Հլը դուք տեսեք՝ նախընտրական շրջանում ուրիշներն ինչե՜ր են ասել

Հլը դուք տեսեք՝ նախընտրական շրջանում ուրիշներն ինչե՜ր են ասել
Այսօր խորհրդարանում կկայանա արդարադատության համակարգում ստեղծվող նոր մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրությունը, որից անմիջապես հետո նրանց երդման արարողությունը տեղի կունենա։ ՀՀԿ-ՀՅԴ-ի ներկայացրած թեկնածուներին խորհրդարանում, բացի «Ելք»-ից, կողմ են բոլոր խմբակցությունները։



«Բարձրակարգ մակարդակներ են նրանք, եւ մեր ընտրությունը պետք է լինի դրական՝ բնականաբար»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ «Ելք»-ում երեկվա դրությամբ վերջնական որոշում չունեին մինչեւ անգամ իրենց երբեմնի համակիր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի հարցում։ Հիշեցնենք, որ նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իջեւանի տարածաշրջանում «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուն էր, իր նախընտրական ուղերձում կոշտ քննադատության էր ենթարկում իշխանությունների «ապօրինությունները», կոռուպցիան, նրանց վարած քաղաքականությունը համարում «հակազգային»։ Ավելին` ասում էր, որ իրեն հեռու է պահել գործող իշխանությունների կողմից որեւէ պաշտոն ստանձնելու գայթակղությունից, քանի որ անաչառ աշխատել հնարավոր չէ ազատ քաղաքական կամքի բացակայության պայմաններում, որ այս իշխանություններից ազատվելը դարձել է անհետաձգելի քայլ, իսկ ինքն ընտրել է մի ուժի, որը երբեք ջուր չի լցրել գործող իշխանության տխուր եւ անփառունակ ջրաղացին։



Երեկ զրուցեցինք **Լիպարիտ Մելիքջանյանի** հետ՝ պարզելու, թե ինչպես եւ ինչու է ընդունել նման իշխանության առաջարկը։ Մելիքջանյանն ասաց, որ ինքը երբեւէ կուսակցական չի եղել եւ չի անդամակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Նաեւ՝ որ ՀՀԿ-ից ԲԴԽ-ի անդամի թեկնածության առաջարկն էլ չի քննարկել «Ելք»-ի հետ, քանի որ ընտրություններից հետո ինքն այլեւս կապ չունի ընդդիմադիր դաշինքի հետ․ «Իմ քաղաքական կենսագրությունը տեւել է 40 օր, եւ ես կաշկանդված չեմ որեւէ քաղաքական ուժի նկատմամբ»։



-Այո, ես կոշտ քննադատության եմ ենթարկել, խոսել եմ կոռուպցիայի եւ այլնի մասին, իրենք նույնպես տեղյակ են իմ ելույթի մասին, իմ մոտեցումներից, իրենք ամբողջությամբ ընդունել են իմ մոտեցումները, այն է՝ պայքար կոռուպցիայի, անարդարության դեմ։ Ես այս պաշտոնում էլ հետամուտ եմ լինելու իմ այդ նպատակներին։ Այն նպատակները, որոնք դրել էի ընտրական շրջանում, ուժի մեջ են նաեւ այսօր։



-**Դուք Ձեր նախընտրական ելույթում ասում էիք, որ Ձեզ հեռու եք պահել գործող իշխանությունների կողմից որեւէ պաշտոն ստանձնելու գայթակղությունից, քանի որ անաչառ աշխատել հնարավոր չէ ազատ քաղաքական կամքի բացակայության պայմաններում, որ այս իշխանություններից ազատվելը դարձել է անհետաձգելի քայլ, որ Դուք ընտրել եք մի ուժի, որը երբեք ջուր չի լցրել գործող իշխանության տխուր եւ անփառունակ ջրաղացին։ Հիմա ստացվում է, որ ինքնե՞րդ եք ջուր լցնում իշխանության ջրաղացին**։



-Ոչ, ստացվում է այն, որ եթե Դուք ուշադիր նայեք ԲԴԽ-ի օրենսդրությունը, ապա կնկատեք, որ սա անկախ, չեզոք պետական մարմին է, եւ ինձ ի սկզբանե առաջարկ է կատարվել անկախության ու չեզոքության պայմաններում, բնականաբար, ներգրավվել այս աշխատանքներին։ Սա ոչ թե իշխանական մարմին է, գործադիր իշխանություն, այլ անկախ իշխանություն է, ես այս իշխանության եւ իմ գործելաոճի մեջ մնալու եմ որպես անկախ, ազատ, դուք դրանում կհամոզվեք։ Ես 45 տարեկան եմ եւ իմ աշխատելաոճով ապացուցել եմ, որ դա հնարավոր է։



