Ռուսերեն չեն հասկանում, բայց դե գործից գլուխ են հանում․ Չինաստանի դեսպանատունը ինտենսիվ կառուցում են

Ռուսերեն չեն հասկանում, բայց դե գործից գլուխ են հանում․ Չինաստանի դեսպանատունը ինտենսիվ կառուցում են
Երեւանում կառուցվում է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատունը։ Այն Եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդն է՝ ՌԴ-ում Չինաստանի դեսպանատնից հետո։ Դեսպանատունը տեղակայված է Ծովակալ Իսակովի պողոտայում և զբաղեցնում է 40 հազար քմ տարածք, որը ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց հիմունքներով է տրամադրվել Չինաստանին։ Դեսպանատան հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 9-ին, որին մասնակցել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն ու Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը։ Ներկայումս դեսպանատան շինարարության աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում։Արդեն երևում են դեսպանատան շինության պատերը, առկա են համապատասխան տեխնիկաները։ Աշխատանքները իրականացնում են ոչ միայն չինացի, այլև հայ բանվորներ։ Վերջիններս մեզ թուլ չտվեցին տարածքում նկարահանումներ անել՝ պատճառաբանելով, որ ղեկավարությունից ոչ ոք տեղում չէ։ Բանվորներից մեկի խոսքով՝ չնայած չինացի շինարարներին չեն հասկանում, բայց, այդուհանդերձ կարողանում են միասին աշխատել․ «Իրենք ռուսերեն չեն հասկանում, բայց դե գործից գլուխ են հանում, յոլա ենք գնում էլի»,- մեզ հետ զրույցում ասաց հայ բանվորներից մեկը։ Հիշեցնենք, որ Հայաստանում Չինաստանի կառուցվող դեսպանատունը իր չափերով զիջում է միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, որը զբաղեցնում է 90,469 քառակուսի մետր տարածք, և իր կառուցման ավարտին՝ 2005 թ. եղել է խոշորագույն ամերիկյան դեսպանատունն աշխարհում։



**Կորյուն Սիմոնյան**