Իջեվանի քաղաքապետն օգնելու փոխարեն խոչընդոտում է

Իջեվանի քաղաքապետն օգնելու փոխարեն խոչընդոտում է
Իջեւանի բնակիչ, Արցախյան պատերազմին մասնակցած ու վիրավորված Արամայիս Համբարձումյանը Իջեւանի քաղաքապետարանի թեթեւ ձեռքով կրակն է ընկել իր կառուցած շինության ձեռքը։ Նա 2012 թվականին Իջեւան քաղաքի Սպանդարյան 1/72 հասցեում քաղաքապետարանի կողմից 99 տարի վարձակալության կարգով հատկացված ամայի հողատարածքի վրա շինություն է կառուցել։ Նպատակն էր՝ այնտեղ իրականացնել մեծ մեքենաների, գյուղտեխնիկայի վերանորոգում։ Բայց շինությունը մինչ օրս չի կարողանում շահագործել, քանի որ քաղաքապետարանն ու քաղաքապետ Վարդան Ղալումյանը նրա համար խոչընդոտներ են հարուցում։



«2012 թվականին կառուցել-ավարտել եմ սպասարկման սրահը, էն ժամանակ խոչընդոտներ չկային, 2015 թվականին շենքն աֆորմիտ ենք արել, հիմա էլ ինչ-ինչ խախտումներ են եղել, էդ խախտումները ճշտել ենք, ճշտելուց հետո երկու հարեւաններն ունեն հակառակ կողմից մուտքեր, ուզում են լրացուցիչ մուտքեր բաց անեն, բայց եթե նրանք դարպասներ են բացում, դրանք ինձ կխանգարեն, մեքենաների կանգնելու տեղ չի լինի։ Հիմա ես էլ դիմում եմ, որ էդ հողն իմ կողմից բարեկարգված, բայց համայնքի տարածք է, խնդրում եմ հատկացրեք ինձ, որպեսզի ժամանակավոր կայանատեղ լինի։ Եթե դու նրանց լրացուցիչ խոդեր ես տալիս, մեծ մեքենա որ գա, ո՞նց է կանգնելու։ Եթե իմանայի, ժամանակին չէի կառուցի էդ բոքսը»,- մեզ հետ զրույցում ասաց **Արամայիս Համբարձումյանը**։



Նա նաեւ սալիկներ է բերել-լցրել շինության բակում, որպեսզի բարեկարգի տարածքը, սակայն քաղաքապետարանն արգելում է, սալիկներն էլ այդպես մնացել են բակում, հիմա էլ, ըստ Համբարձումյանի, քաղաքապետարանը եկել ու տուգանել է իրեն այդ սալիկների՝ այդտեղ լինելու համար։ Քաղաքացին բազմիցս դիմել է քաղաքապետ Ղալումյանին, բայց վերջինս որեւէ կերպ չի փորձել հարցին լուծում տալ, դեռ մի բան էլ սկսել է լրացուցիչ խոչընդոտներ հարուցել նրա համար։ Քաղաքացին մի քանի անգամ բողոքի ակցիաներ է արել կառավարության շենքի դիմաց, բաց նամակով դիմել է իշխանություններին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Մենք զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետ **Վարդան Ղալումյանին**՝ հասկանալու իրավիճակը, նրա մեկնաբանությունն ստանալու։ Բայց նա որեւէ կերպ չցանկացավ պատասխանել մեր հարցերին, անգամ չլսեց հարցը, ավելին՝ խոստացավ, որ մամուլի խոսնակն էլ չի պատասխանի, եթե զանգահարենք։ Չհասկացանք, թե որն էր պատճառը։



Փաստորեն, Իջեւանում տարեց մարդը փորձում է փոքր ու միջին բիզնես հիմնել, տարիներով շինարարություն է անում, որ հետո այն իր նպատակին ծառայեցնի, իսկ տեղական իշխանությունները դրան աջակցելու փոխարեն խոչընդոտներ են առաջացնում։ Մինչդեռ կառավարությունը հայտարարել է, որ փորձելու է ամեն գնով նպաստել փոքր ու միջին բիզնեսի կայացմանը հատկապես մարզերում։ Հիմա կա՛մ կառավարությունն է սխալ ճանապարհ որդեգրել այս հարցում, կա՛մ մարզային չինովնիկներն են կառավարության քաղաքականությունն իրենց անձնական շահերով տապալում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**