Ես չեմ կարծում, որ կլինի մարդ, որ ինչ-որ մեկին տնից հանելուց հաճույք կստանա

Ես չեմ կարծում, որ կլինի մարդ, որ ինչ-որ մեկին տնից հանելուց հաճույք կստանա
Նախկինում իր ղեկավարած կառույցի՝ ԴԱՀԿ ծառայության աշխատանքին հետեւելը Միհրան Պողոսյանի գործառույթների մեջ չի մտնում, բայց եթե ժամանակ ունենում է, հետեւում է։ Պողոսյանն այժմ պատգամավոր է ՀՀԿ խմբակցությունում, շատ ակտիվ չէ օրենսդրական աշխատանքում, բայց երբեմն-երբեմն օրինագծեր է ներկայացնում կամ հարցեր բարձրացնում, որոնք ուղղակի կապ են ունենում հենց հարկադիրի հետ։ ԴԱՀԿ ծառայությունն այսօր ղեկավարում է Պողոսյանի երբեմնի տեղակալը՝ Արմեն Հարությունյանը, ում մասին կայքերից մեկը պարբերաբար գրում է, որ համակարգում բարձիթողի վիճակ է, Հարությունյանը չարաշահում է իր լիազորությունները եւ այլն։



«Բնականաբար, քանի որ ես իմ կյանքի բավականին մեծ հատված եմ ներդրել էդ ծառայության կայացման հարցում, իհարկե, ինձ համար միեւնույն չէ այդ ծառայության ապագան»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց **Միհրան Պողոսյանը**։



Մենք տեղեկացանք, որ Պողոսյանն իրականում զայրացած է Արմեն Հարությունյանի վրա, ով իր «աճեցրած» կադրն է։ Պողոսյանն է Հարությունյանին հասցրել ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալի պաշտոնին, որից հետո նա նշանակվել է ղեկավար։ Ու նշանակումից անմիջապես հետո անցել է Միհրան Պողոսյանի կադրերին ազատելու գործին, ինչն էլ դուր չի եկել Պողոսյանին․ նա Հարությունյանի այս վարքը սխալ ու ոչ բարոյական է համարել իր հանդեպ։ Սրանից էլ լարվել են նրանց հարաբերությունները, անգամ մի հոգեհանգստի արարողության ժամանակ Միհրան Պողոսյանը, հանդիպելով Արմեն Հարությունյանին, ամոթանք է տվել նրան՝ ժամանակին իր արածները մոռանալու եւ իր դեմ աշխատելու համար։



**- Կապ ունե՞ք ներկա ղեկավարի հետ, կամ լինո՞ւմ է, որ նա խորհրդակցի Ձեզ հետ։**



Կապ բոլորի հետ ունեմ, բայց, չէ՝ ինքն իր գործառույթն է անում, ես ձեռնպահ եմ մնում որոշումներ կայացնելուց եւ, բնականաբար, դրա կարիքն էլ չեմ տեսնում, որովհետեւ այնտեղ բոլորը բանիմաց, պրոֆեսիոնալ աշխատողներ են, եւ էն փորձը, որ իրենք ունեցել են, կոնկրետ Արմեն Հարությունյանը, էն փորձը, որ ինը տարի ստացել է թե՛ կառավարման մեթոդիկայից եւ թե՛ որպես իրավաբան, կարծում եմ, որ բավարար է, որ ինքը բավարար կերպով կարողանա ծառայությունն այն գոնե մինիմումի վրա պահի, որը որ թողնվել է իրեն ժառանգություն։



**- Մի կայք է ստեղծվել վերջերս (scannews.am), որն անընդհատ քննադատում է Արմեն Հարությունյանին, նրա աշխատանքը, հարկադիրում տիրող մթնոլորտը։ Տեղյա՞կ եք դրանից։**



Շատ կայքեր կստեղծվեն եւ շատ կայքեր կփակվեն, ուրեմն ինձ ավելի շատ հետաքրքրում է իրական վիճակը, որ տիրում է հարկադիրում։ Իսկ հարկադիրում, իմ ինֆորմացիայով, իրենք աշխատում են նորմալ, եւ ես գոնե ոչ մի լուրջ խնդիրներ չեմ տեսնում, չնայած ներգրավված չեմ այդ հարցում ամբողջությամբ։



**- Չգիտեմ՝ որքանով են հիմնավոր, բայց ոմանք կասկածում են, որ Դուք եք կանգնած այդ հրապարակումների հետեւում եւ փորձում եք ցույց տալ, որ Ձեր օրոք ավելի լավ վիճակում էր հարկադիրը, քան հիմա։**



