Լավ կարդում էր, բայց վատ պատասխանում

Լավ կարդում էր, բայց վատ պատասխանում
Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում երեկ վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների փաթեթում ներառված Ազգային վիճակագրական ծառայության մասին նոր օրենքի նախագծի քննարկումը զավեշտալի ընթացք ունեցավ։ Ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, չնայած այնքան արագ ընթերցեց փոփոխությունները, թերեւս որպեսզի հանձնաժողովականները չհասցնեն ընկալել այն ու իրեն տհաճ հարցեր չտան, սակայն դրանով չկարողացավ գլուխն ազատել եւ հայտնվեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Սերգեյ Բագրատյանի հարցերի տարափի ներքո։ Պատգամավորները հակադարձում էին օրենքում այն ամրագրումին, որ ծառությությունն անկախ է։



Միքայել Մելքումյանը հարցնում էր՝ ինչպե՞ս կարող է անկախ լինել, եթե ծառայության նախագահին եւ պետական խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ։ Սակայն որքան լավ էր ստացվում Մնացականյանի մոտ ընթերցանությունը, այնքան նա կաղում էր բանավորից եւ կմկմում՝ խույս տալով բուն պատասխանից։ Ի վերջո, նա այնքան խճճվեց, որ հայտնվեց անհարմար վիճակում՝ ասելով, որ ցավում է, որ կառավարման մոդելը փոխվել է, եւ նախագահը չունի այլեւս նման լիազորություն, այդ պատճառով էլ պետին ոչ թե նախագահն է նշանակելու, այլ՝ վարչապետը։ Նրան սաստեց Խոսրով Հարությունյանը՝ ասելով, որ ցավալու հարկ չկա, մենք անցել ենք խորհրդարանական համակարգին։



Մնացականյանը չկարողացավ պատասխանել նաեւ Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ մեթոդներով են վիճակագրության հաշվարկներն անցկացնում։ Այստեղ էլ իր հանճարեղ բացահայտմամբ Մնացականյանին փորձեց փրկել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը՝ փիլիսոփայելով․ «Վիճակագրությունը մի բան է, որից օգտվում են բոլորը, բայց յուրաքանչյուրը յուրովի է ընկալում ու մեկնաբանում»։ Ուշագրավ է, որ այս զավեշտալի քննարկման ավարտին «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը գովեստի խոսքեր չխնայեց Մնացականյանի հասցեին՝ ասելով, որ դեռ իր վարչապետության ժամանակ պատիվ է ունեցել շփվել նման «գիտնականի» հետ։ Ասաց նաեւ, որ հիացած է Մնացականյանի ներկայացրած օրենքով ու կողմ է քվեարկելու։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներն էլ «վերապահումով» կողմ քվեարկեցին՝ զգուշացնելով, որ եթե առաջիկայում չանդրադառնան բարձրացված հարցերին, լիագումար նիստի ժամանակ դեմ կքվեարկեն։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**