Ո՞վ է մեղավոր երկաթուղային պատահարի դեպքում

Ո՞վ է մեղավոր երկաթուղային պատահարի դեպքում
Երեկ Վանաձորում տեղի ունեցած վրաերթն ստիպեց մեզ անդրադառնալ ՀՀ-ում երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության նորմերի պահպանմանը: Հիշեցնենք, որ Վանաձորի 26-ամյա բնակիչը վրաերթի էր ենթարկվել՝ ընկնելով բեռնատար գնացքի տակ, բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մինչ անվտանգության նորմերին անցնելը, ներկայացնենք վերջին տարիների վիճակագրությունը, որոնց մեջ ներառված են ավտոտրանսպորտի, հետիոտների, ինչպես նաև տնային անասունների վրա գնացքների վրաերթերը:



Մեր հարցին ի պատասխան՝ ՀԿԵ-ից հայտնեցին, որ 2008 թ.–ին գրանցվել է 19 դեպք, 2010 թ.–ին` 29, 2012-ին՝ 47, 2013-ին՝ 25, 2014-ին՝22, 2015-ին՝18, 2016-ին՝24, իսկ ահա 2017 թ-ին կարծես թե աճ է նկատվել: 2017 թվականի միայն տարեսկզբին երկաթուղում արդեն գրանցվել է ավտոմեքենաների և գնացքների բախման 4 դեպք: Գրանցվել են նաև մի քանի միջադեպեր, որոնք մարդկային կյանք են արժեցել: Տարին ամփոփվելու է ոչ այնքան հուսադրող արդյունքներով: Իսկ ահա երեկվա վանաձորյան դեպքի հետ կապված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից փոխանցեցին, թե պատահարի պատճառ է հանդիսացել քաղաքացու կողմից երկաթուղում անվտանգության նորմերի անտեսումը: Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը փորձել է անցնել այն տարածքով, որտեղ արգելվում է քայլել երկաթուղային գծերի վրայով: Ընկերությունից վստահեցնում են, որ հետիոտների համար նախատեսված անցումներ կան, դրանք ծառայողականներն են, որտեղ հատուկ արգելող պաստառներ չկան:



«Հարավկովկասյան երկաթուղուն» ուղղված մեր հաջորդ հարցն այն էր՝ արդյոք պատշաճ իրազեկում արվում է քաղաքացիներին: «ՀԿԵ-ն իրականացնում է անվտանգության նորմերի պահպանման համար բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկաթուղային կայարաններում տեղադրված են զգուշացնող նշաններ, տեղեկանքներ բնակչության համար, համապատասխան ձևով կահավորված են գծանցները: Սակայն գնացքների արագությունների և բեռնվածությունների աճի պարագայում դժբախտ պատահարների վիճակագրությունը դեռ աճի միտում ունի: Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը... Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին»,-վստահեցնում է ընկերությունը:



Ի դեպ, ՀԿԵ-ում գործում են երկաթուղային այնպիսի հատվածներ, որտեղ արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ: Այս տեսակետից առավել վտանգավորների շարքում են Մասիս-Արմավիր, Երևան-Գյումրի, Դալարիկ-Արտենի-Քարակերտ հատվածները: Նշված հատվածներում հաճախ են հետիոտները, վարորդներն ու հովիվները հատում երկաթուղային ուղիները չսահմանված վայրում:



Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:



**Արևիկ Հակոբյան**