Նկարում եմ, երբ տրամադրությունս փչացրած չեն լինում

Նկարում եմ, երբ տրամադրությունս փչացրած չեն լինում
Բարեկամության անցումում «Կոշիկի վերանորոգում» ցուցանակով կրպակ կա, որի ապակու միջից երևում է ջինսե վերնաշապիկով երիտասարդ` թուղթն ու մատիտը ձեռքին: Ներսում բարձր երաժշտություն է, կոշիկի վերանորոգմանը վերաբերող իրեր, թղթեր, մատիտներ, պատին փակցված արդեն պատրաստի նկարներ:



Դավիթը և՛ կոշկակար է և՛ նկարիչ: Երբ ասացի, որ երիտասարդ կոշկակար տեսնելով մարդիկ զարմանում են, ժպտաց. «հիմա երեսուն տարեկան եմ` զարմանում են, իսկ երբ տասնչորս էի, ի՞նչ էին անում»: Մասնագիտության ընտրության մասին պատմում է. «Երևի շատ պարապ էի դպրոցից հետո, սովորեցի: Պապան սկսել էր, հետո ես շարունակեցի, ես հիմա իրենից շատ բան գիտեմ: Հիմա երկուսով էլ աշխատում ենք բայց դժվար գործերը ես եմ անում»:



Դավիթը, իր խոսքով «կոշիկին ու կաշվին վերաբերող ամեն ինչ անում է: Զբաղվում է նաև կոշիկների մոդելավորմամբ՝ չնայած փորձը քիչ է: Հայտնի ասացվածքին հակառակ էլ` կոշկակարի կոշիկը ծակ չէ. «Իմ բոլոր կոշիկները ես եմ կարում, իմ արտադրածն է: Համ ավելի էժան է, համ էլ իմ կարածն ավելի երկար եմ հագնում»: Դավիթը նկարում է միայն, ընդունված է ասել` սև հասարակ մատիտով բայց իրականում «սև հասարակ»-ը ավելի շատ մոխրագույնին է մոտ: Ասում է` էդպես է դուր գալիս: Նկարչության ու իր կապի մասին էլ պատմում է. «Մի քանի տարի առաջ մի աղջկա համար դիմանկար պատվիրեցի, սրտովս չէր, ասացի` ավելի լավ է ես նկարեմ, ու ստացվեց: Մոսկվայում նկարչության դասերի եմ գնացել մոտ մեկ ամիս, շատ դիմանկարներ եմ նկարում բայց այլ նկարներ էլ ունեմ: Նկարչությամբ գումար չեմ վաստակում, ամեն նկարը երեսունից քառասուն ժամում եմ նկարում, աշխատանքից պարապ ժամանակ կամ էլ երբ տրամադրությունս փչացրած չեն լինում»:



Տասնութ տարի Մոսկվայում է ապրել, հետո եկել է Հայաստան` բանակում ծառայելու: «Երբ եկա, Մոսկվայի կյանքը էստեղի կյանքի հետ էի համեմատում ու համարում էի, որ էնտեղ էր լավ: Մի քանի տարի Հայաստանում ապրելուց հետո մի տարով գնացի Մոսկվա, բայց արդեն չուզեցա էնտեղ ապրել: Ժողովուրդը դուր չեկավ, շրջապատս ընդհանրապես չէր փոխվել, իսկ ես մեծացել էի»:



Վերադառնալը, բանակ գնալը պարտադրված չի եղել, իր որոշումն էր: Հայրենիքի, հերոսությունների մասին Դավիթը կարճ է խոսում` առանց հուզականության. «Էնտեղ` բանակում, մի բան անելիս չեն մտածում, որ հերոս են, ուղղակի պարտավոր են անել ու անում են»: Դավիթն ասում է, որ դպրոցում շատ վատ է սովորել. «Փոքր էի տարիքով, շուտ էին տարել դպրոց, երևի չէի հասկանում, հետո երբ մեծացա, արդեն ուզում էի սովորել, էլի չէի հասկանում անցածը պիտի կրկնեի: Մի առարկա կար, որ շատ հեշտ էր տրվում` կենսաբանությունը, կյանքում գիրքը չէի բացել, բայց հինգ էր: Առաջին դասարանը հայկական դպրոց եմ գնացել, երկրորդ-երրորդը` Ուկրաինայում հետո արդեն Ռուսաստանում, ու խառնաշփոթ էր ստացվել, դա խանգարեց, բայց ընդհանրապես դպրոցը կարևոր է, որովհետև... չնայած` չես կարող ասել: Ուղղակի պիտի դպրոցում էնպես անեն, որ երեխան սիրի սովորելը, բայց ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում»:



Բարձրագույն կրթություն էլ չունի, բայց պետքական՝ անգամ անհրաժեշտ է համարում: Հետո պատմում է այլ դեպքերի մասին. «Շատ ծանոթներ ունեմ, ովքեր սովորել են դիպլոմ ունենալու համար: Աշխատել չեն ուզել, գաղափար չեն ունեցել` ինչ են սովորել, դասերին էլ չեն գնացել, ընդամենը հիմա տանը դիպլոմ ունեն, բայց ուրիշ գործով են զբաղվում»: Սա է պատճառը, որ չի գնում համալսարան` դիպլոմի ետևից: Ասում է` երիտասարդները վերջերս սկսել են կրթությանն ուշադրություն դարձնել, լավ են սովորում, բայց մեկ էլ հիշում է. «Մարկ Շելլերն էր ասել` կրթությունը կիրթ լինելու հետ կապ չունի: Մեզ մոտ հիմնականում կրթված են, բայց կիրթ չեն»: Հարցնում եմ` գիրք կարդո՞ւմ է: Կոշիկի վերանորոգման համար նախատեսված սեղանի ներքևի «հարկից» հանում է մեկն օրինակի համար, թեպետ դա եղած միակ գիրքը չէ:



Խնամքով կազմած է Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը»՝ ռուսերենով: Ասում է` հետաքրքրված է հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ, ազատ ժամանակ կարդում է: Դավիթը շփվում է նրանց հետ ումից կարող է մի բան սովորել: Կարևորում է նաև ինքնակրթության դերը, բայց սեփական օրինակով ասում է, որ դա հաճախ ճիշտ չէ:



«Ես, օրինակ, նկարում եմ ոչ ոք չի սովորեցրել ինքս եմ սովորել, բայց սխալ եմ նկարում: Ինձ մի լավ նկարիչ էլ նույնն ասաց: Գիտեմ, որ ինձ մոտ լավ է ստացվում, բայց ճիշտ չի ստացվում»: Ավարտում ենք, երաժշտության ձայնն էլի բարձրանում է իրար չլսելու աստիճանի, Դավիթը վերցնում է թուղթն ու մատիտը, արվեստի հետ կապ է հաստատում, մինչ այն կընդհատեն արհեստի հետ կապված գործով:



**Կորյուն Սիմոնյան**