Դասադուլի օրերին ԵՊՀ-ի մարտական պատրաստության ակումբի թիմը փոխվել է․ պատճառը ԵՊՀ-ին չենթարկվե՞լն է

Դասադուլի օրերին ԵՊՀ-ի մարտական պատրաստության ակումբի թիմը փոխվել է․ պատճառը ԵՊՀ-ին չենթարկվե՞լն է
Մեր տեղեկություններով՝ անցած ուրբաթ օրը ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը ԵՊՀ ուսանողական մարտական պատրաստության ակումբի տնօրենին և ղեկավար կազմին հեռացրել է ակումբից:



Պատճառը եղել է տարկետման վերացման դեմ ուսանողական դասադուլների և հացադուլների ժամանակ ԵՊՀ ղեկավարությանը չենթարկվելը և «անկարգ դասադուլավոր» ուսանողներին աջակցելը: Ալիկ Ղարիբյանը քանիցս հորդորել է ԵՊՀ ուսանողական մարտական պատրաստության ակումբի անդամներին զերծ մնալ և չաջակցել տարկետման վերացման դեմ ուսանողական դասադուլներ և հացադուլներ կազմակերպող իրենց ուսանող ընկերներին: Նշեք նաև, որ ԵՊՀ ուսանողական մարտական պատրաստության ակումբը ձևավորվել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, և այդ ակումբի հիմադիրները կամավոր մեկնել էի, առաջնագիծ։



Ալիկ Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դրա հետ ոչ մի առնչություն չունի․ «Ուսանողական մարմինները իրենք են ընտրում իրենց կառույցները, դա իմ գործառույթի մեջ ընդհանրապես չի մտնում»։



ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց մասնակի՝ հերքելով, որ Ալիկ Ղարբյանն է «պատճառը» նախկին ղեկավարի հեռացման։ «Մարտական պատրաստության ակումբը ձեւավորվել է 2 տարի առաջ, այս ընթացքում փոխել է 2 նախագահ։ Հիմա էլ նախագահը Գեւորգ Մանուկյանն է, խնդիրը ինչո՞ւմն է։ Մի տարի առաջ եղել է ներկայիս ուսխորհրդի նախագահը, հիմա էլ Գեւորգ Մանուկյանն է, ո՞րն է խնդիրը Ձեր»,-նշեց նա։



Վարագյանի խոսքով՝ ակումբի նախկին ղեկավարը Ալիկ Ղարիբյանին չի ճանաչում, եւ ոչ էլ վերջինս է նրան ճանաչում․ «Մարտական պատրաստության ակումբի հետ աշխատում եմ ես, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, ինչպես նաեւ մյուս ուսանողական կազմակերպությունների հետ։ Եվ այստեղ ռեկտորի աշխատակազմի ղեկավարը որեւէ շփում չունի ուսանողական կառույցների հետ»։



Նրա խոսքով՝ ակումբի հրամանատարական կազմը փոփոխվել է․ «Իմ հետ զրույցի ընթացքում, ինձ հետ զրուցել են, որի արդյունքում որոշում է կայացվել, որ ակումբի հրամանատարական կազմը պետք է փոփոխվի եւ նոր հրամանատարական կազմ պետք է ձեւավորվի։ Որեւէ պատճառ չկա, սովորական աշխատանքային հարաբերություններ են, աշխատանքային գործընթացներ են»։



Մեզ տեղեկություններ էին նաեւ հասել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը եղել է այդ ակումբի հիմնադիրներից մեկը, եւ մարտական պատրաստության ակումբի անդամները դասադուլի օրերին պնդել են, որ կանգնած են իրենց ընկերոջ՝ Դավիթի կողքին։



Դավիթը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ընկերները եղել են ակումբի անդամներ, սակայն հրաժարվեց խոսել այդ մասին, քանի որ, ինչպես ինքը նշեց, դա իրեն չի վերաբերվում․ «Մարտական պատրաստության ակումբը մեզ չի աջակցել, ոչ էլ դեմ է եղել։ Դա այն հարցն է, որը իրենց պետք է տաք»։



Նրա խոսքով՝ ինքը չի եղել ակումբի հիմնադիրներից, պարզապես այն տղաները, որոնք հիմնադրել են մարտական պատրաստության ակումբը քառօրյա պատերազմի օրերին, իր հետ ծառայել են նույն զորամասում եւ դեռ ծառայության օրերին միտք են ունեցել՝ ստեղծելու նման ակումբ։



Իսկ թե ի՞նչ պատճառով են նախկին անդամները լքել ակումբը, Դավիթ Պետրոսյանը չմեկնաբանեց։



**Աննա Պապիկյան**