Արդյոք Իսրայելը Երուսաղեմը կվերցնի իրավատեր եկեղեցիների ձեռքից

Արդյոք Իսրայելը Երուսաղեմը կվերցնի իրավատեր եկեղեցիների ձեռքից
Իսրայելական Haaretz պարբերականի վերլուծաբան Նի Հասոնը իր հոդվածում հռետորական հարց է բարձրացնում առ այն, թե ինչու է Իսրայելն այդքան փույթով իր եւ քրիստոնյա աշխարհի միջեւ եղած բոլոր կամուրջներն այրում, նկատի ունենալով Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի որոշումը զրկել Երուսաղեմում գործող քրիստոնեական եկեղեցիներին հարկային արտոնություններից եւ պարտավորեցնել նրանց վճարել 650 միլիոն շեքել կամ 151 միլիոն եվրո: Խոսքն այս դեպքում այն անշարժ գույքի մասին է, որը ենթարկվելու է հարկման, քանի որ չի կարող սահմանվել որպես պաշտամունքային վայր:



Բացի այդ, Երուսաղեմի մունիցիպալիտետը պարտավորեցրել է Երուսաղեմում գործող քրիստոնեական եկեղեցիներին վճարել իրենց այսպես ասած «պարտքերը». Կաթոլիկ եկեղեցուն`12 միլիոն շեքել կամ 2,788 միլիոն եվրո, անգլիկաններին 7 միլիոն շեքել կամ 1,627 միլիոն եվրո, 2 միլիոն շեքել կամ 465 հազար եվրո Հայ Առաքելական եկեղեցուն եւ 500 հազար շեքել կամ 116 հազար եվրո Հույս Ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին: Ի պատասխան փետրվարի 25-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների պետերը` Երուսաղեմի Հունաց պատրիարք Թեոֆիլոս III-ը, Սուրբ Երկրի կաթոլիկ կուստոդ Հ. Ֆրանչեսկո Պատոնը եւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը որոշում են կայացրել փակել տաճարի դռները եւ մեղացրել են քաղաքապետարանին այն բանում, որ վերջինս փորձում է թուլացնել քրիստոնեական ներկայությունը Երուսաղեմում, ահազանգելով նաեւ, որ Երուսաղեմում քրիստոնյաների հանդեպ սիստեմատիկ ոտնձգություններ են տեղի ունենում, որն իրականացվում է քրիստոնեական համայնքների եւ իշխանությունների միջեւ առկա չափազանց նրբազգաց հարաբերությունները փչացնելու համար:



Մեկնաբանելով տեղի ունեցող իրադարձությունները, Հասոնը արձանագրում է, որ որոշում կայացնողները անտեսում են այն բոլոր քաղաքական, կրոնական եւ դիվանագիտական նուրբ հարցերը, երբ հարցն սկսում է վերաբերվել քրիստոնեական համայնքներին: Ամերիկայի հրեական կոմիտեի միջազգային հարցերով դեպարտամենտի ղեկավար Դեւիդ Ռոզենը կարծում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանի կեցվածն է արդեն անհասկանալի եւ ավելի վատ ժամանակ ընտրել հնարավոր չէր, քան հիմա է, քանի որ այն ինչ տեղի է ունենում, ամենեւին Իսրայելի կամ Երուսաղեմի օգտին չէ: Միջազգային հանրությունից եւ ոչ մեկը չի կանգնել Թել-Ավիվի կողքին եւ Սուրբ Հարության տաճարի դռների փակումը կարող է շատ լուրջ հետեւանքների բերել: Մյուս կողմից, այն, որ Վաշինգտոնն այս խնդրի առնչությամբ լռություն է պահպանում, որոշակիորեն կարող է քաջալերանք հանդիանալ Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի համար եւ նաեւ ակնարկ պարունակել, որ կատարվող գործողություններում կա որոշակի տրամաբանություն:



Times of Israel-ն էլ գրում է, որ Գազայի սեկտորում տեղակայված ՀԱՄԱՍ խմբավորումը կոչ է ուղղել իր բոլոր հետեւորդներին կրկնապատկել իրենց ջանքերը, որոնք ներդնում են Իսրայելում ծավալված կրոնական առճակատման մեջ: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փակվել են Սուրբ Հարության տաճարի դռները: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեկն է այն հետեւանքներից, որոնք բխում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտնի որոշումից: Ի դեպ, այն ժամանակ, 2017-ին, երբ Թրամփն այդ որոշումը կայացրեց, ամերիկյան տարատեսակ բողոքական հարանվանություններն իրենց աջակցությունն հայտնեցին նախագահի որոշմանը: Շատ բողոքական պատվելիներ առիթը բաց չթողեցին իրենց հարցազրույցներում դրվատել նախագահ Թրամփին, իսկ Սիոնի բարեկամներ թանգարանի տնօրեն Մայքլ Էվանսն էլ CBN News-ի հետ հարցազրույցում Դոնալդ Թրամփին համեմատեց Կյուրոս Մեծ թագավորի հետ, հայտարարելով, որ ՄԱԿ-ում դեռ ոչ ոք ավելի շատ լավություն չէր արել Հրեա ժողովրդի հանդեպ, քան ԱՄՆ գործող նախագահը:



Զարմանալի է նաեւ այն, որ Երուսաղեմի հանդեպ Իսրայելի ունեցած մեսիանական հավակնությունների մասին սկսել է ակտիվորեն խոսել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: Շատ վերլուծաբաններ արդեն այսօր խոսում են այն մասին, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ կա որոշակի պայմանավորվածություն` նախ թուլացնել Երուսաղեմում պատմականորեն ներկա եկեղեցիների դիրքերը եւ ապա քաղաքը այսպես ասած` մաքրազարդել նրանցից եւ սրբավայրերը տրամադրել ամերիկյան բողոքական հարանվանություններին, որոնք շատ ավելի լոյալ են: Այդօրինակ մի խաղ մոտ հարյուր տարի առաջ փորձել են խաղալ բրիտանացիները: Թուրք աստվածաբան Զեքերիյա Քուրսունը ORDAF կենտրոնից, արձանագրում է, որ 1917 թվականի Բալֆուրի դեկլարացիայի առնչությամբ Սուրբ Աթոռը որեւէ արձագանք չի ունեցել, թեեւ այս անգամ հարցը շատ ավելի է խորացել, քանի Երուսաղեմի հետ որեւէ հարց այլեւս միջազգային խնդիր է ընկալվում:



Regnum