Լենա Նազարյանը կասկածել է

Լենա Նազարյանը կասկածել է
Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը երեկ ցնցում առաջացրեց «Ելք» խմբակցությունում: Գաղտնի քվեարկությունից առաջ թեպետ «Ելք»-ից հայտարարեցին, որ հինգ թեկնածուներից երկուսի վերաբերյալ խմբակցությունը միասնական որոշում ունի եւ դեմ է քվեարկելու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի թեկնածություններին, մյուս երեքի՝ Հայկ Հովհաննիսյանի, Մեղրյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի հարցը խմբակցությունում ազատ քվեարկության է թողնվել, սակայն ընտրության արդյունքներով պարզ դարձավ, որ Գագիկ Հարությունյանի դեմ ընդամենը երկու քվեաթերթիկ է գրանցվել, չնայած ինը հոգանոց դաշինքի 7 պատգամավորները մասնակցել էին քվեարկությանը, բացակայում էին միայն Սասուն Միքայելյանն ու Մանե Թանդիլյանը:



Ի դեպ, մեր տեղեկություններով, ի սկզբանե «Ելք»-ում ԲԴԽ թեկնածուների քվեարկության վերաբերյալ միակարծություն չի եղել․ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկել է բոլորին դեմ քվեարկել, սակայն «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, հիշեցնելով, որ Լիպարիտ Մելիքջանյանն ապրիլյան ընտրություններում իրենց կուսակցության ցուցակով ռեյտինգային թեկնածու է առաջադրվել, նկատել է, որ մարդկային հարաբերությունների տեսանկյունից ճիշտ չի լինի նրան դեմ քվեարկելը: Սակայն, որպեսզի Մելիքջանյանին հարվածի տակ չդնեն եւ չկապեն «Ելք»-ի հետ, նրանք որոշել են, որ չեն կարող հայտարարել, թե բոլորին դեմ են, բացի Մելիքջանյանից, ուստի ընդունվել է կոնսենսուսային որոշում, ինչի մասին արդեն խոսեցինք:



Ինչեւէ, քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո **Նիկոլ Փաշինյանը** հայտարարեց, որ հաշվարկի ընթացքում կեղծիք է կատարվել, եւ իրենք վերահաշվարկի դիմում են ներկայացնելու, պետք է իրավապահները հետաքննություն սկսեն: Թե՛ Փաշինյանը, թե՛ «Ելք»-ի քվեարկությանը մասնակցած բոլոր պատգամավորները վստահեցրին, որ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին: **Արամ Սարգսյանն** անգամ զարմացավ. «Ինչի՞ց ելնելով մենք պետք է կողմ քվեարկեինք Հարությունյանին, եթե ի սկզբանե ակնհայտ էր, որ նա ընտրվելու է»:



Հիշեցնենք, որ, կոալիցիոն խմբակցություններից բացի, ԲԴԽ անդամներին վստահության քվե տալու մասին հայտարարել էր նաեւ «Ծառուկյան դաշինքը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման «ժուլիկությունն» իշխանությունը կազմակերպել էր, որպեսզի «Ելք» խմբակցությունում միմյանց սկսեն կասկածել. «Թող մեկը բացատրի՝ ինչո՞ւ պիտի կողմ քվեարկեինք Գագիկ Հարությունյանին, կասկածի տա՞կ էր նրա ընտրվելը, իհարկե՝ ոչ»: Նա ասաց՝ ընդհանրապես չի կասկածում, որ իրենց գործընկերները բոլորը դեմ են քվեարկել:

Ուշագրավ է, որ «Ելք»-ի անդամ Լենա Նազարյանը, գտնվելով հաշվիչ հանձնաժողովի կազմում, ներկա լինելով քվեների հաշվարկին, ստորագրել է արձանագրության տակ:



Պարզվում է՝ Նազարյանն այդ պահին կասկածել է, թե հնարավոր է իրենց դաշինքի որոշ պատգամավորներ մտքափոխվել են։ «Մտածեցի, որ չնայած առավոտյան նման որոշում ենք ընդունել, սակայն ոմանք դրանից հետո մտքափոխվել են»,- ասաց Նազարյանը: Հարցին, թե այդ պահին ինքը կոնկրետ ում է կասկածել, Նազարյանը հորդորեց, որ այլ դաշտ չտեղափոխենք, ինքն ընդամենը ստորագրել է փաստացի առկա քվեաթերթիկների տակ: Նա մեզ ասաց, որ հաշվարկի ժամանակ բոլոր քվեաթերթիկները լցրել են սեղանի վրա, եւ բոլորի հետ ինքն էլ սկսել է հաշվել ու չի նկատել, թե ինչպես են փոխում քվեաթերթիկները: Ավելին՝ նա ասաց, որ վերահաշվարկի իմաստ չկա, քանի որ ինքն անձամբ հաշվել է բոլորի թերթիկները, եւ ինչ կատարվել է՝ կատարվել է ընդհանուր հաշվարկի ընթացքում:



Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, երեկ «մինի Մուկուչյան» անվանումն ստացած հանրապետական **Գագիկ Մելիքյանը** եւս հաստատեց, որ Լենա Նազարյանը ստորագրել է բոլոր փաստաթղթերի տակ, արդյունքները չէին կարող կեղծվել: «Ես չեմ կարող ասել, որովհետեւ «Ելք»-ի հանձնաժողովի անդամն անձամբ ստորագրել է փաստաթղթերն ու որեւէ խնդիր չի տեսել: Արկղը շրջել ենք, նայել, բոլոր անդամները հաշվել են, կանոնակարգի խախտում չկա, ըստ կարգի՝ հաշվել են: Բացառվում է, որ քվեաթերթիկ փոխվեր, քանի որ ավելացածները պատռվել են»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Ի դեպ, **Լենա Նազարյանը** մեզ ասաց, որ ինքը չի հաշվել պատռված քվեաթերթիկները: Հանձնաժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ **Շաքե Իսայանն** էլ չի նկատել որեւէ խախտում, չի հաշվել նաեւ պատռված քվեաթերթիկները, սակայն ասաց՝ կողմ է վերահաշվարկին:



«Ելք»-ի բոլոր անդամները միաբերան պնդում էին, որ իշխանությունն այս օպերացիան կազմակերպել է դաշինքում խժդժություններ առաջացնելու համար: Գագիկ Մելիքյանն էլ զարմացած էր. «Ինչպե՞ս կարող են դրսից իմ ընտանիքում կոնֆլիկտ հրահրեն, եթե չկա նման բան»: Հիշեցնենք, որ խորհրդարանում 2013-ին էլ նման իրավիճակ առաջացավ, երբ Գեւորգ Կոստանյանին էին ընտրում գլխավոր դատախազի պաշտոնում: ՀԱԿ 7 հոգանոց խմբակցության պարագայում, քվեարկության արդյունքներով, ընդամենը 3 դեմ գրանցվեց: Նիկոլ Փաշինյանը միակն էր, ով լուսանկարել էր իր քվեաթերթիկը, քանի որ, ինչպես ասաց, կանխատեսել էր: Ի դեպ, երեկ նա քվեաթերթիկները լուսանկարելու առաջարկ չի արել, քանի որ չի կասկածել գործընկերներին: Սակայն ԲԴԽ-ի անդամների քվեարկությունից հետո կասկածներ առաջացան արդեն իշխանության նկատմամբ, եւ «Ելք»-ի պատգամավորները Կոստանյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ լուսանկարում էին իրենց քվեաթերթիկները:



**ՀԳ.** _Ներկայացված թեկնածուներից բոլորն ընտրվեցին, նրանց ընդամենը պատգամավորների 3/5-ի ձայնն էր պետք, սակայն Լիպարիտ Մելիքջանյանի օգտին ամենաշատ «դեմ» ձայները գրանցվեցին՝ 15 դեմ, 82 կողմ: Թերեւս սա վերաբերմունք էր նրա ընդդիմադիր անցյալին:

Ոչ պակաս ուշագրավ ավարտ ունեցան նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները: Պարզվեց, որ քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր, եւ կողմ են քվեարկել 63-ը, դեմ՝ 30-ը:_



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**