Գիտե՞ք, պետք չէ ես ինքս ինչ-որ բան ցույց տամ։ Ամեն ինչ շատ պարզ է եւ երեւում է։ Եվ ես էն մարդը չեմ, որ իմ սարքածը կարող է քանդեմ երբեւիցե, եւ դրա կարիքը չկա ընդհանրապես։ Էդ կառույցում, ինչպես ասացի, ինը տարի կյանք եմ դրել եւ իմ ոչ վատագույն տարիներն եմ էնտեղ դրել։ Դրա համար բավականին մեծ լումա ունենալով էդ ծառայության կայացման հարցում, այսօր քանդել ծառայությունը, դա անլուրջ եմ համարում եւ անհեթեթություն եմ համարում նման կարծիքը։ Իսկ ինչ վերաբերում է՝ ով ոնց է աշխատում, ես շատ ուրախ կլինեմ, որ իմ հետնորդները շատ ավելի լավ աշխատեն, քան ես։



**- Կցանկանայի՞ք նորից վերադառնալ հարկադիր։**



Ես բազմիցս ասել եմ դրա մասին, ես պետական պաշտոնյա եմ, ես թիմի անդամ եմ եւ ուղղորդվում եմ կարիքից ելնելով, ոչ թե իմ ցանկությունից ելնելով։ Ես երբեք էլ չեմ երազել գլխավոր հարկադիր կատարող աշխատել։ Բայց այն ժամանակ էդպես է պետք եղել, եւ բոլորի համար հայտնի է, որ ԴԱՀԿ ծառայությունն այն բացառիկ կառույցներից մեկն է, որը որ ծաղիկ չի ցանում, էսպես ասեմ, որը որ ամենախոցելի եւ ամենահուզումնալից դաշտում է գտնվում, հուզմունքների դաշտում է գտնվում՝ մարդկանց տներից հանել, երեխաներին առանձնացնել ծնողներից եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ դա բավականին ծանր գործառույթ է, որը որ ինը տարի իրականացվել է։



**- Գուցե Ձեզ համար ծանր է եղել աշխատանքը, բայց նաեւ արգասաբեր կարող էր լինել այն առումով, որ լայն հնարավորություններ ունեցող կառույց է, ցանկացած մեկը կցանկանար լինել այդ կառույցի ղեկավար եւ օգտվել այդ հնարավորություններից։ Ինքներդ էլ կարծես օգտվել եք։**



Ես բազմիցս ասել եմ՝ ժողովուրդ ջան, հասկացեք, Հարկադիր կատարման ծառայությունը ֆաշիստական կառույց չէ, դա իր գործառույթներն է իրականացնում։ Հիմա ես չեմ կարծում, որ էդ գործառույթները, որ դու դե յուրե պարտավոր ես անելու, ինչ-որ մարդ կլինի, որը հաճույք է ստանում։ Ես չեմ կարծում, որ կլինի մի մարդ, որ ինչ-որ մեկին տնից հանելուց հաճույք է ստանում։



**- Հարցս այլ էր՝ ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնը լայն լծակներ ու հնարավորություններ ունեցող պաշտոն է, եւ դրա ղեկավարները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, իրենց անձնական կյանքն են նաեւ բարելավում, բիզնես գործունեություն ծավալում, կողմնակի եկամուտներ ունենում…**



Դրա համար գոյություն ունեն կառույցներ, Հատուկ քննչական ծառայությունը, որը պաշտոնյաներով է զբաղվում եւ այլն, պետք է այդ բոլոր կառույցներն իրենց տեղում լինեն, եթե նմանատիպ բաներ կան, ապա դրա մասին բարձրաձայնեն։ Համենայնդեպս, իմ օրոք գոնե, ես գիտեմ, որ ամեն ինչ արել եմ, որ կոռուպցիան վերացնեմ։ Եվ էն մարդիկ, ովքեր աշխատել են ինձ հետ, նրանք կվկայեն, որ բազում մարդիկ հեռացվել են աշխատանքից հենց մատները սեւացնելու պատճառով։ Եվ գոնե ես իմ աշխատելաոճը գիտեմ, դրա կարիքը չեմ ունեցել՝ հարստանալու էնտեղ։



**- Ձեզ հարմարավե՞տ եք զգում օրենսդիրում։**



Նորմալ։ Շատ լավ։ Կարծում եմ, որ գործադիրից հետո օրենսդիրը շատ ավելի հանգիստ է, եւ շատ ավելի մեծ դաշտ կա աշխատելու, որովհետեւ օգտագործվում է նաեւ գործադիրի փորձը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**