-**Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ԲԴԽ-ն լիակատար անկախություն պիտի ունենա․ եթե մի կառույցի ղեկավարը Գագիկ Հարությունյանն է լինելու, որի՝ ՍԴ նախագահի պաշտոնում գործունեությունը տեսել են բոլորը, դրանից բացի՝ նա խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակը տարբեր պաշտոններ է զբաղեցնում**․․․



-Բայց ինչո՞ւ եք շեշտում Գագիկ Հարությունյանի հանգամանքը, կառույցի ղեկավար լինելը չի նշանակում, որ մենք՝ անդամներս, պետք է ղեկավարվենք այդ ղեկավարի հանձնարարականներով։ Բնականաբար, կառույցի ղեկավարը կազմակերպում է ողջ աշխատանքները, բայց այնտեղ 10 անդամներ կան, որոնք իրենց տեսակետներն են ունենալու։ Ի վերջո, ԲԴԽ-ն իրենից ներկայացնում է նաեւ գիտական աշխատանք, եւ ես գալիս եմ շարունակելու իմ գիտական աշխատանքները։



-**Դատական համակարգում ի՞նչն եք պատրաստվում փոխել, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս**։



-Շատ բաներ՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած… Ի դեպ, ԱԺ-ում կոալիցիոն գործընկերների հետ հանդիպման ընթացքում անակնկալ բացահայտում արեցի, նրանցից մեկն ասաց, որ անգրագիտությունն ավելի շատ է, քան կոռուպցիան․ ես, անկեղծ, չգիտեի, բայց ինձ ասացին պաշտոնական տվյալները։ Ինձ համար անընդունելի են կոռուպցիան, անարդարությունները, աշխատանքի ընթացքում ի հայտ կգան տարբեր այդպիսի թերություններ, հնարավոր է այդպիսի այլ արատավոր երեւույթներ ի հայտ գան, պիտի պայքարենք, ուրիշ տարբերակ չկա։



-**Իսկ Դուք շարունակո՞ւմ եք այս իշխանություններին «հակազգային» համարել**։



-Նորից Դուք տանում եք քաղաքական դաշտ։



-**Ձեր գնահատականն եմ հիշեցնում։**



-Իմ խոսքերն ասել եմ նախընտրական ընթացքում, հասկանո՞ւմ եք, հլը Դուք տեսեք՝ նախընտրական շրջանում ուրիշներն ինչեր են ասել։ Ես պարզապես, ներգրավվելով ընտրական պրոցեսին, նախընտրական պրոցեսում թույլ տված եզրույթները, որ օգտագործում ես կամ մասնակցում ես, դա վերցնես հինգ տարի հետո, տասը տարի հետո, իր ամբողջ կյանքի ընթացքում մարդուն ասես՝ էսպե՞ս ես մտածում, դա ճիշտ չէ։



-**Ձեր այդ հայտարարությունից մեկ տարի էլ չի անցել**։



-Ես ասացի, չէ՞, որ իմ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Ես «Ելք»-ի անդամների, երիտասարդների ակտիվությունը… պարզապես համակրանք զգալով նրանց նկատմամբ՝ պարզապես որոշել եմ աջակցել իրենց։



-**Այսինքն՝ այդ տեքստը, ընդդիմադիր բառապաշարը Դուք չէիք գրել, «Ելք» դաշի՞նքն էր ձեզ տվել**։



-Ինչու ես այդքան բառապաշար չունե՞մ, որ ինձ պետք է սովորեցնեին՝ ես ինչպես խոսեմ։ Ես 15 տարի է՝ 100 հոգանոց լսարան եմ մտնում, խոսում։



-**Գուցե իշխանությունն արդեն փոխվել է ու հակազգայի՞ն չէ**։



-Ես այդ ընտրություններից հետո այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվում, համենայնդեպս, մոտակա հինգ տարում չեմ զբաղվի, իսկ Դուք անընդհատ ինձ ուզում եք տանել այդ դաշտ։ Այո, ինձ առաջարկ է կատարվել՝ անկախ պետական մարմնում իմ ունակությունները ներդնել, ես ընդունել եմ առաջարկությունը, ուրիշ խնդիր կա՞։



-**Խնդիրն այն է, որ Դուք ընդունել եք, Ձեր բնորոշմամբ՝ հակազգային իշխանության, իշխող ՀՀԿ-ի առաջարկը**։



-Ես պատասխանեցի։



-**Չասացիք՝ իշխանությունը փոխվե՞լ է, թե՞ ոչ**։



-Հարգելիս, ես եթե մասնակցել եմ ընտրություններին, ուրեմն վե՞րջ, ամբողջ կյանքում չպիտի՞ ինտեգրվեմ պետական ապարատին։ Իրոք, ես մերժել եմ առաջարկներ եւ հրաժարվել գործադիր իշխանությունում աշխատել, բայց քանի որ սա նոր մարմին է, լիովին անկախ, ես էլ ընդունում եմ, որ իմ ունակությունները կարող եմ ներդնել։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**