեաթերթիկս»,- ասաց նա եւ վստահեցրեց, որ իրեն չեն պարտադրել նկարել, ինքն իր համար է արել։ «Ես ոչ մեկին չեմ կասկածում, բայց վստահ եղեք՝ շուտով կպարզվի, թե ովքեր են դեմ․ դա դժվար չէ»,- ասաց Բագրատյանը՝ չմանրամասնելով, թե ինչպես։



Մնում է հասկանալ՝ արդյոք ՀՀԿ-ից «սարքե՞լ» են «Ծառուկյան դաշինք» խմբակցության գլխին, որը, ըստ տեղեկությունների, ամեն ինչ անում է ապագա կառավարության մաս կազմելու համար, թե՞ Գագիկ Ծառուկյանն է հրահանգել թիմին մի թեթեւ «ատամ ցույց տալ» իշխանություններին։







**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**