Այսպիսի Ամանոր դեռ չէինք ունեցել

Այսպիսի Ամանոր դեռ չէինք ունեցել
Սա այն դեպքն է, երբ չենք  կարող շնորհակալություն չհայտնել մեր ընթերցողներին: Առավել հաճելի է, երբ մեր աշխատանքը նպատակին է ծառայում:



Հիշեցնենք, որ մինչ Ամանորը **hraparak.am**-ը անդրադարձել էր Գյումրիում ապրող 36–ամյա Ժաննա Տեփանյանի եւ նրա 2,6  տարեկան դստեր՝ Մարիամիկի պատմությանը : Փոքրիկ Մարիամիկից ծննդյան պահից հրաժարվել էր հայրը :



Ժաննան պատմում էր. «Երբ ամուսնացա, ամուսնուս ընտանիքն իմացավ, որ հղի եմ, երեխան աղջիկ է, վերջնագիր ներկայացրեցին, երկու քարի արանք դրեցին: Ասացին՝ կամ պիտի չունենաս, կամ կգնաս հերանցդ տուն: Ծնողներս չթողեցին, որ երեխայից հրաժարվեմ, տարիքս մեծ էր, որոշեցի ունենալ: Հայրս բերեց իրենց բակի մեջ, էս ավտոտնակում տեղավորվեցի: Մերոնց տանը չէի կարող մնալ, շատ են, հազիվ իրենք են տեղավորվում: Գրանցում չունեմ, միայն երեխային եմ գրանցել, որ գոնե եղբորս երեխեքի հետ նպաստ ստանան, ընդամենը 7 հզր դրամն է իմը: Հիմնականում եղբայրս է սննդի հարցերը հոգում, բայց դե իր ստացածն էլ 60 հզր դրամ է, հազիվ է հասցնում»:



Ավտոտնակը, որտեղ բնակվում են նրանք, զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից: Ժաննայի ասելով աշխատել շատ է ուզում, բայց Գյումրիում մինչև 3 տարեկան մանկապարտեզ չեն վերցնում, երեխային խնամող չկա:



Փոքրիկ Մարիամիկի երազանքն այս Ամանորին տոնածառ ունենալն էր, իսկ մոր՝ Ժաննայի ցանկությունն այլ էր ՝ դստեր համար  փափուկ  անկողին, տաք շորեր եւ փոքրիկ պահարան :



Ուրախությամբ պետք է նշենք, որ մեր անդրադարձից հետո Ժաննան ու փոքրիկ Մարիամիկը շատ այցելուներ  են ունեցել: «Ես բոլորից անչափ  շնորհակալ եմ: Այսպիսի Ամանոր դեռ չէինք ունեցել»,-ասում է Ժաննան՝ ցույց տալով երջանկության մեջ փայլող փոքրիկին, որ պտտվում էր տոնածառի շուրջ: Ֆեյսբուքի օգտատեր Զառա Գալստյանը Մարիամիկի երազանքն էր իրականացրել՝ նվիրելով  գեղեցիկ զարդարված տոնածառ: Օգնենք հայ մանուկներին կազմակերպությունն էլ իրականացրեց մոր ցանկությունը. Մարիամիկը հարմարավետ օրորոցում կքնի: Ընտանիքին օգնել են շատերը:  Բարի մարդիկ փոքրիկին շորիկներ, քաղցրավենիք, խաղալիքներ ու  պահարան են նվիրել: Ժաննան, հուզմունքը զսպելով բոլորի անունները մեկ առ մեկ թվելով, շնորհակալություն հայտնեց: Մենք նույնպես կրկին շնորհակալություն ենք հայտնում մեր ընթերցողներին եւ այն բարեխիղճ մարդկանց, ովքեր նկատեցին եւ  ձեռք մեկնեցին ընտանիքին ՝ մեծ ուրախություն պարգևելով  փոքրիկ աղջկան: