ԲԴԽ անդամի թեկնածուները՝ ֆլեշմոբի զոհ

ԲԴԽ անդամի թեկնածուները՝ ֆլեշմոբի զոհ
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մեկնարկը դե ֆակտո տվեց երեկ, ԱԺ-ում՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամության թեկնածուների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Բայց նրա գործողությունների պլանը, ըստ ֆեյսբուքյան գրառման, պետք է իրագործվի փողոցային պայքարի տեսքով, երբ «վերստին գործուղվի Ազատության հրապարակ»։ Իսկ մինչ այդ Փաշինյանն ԱԺ դահլիճում յուրահատուկ ֆլեշմոբ իրականացրեց՝ դրանով իսկ հայտարարելով իր անձնական պայքարի սկիզբը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Նա մի թղթի վրա գրել էր Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի ապրիլի 4-ին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ նա խոստանում է չհավակնել վարչապետի կամ նախագահի պաշտոնին։



Այս տեքստը նա հերթով ընթերցում էր բոլոր թեկնածուներին հարց ուղղելիս եւ հետաքրքրվում, թե սա պաշտոնակա՞ն հայտարարություն է, եւ կարելի՞ է սրանից եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը պարտավորվել է չդառնալ վարչապետ նոր Սահմանադրության ընդունման պարագայում։ Ի դեպ, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել։



Ահա այդ տեքստը, որը նա ֆլեշմոբով ցիտում էր հարց ուղղելիս․ «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։



ԲԴԽ թեկնածուներից որեւէ մեկն այս հարցին պատասխան չտվեց, ամեն մեկն իր մտավոր կարողություններին համապատասխան «կռուտիտ» եղավ եւ խուսափեց ուղիղ պատասխանից։ Օրինակ, երբ Փաշինյանը ՍԴ նախագահ, ԲԴԽ անդամի թեկնածու **Գագիկ Հարությունյանին** հիշեցրեց, որ նա ներկա է եղել այդ հանդիպմանը, «Սերժ Սարգսյանը լո՞ւրջ էր ասում սա, սեղանի տակից թխի գա չի՞ եղել», Հարությունյանը մանեւրեց․ «Հանրապետության նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, երբ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ: Նաեւ այդ օրը` այդ խոսքը հնչեցնելիս, սեղանի տակ, սեղանի վրա նման բան չի եղել: Նախագահն ասել է իր կարծիքը»։



Արդարադատության նախկին նախարար **Գեւորգ Դանիելյանն** էլ այս հարցը «ցրեց» իր վրայից՝ նշելով, որ այդ ելույթի ժամանակ միայն ինքը ներկա չի եղել, բացի այդ՝ ելույթը հնչել է հրապարակավ, ուստի դրա գնահատողը միայն ինքը չէ։



Մյուս թեկնածուն՝ **Լիպարիտ Մելիքջանյանն** էլ այս հարցի տակից հեշտորեն դուրս եկավ՝ կարճ-կոնկրետ ասելով, թե ինքը կոռեկտ չի համարում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը։ Տեսնելով, որ իր հարցի պատասխանը ոչ մի կերպ չի ստանում, Փաշինյանը հաջորդ թեկնածուին նույն հարցն ուղղելիս այլ տակտիկա ընտրեց։ Նա նորից ընթերցեց Սերժ Սարգսյանի խոսքերն ու եզրակացրեց․ «Բայց Դուք կարող եք հարցին չպատասխանել, որովհետեւ, որպես ԲԴԽ անդամի թեկնածու, Դուք չեք կարող հարցին պատասխանել»։ **Հայկ Հովհաննիսյանն** էլ արձագանքեց՝ ամեն ինչ կախված է հարցի որակից եւ բնույթից։



Փաշինյանը որոշեց բարձրացնել իր հարցի որակը՝ իրականում այն ավելի անլրջացնելով․ «Ի՞նչ եք կարծում, պատմությունը Սերժ Սարգսյանին կհիշի ճաճանչափա՞յլ, թե՞ լուսաճաճանչափայլ տիտղոսով»։ ԲԴԽ անդամի թեկնածուն փորձեց հստակեցնել՝ Փաշինյանն իրենից ակնկալում է քաղաքակա՞ն, թե՞ իրավական պատասխան։ Ու մինչ նա կստանար իր պատասխանը, օգնության հասավ ԱԺ փոխխոսնակ **Արփինե Հովհաննիսյանը**՝ փրկելով դրությունը․ «Կարծում եմ՝ պատասխան չի ակնկալում, պարոն Հովհաննիսյան»։



Փաշինյանի այս՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի շոուն ուղեկցվում էր նաեւ մեկ այլ կրկնվող հարցով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։ Եվ եթե նախորդն ակնհայտ քաղաքական բնույթի հարց էր, ապա այս մեկը, որը պահանջում էր ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական գնահատական, ԲԴԽ անդամի թեկնածուներն էլի տեղում դոփեցին՝ չկարողանալով հստակ պատասխաններով տակից դուրս գալ։ Անկախ դատական մարմնի անդամի հավակնորդներից որեւէ մեկը չունեցավ բավարար անկախություն, որ անգամ ՀՀՇ-ի տարիների քաղբանտարկյալների մասով համարձակ գնահատական տար։ Այս ամենը, իրականում, տխուր եզրահանգումների առիթ կարող է տալ, որ կա՛մ նրանք բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն՝ «քաղբանտարկյալ» եզրն այնպես մեկնաբանելու, որ տարակարծությունների տեղիք չտա, կա՛մ ուղիղ կախում ունեն առկա իշխանություններից։



Ի դեպ, այս թեկնածուներից յուրաքանչյուրին հերթով ներկայացնում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ու այնպես «ճաճանչափայլ» խոսքերով էր նկարագրում նրանց պրոֆեսիոնալ կերպարն ու փորձառությունը, որ թվում էր՝ այստեղ է հավաքվել «աշխարհի հզորների» թոփ հնգյակը։ Սակայն տպավորությունն անմիջապես փոխվում էր նրանց լղոզված ու թույլ պատասխանները լսելուց հետո։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**