Ինգուշները նվաստացնում են «Comedy Club»-ի հայերին (ֆոտո, վիդեո)

Ինգուշները նվաստացնում են «Comedy Club»-ի հայերին (ֆոտո, վիդեո)
Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ շուրջ տասը օր Մոսկվայում իսկական հայ-ինգուշական միջազգային «հակամարտություն» է ծավալվում։ Կռվախնձոր է դարձել «Comedy Women» նախագծի ընթացքում բեմադրված մի անմեղ հումոր, որի ընթացքում մի շարք երիտասարդ մարմնավաճառների են ներկայացնում, որոնցից մեկը վերջում ասում է, որ տիրապետում է ինգուշերենին, ինչից կարելի է ենթադրել, որ մարմնավաճառների թվում կան ինգուշ ազգի ներկայացուցիչներ։



Հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո, «TNT» հեռուստաընկերություն են ներխուժում շուրջ 50 զինված ինգուշ տղամարդիկ, որոնք պահանջում են հանդիպում հեռուստաընկերության ղեկավարության հետ։ Նշված տղամարդիկ պաշարում են հեռուստաընկերության շենքը մինչ երկու ավտոբուս ռուսական «ОМОН»-ի ներկայացուցիչների ժամանումը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը, ավելի ճիշտ՝ գլխավոր տնօրեն Անդրեյ Լեւինը տեղում փորձում է հարթել իրավիճակը, սակայն ինգուշները պահանջում են հեռացնել իրենց կանանց, աղջիկների եւ մայրերի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող տեսանյութը համացանցից եւ նմանատիպ տեսանյութ թողարկել ու ներողություն խնդրել ողջ ինգուշ ազգից։



Թվում է, թե իրավապահ մարմինները պետք է սաստեին տաքարյուն կովկասցիներին, սակայն նման բան ոչ միայն տեղի չի ունենում, այլեւ սպառնալիքները շարունակվում են նաեւ հետագա օրերին։ Շուտով համացանցում է հայտնվում մի ինգուշ հեղինակության ուղերձ, որն իրեն վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս մասնավորապես «Comedy Club»-ի հայ ղեկավարության, հայ աստղերի եւ ողջ հայ ազգի հասցեին։ Տեսանյութում նա նաեւ ասում է, որ շուտով հեռուստանախագծի ողջ կազմն անհատապես եւ միասին ներողություն կխնդրի ինգուշ ազգից։ Եվ այդպես էլ լինում է։ Սկզբում նման ուղերձով հանդես է գալիս Անդրեյ Լեւինը, ապա իր ինստագրամի էջում ներողություն է խնդրում տվյալ բեմադրության մեջ գլխավոր դերը մարմնավորած դերասանուհի Եկատերինա Սկուլկինան, ապա նաեւ հատուկ տեսանյութ է թողարկվում «Comedy Club»-ի գրեթե բոլոր հիմնական դերակատարների մասնակցությամբ։ Նման նվաստացուցիչ պահվածքն իր վիդեոուղերձներից մեկում մեկնաբանել եւ քննադատել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Նա մեղադրել է «Comedy Club»-ի ղեկավարությանը թուլակամության եւ վախկոտության մեջ՝ ասելով, որ նման պահվածքի դեպքում իրենք պարտավոր են ներողություն խնդրել յուրաքանչյուր անգամ ռուս թեթեւաբարո կանանց, կամ հարբեցող տղամարդկանց, կամ որեւէ այլ ազգի ներկյացուցչի հետ կապված արատավոր երեւույթների մասին հումորներ անելուց հետո։



Խնդրահարույց տեսանյութը հեռացվել է համացանցից։ Կից ներկայացնում ենք վերը նշված խնդրի հետ կապված առկա հիմնական տեսանյութերը։



ՀԳ Սեղմեք լուսանկարի վրա սլաքին եւ դիտեք տեսանյութերը։



Մարիամ Մարգարյան