Ես նամակ եմ գրել ձմեռ պապիկին, որ իմ համար տաք շորեր ու կոշիկ բերի

Ես նամակ եմ գրել ձմեռ պապիկին, որ իմ համար տաք շորեր ու կոշիկ բերի
6-ամյա Արտյոմ Սարգսյանի ընտանիքը բնակվում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում՝ վագոն-տնակում՝ զուրկ տարրական պայմաններից: 28-ամյա Հասմիկը հազիվ է զսպում արցունքները, զրուցում էր մեզ հետ եւ ցույց տալիս, թե ինչ պայմաններում են ապրում. «Ես Արտաշատի աղջիկ եմ, Գեղհովիտ հարս եմ եկել: Երկար տարիներ վարձով ապրելուց հետո, 3 տարի է ինչ մի հատ դոմիկ ենք առել, հիմա դոմիկում ենք ապրում ես, ամուսինս, 2 անչափահաս երեխաներս եւ սկեսուրս: Գյուղից կտրված ենք, հարեւանի տունը մեր տնից 400մ հեռավորության վրա է: Դոմիկի թիթեղները տեղ-տեղ կոտրված են, ձյունը գալիս, հետո հալվում ա, ջուրը լցվում է դոմիկի մեջ: Հատակը փտած ա: Ջուրը կրում ենք, ճաշ եփելը լողանալը, մի սենյակի մեջ է: 2 տարի դոմիկում առանց լույսի ապրել ենք: Դիմել ենք գյուղապետարան, մարզպետարան, նոր լույս են քաշել, պատճառաբանում էին, որ փայտե դոմիկ ա, չի թույլատրվում էլեկտրական լար քաշել: Անգամ նպաստ չենք ստանում, ինչ ա որ մի հատ դարն ապրած ավտո ունենք: Ջահել ընտանիք ենք, ես ու ամուսինս չենք նեղվում աշխատանքից, միայն թե աշխատանք չկա, որ աշխատենք: Ամռանը գնում ենք մոտակա գոմերը աթար ենք չորացնում, որ ձմեռը վառենք»:



Մինչ զրուցում էինք Հասմիկի հետ, դպրոցից տուն եկավ 9-ամյա Պարույրը, ողջունեց եւ արագ դուրս գնաց վառարանի համար վառելիք բերելու: Հասմիկը ասում է, որ Պարույրը լավ է սովորում, պարապ մնալ չի սիրում: Պարույրն արդեն որոշել է. շինարար է դառնալու, որ կարողանա իր ամենամեծ երազանք ի կատար ածել. «Դպրոցում ինձ միշտ ասում են, դու քարուքանդ դոմիկում ես ապրում: Մի անգամ էլ կռվել եմ ընկերներիս հետ, ասել եմ, որ ինձ չասեն չունեւոր, որ քարուքանդ դոմիկ ա, բայց իմ համար տուն ա, որ ապրում եմ: Ես իրենց չեմ պատասխանում, բայց շատ եմ նեղվում: Ընկերներս իմ հետ չեն շփվում, մեր տուն չեն գալիս: Ես որոշել եմ մի քիչ էլ մեծանամ պապայիս կօգնեմ, որ մեր տունը շարենք»:



6-ամյա Արտյոմը մյուս տարի դպրոց կգնա: Հասմիկը ասում է, որ մանկապարտեզ չի գնում, քանի որ շատ հեռու է, եւ հագուստ ու կոշիկ չունի, չնայած այն բանին, որ գյուղապետարանից ասել են՝ վարձը կվճարենք: Փոքրիկի երազանքը տաք շոր եւ կոշիկ ունենալն է. «Անցած տարի ձմեռ պապին ինձ կոնֆետ եւ ավտո բերեց: Ես էլի նամակ եմ գրել ձմեռ պապիկին, ուզում են, որ իմ համար տաք շորեր ու կոշիկ բերի, որ հագնեմ, մանկապարտեզ գնամ»:



Խմբ․ կողմից․ Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել՝ 098 13 25 85 Հասմիկին:



**Նելլի Կարապետյան**