Թեհրանում պարսկերեն լույս է տեսել Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը

Թեհրանում պարսկերեն լույս է տեսել Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը
Անցած շաբաթ Թեհրանում մեծ տպաքանակով լույս է տեսել գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Այն Հայաստանում համարվում է ամենավաճառվող բեսթսելլերներից մեկը (տպագրվել է 2013թ., վերահրատարակվել 2014, 2015, 2017թթ., ընդհանուր՝ 10.000 տպաքանակով):



Գիրքը թարգմանել է պարսկահայ հայտնի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը: «Մենակը» վեպը հեղինակի պարսկերեն թարգմանված երկրորդ գիրքն է: Առաջինը «Ռեզիդենտը» վեպն է, որը թարգմանել է պարսիկ դիվանագետ Հոսեյն Թաբաթաբայը 2015 թվականին: Ընթերցողների պահանջով Թեհրանում այն մեծ տպաքանակով վերահրատարակվել է 2016 և 2017 թ.թ.: Պարսիկ հանրահայտ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին, պարսկերեն ընթերցելով վեպը, որոշել է բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ նկարահանել:



Բ. Աֆղամին ժամանել է Երևան և պայմանավորվածություններ ձեռք բերել վեպի հեղինակի հետ: Ֆիլմը կլինի 12 մասից: Սցենարի հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է: Ֆիլմի ստեղծագործական խումբն արդեն աշխատում է: Բազմասերիանոցի առաջին երեք մասի սցենարն արդեն գրվել է և ուղարկվել Թեհրան: Սա առաջին դեպքն է, երբ հայ ժամանակակից գրողի վեպը ֆիլմի է վերածում արտերկրի հանրահայտ կինոռեժիսորը: